Մինչև 1920-ը առավել խոշոր գրադարանները եղել են Հայաստանից դուրս։ Վենետիկի և Վիեննայի Մխիթարյան միաբանություններում, Երուսաղեմում և այլ վայրերում, ձեռագիր մատյաններից բացի, հավաքվել են նաև հայագիտական գրքեր, պարբ. մամուլի հավաքածուներ։ Մեծ ճանաչում է ունեցել Մոսկվայի Լազարյան ճեմարանի գրադարանը, որտեղ 1910-ական թթ-ին կար ավելի քան 45 հազար միավոր գիրք։
Կարևոր դեր են կատարել բարեգործ․ և լուսավոր․ ընկերությունները, որոնք հիմնել են գրադարաններ, գավառներում բացել են հանրային ընթերցարաններ. Կ. Պոլսի Ասիական ընկերությունը (XIX դ-ի 2-րդ կես) գրքեր է նվիրել Վանի և Զեյթունի դպրոցներին, Բաքվի Մարդասիր. ընկերության գրադարանը 1914-ին ունեցել է 22 հազար միավոր գիրք, ստացել 68 անուն պարբ., Կովկասի հայոց բարեգործ․ ընկերության (Թիֆլիս) գրադարանը 1917-ին ունեցել է 17 հազար միավոր գիրք, տարեկան սպասարկել է մոտ 40 հազար ընթերցողի։ Հայագիտական հարուստ գրադարաններ են ունեցել Հայոց ազգագր. ընկերությունը և Ներսիսյան դպրոցը՝ Թիֆլիսում, Սանասարյան վարժարանը՝ Կարինում, Կեդրոն, վարժարանը՝ Կ. Պոլսում և այլն։
Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից (1920) հետո գրադարանային գործին ցուցաբերվել է պետական հոգածություն, ստեղծվել են խրճիթ-ընթերցարանների և գրադարանների (հանրային, ուսումնական, գիտական, տեխ., արհմիութ. և այլն) լայն ցանց։ 1920-ական թթ-ին ՀԽՍՀ-ում կային 60 գրադարան և 245 խրճիթ-ընթերցարան։ Հետագա տարիներին հարստացել է գրադարանների գրքային ֆոնդը, բացվել են նորերը, բարելավվել է մասնագետ կադրերով դրանց ապահովումը, գրակ-յան մատակարարումը։
ՀԽՍՀ-ում գրադարանային գործը ղեկավարել և համակարգել է մշակույթի նախարարությանն առնթեր միջգերատեսչական գրադարանային պետական հանձնաժողովը։ 1986-ին ՀԽՍՀ-ում կար մոտ 3,3 հազար գրադարան՝ 47 մլն միավոր գրքով։
ՀՀ Կառավարության 1997-ին ընդունած որոշումներով՝ մարզկենտրոնների կենտրոնական գրադարանները վերակազմավորվել են մարզային գրադարանների՝ ՀՀ մշակույթի նախարարության համակարգում, տեղական մյուս գրադարանները հանձնվել են համայնքներին։
ՀՀ գրադարանային հավաքածուների պահպանությունն ու համալրման անընդհատության գործընթացի ապահովումը, հանրապետության բնակիչների համար գրադարանային-տեղեկատվ. սպասարկման ծառայությունների մատչելիությունն ու հավաքածուների հասանելիությունը, գրադարաններում ժամանակակից տեղեկատվ. տեխնոլոգիաների ներդրումն ու կիրառումը պետական մշակութային քաղաքականության կարևոր ուղղություններից են։
«Գրադարանների մասին» ՀՀ օրենքով (2010) կարգավորվում են ազգային, հանրային, մասնագիտական, գիտական և մյուս գրադարանների գործառույթները, գրադարանային տեղեկատվ. սպասարկման ոլորտում ծագող խնդիրները և այլն։
Գրադարանային-տեղեկատվ. սպասարկման ծառայություններում ժամանակակից տեղեկատվ. տեխնոլոգիաների կիրառման առումով կարևոր էր 2002-ին «Հայաստանյան գրադարանների ավտոմատացված ցանցի» ստեղծումը, որտեղ ընդգրկվել են Հայաստանի ազգային, ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական, Հանրապետական գիտաբժշկ., Հանրապետական գիտատեխ., ԵՊՀ-ի գրադարանները և Հայաստանի ազգային գրապալատը, հետագայում նաև Խնկո-Ապոր անվան ազգային մանկ., Ավետիք Իսահակյանի անվան քաղաքային կենտրոնական և բուհ. 5 գրադարաններ։ Ցայսօր համահավաք քարտարանների տվյալների շտեմարանում մուտքագրվել են շուրջ 2 մլն մատենագիտական գրառումներ։
Վերջին տարիներին գրադարանային-տեղեկատվ. սպասարկման ծառայություններում նկատելի է էլեկտրոնային սպասարկման զարգացման միտումը, որի հետագա առաջընթացն ապահովելու նպատակով շարունակվում է կենտրոնացված կարգով գրադարանների համար տեխ. սարքերի և սարքավորումների ձեռքբերումը։
Գրադարանային ծառայությունների ոլորտում ուշագրավ նորություն է 2007-ին Հայաստանի ազգային գրադարանին Ֆրանսիայի Վանդեյ քաղաքի քաղաքապետարանի նվիրաբերած շրջիկ գրադարանը՝ «Բիբլիոբուսը»՝ 2000 միավոր գրակ-յամբ, որն սպասարկում է ՀՀ մարզերի հեռավոր և սահմանամերձ բնակավայրերի բնակչությանը։ «Բիբլիոբուսով» շրջանառության մեջ է դրվել նաև Հայաստանի ազգային գրադարանի ավելի քան 2500 միավոր գրականություն։
Գրադարանների գործունեության կարևոր ձեռքբերումներից է Հայաստանյան գրադարանների ընկերակցության, Հրատարակիչների միության, ՅՈՒՆԵՍԿՕ-ին կից Գրադարանների միջազգային դաշնային ընկերակցության հետ համագործակցությունը։
Ներկայումս ՀՀ-ում գործում է 983 գրադարան, որից 11-ը՝ մարզային, 135-ը՝ քաղաքային, 802-ը՝ գյուղ., 35-ը՝ մանկ.՝ շուրջ 20 մլն ընդհանուր գրքային ֆոնդով։ ՀՀ խոշոր գրադարաններից են մշակույթի նախարարության Հայաստանի ազգային, Խնկո-Ապոր անվան մանկ., երաժշտագիտական և 10 մարզային գրադարանները, Երևանի քաղաքապետարանի Ա. Իսահակյանի անվան քաղաքային կենտրոնական գրադարանը, ԳԱԱ հիմնարար գիտական, առողջապահ-յան նախարարության հանրապետական գիտաբժշկ., էկոնոմիկայի նախարարության հանրապետական գիտատեխ. գրադարանները, ԵՊՀ-ի, ՀՊՄՀ-ի, ՀՊՃՀ-ի, ՀԱՀ-ի, ԵՊԼՀ-ի և այլ բուհ․ գրադարաններ։
Սփյուռքում նույնպես գործում են հարյուրավոր հայկական գրադարաններ, որոնցից նշանավոր են Երուսաղեմի ձեռագրատունը, Վենետիկի և Վիեննայի Մխիթարյան մատենադարանները, Փարիզի Նուպարյան մատենադարանը ևն: