Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/741

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
Հայաստանի ազգային գրադարան

Հայաստանի ազգային գրադարանը (ՀԱԳ) ստեղծվել է 1832-ին՝ Երևանի գավառ. ուսումնարանի և արական գիմնազիայի գրադարանների գրքային ֆոնդերի հիման վրա։ 1919-ի հուլիսին «Պետական հանրային մատենադարանի մասին» օրենքով ստացել է պետական գլխավոր գրադարանի կարգավիճակ։ Գրադարանի կայացմանը մեծապես նպաստել է կուսակցական, պետական, ռազմ․ գործիչ Ալեքսանդր Մյասնիկյանը. 1925-90-ին գրադարանը կոչվել է նրա անունով։

Տարբեր տարիների կոչվել է Հանրային, Հայաստանի պետական հանրային, Հայաստանի հանրապետական, ՀԽՍՀ պետական, 1990-ից՝ ՀԱԳ։ Գրադարանը հայ տպագիր գրքի ամենախոշոր պահոցն է աշխարհհում, ունի 6,7 մլն միավոր գրականություն՝ ավելի քան 70 լեզվով։ Այն գիտակրթական, մշակութային, տեղեկատվ. խոշոր հաստատություն է, կապեր ունի շուրջ 40 երկրի 130-ից ավելի գրադարանների, մշակութահասարակական կազմակերպությունների և միավորումների հետ։

Գրադարանի գլխավոր մասնաշենքը կառուցվել է 1939-ին՝ Ալեքսանդր Թամանյանի նախագծով, հետագայում կառուցվել են ևս 3-ը՝ 1972-ին, 1976-ին և 1990-ին։

Գրադարանի ֆոնդերը ձևավորվել են պետական, հասարակական, գիտական ու մշակութային նշանավոր գործիչների անձն․ գրադարանների, կրթական և ուսումնական հաստատությունների հավաքածուների ու տարբեր երկրներից ստացված նվիրատվությունների հիման վրա։

Գրադարանն ունի գլխավոր գրապահոց, համալրման, գրքափոխանակության, արտաքին կապերի և զարգացման ծրագրերի, գրակ-յան մշակման և կատալոգների կազմման, հնատիպ, հազվագյուտ և արխիվային գրակ-յան, արվ-ի գրակ-յան և ոչ գրքային հրատ-ների, նոտային- երաժշտ. գրակ-յան, սպասարկման, բաժնույթների, մատենագիտության և գիտական հետազոտությունների, գրադարանային գործառույթների ավտոմատացման և էլեկտրոնային տեղեկատվ. սպասարկման, հանրության հետ կապերի և միջոցառումների կազմակերպման, տպագիր արտադրանքի վերականգնման ու հրատարակչական բաժիններ, 14 մասնագիտացված ընթերցասրահներ։ ՀԱԳ-ի հավաքածուներում կան բացառիկ արժեքավոր հրատ-ներ՝ Հակոբ Մեղապարտի լույս ընծայած հայերեն առաջին տպագիր գրքերը (Վենետիկ, 1512-1513), առաջին քարտեզը՝ «Համատարած աշխարհացոյցը» (Ամստերդամ, 1695), հայերեն առաջին պարբ-ը՝ «Ազդարարը» (Մադրաս, 1794) և այլն։

Գրադարանի ֆոնդերից օգտվում են 17 տարեկանից բարձր ՀՀ քաղաքացիները, ինչպես նաև արտերկրից ժամանած հյուրեր, տարեկան սպասարկվում է շուրջ 1,6 մլն հաշվառային միավոր, օրական գրադարան է հաճախում 900-1000 ընթերցող։

ՀԱԳ-ը հանրապետության էլեկտրոնային համահավաք կատալոգի ստեղծման և գրակ-յան թվայնացման կենտրոնն է։

Գրադարանում հաճախակի կազմակերպվում են հոբելյանական միջոցառումներ, գրքերի շնորհանդեսներ, ցուցադրություններ, կոնֆերանսներ, գիտաժողովներ և այլն։

Հիմնադրման 150-ամյակի առթիվ 1982-ին ՀԱԳ-ը պարգևատրվել է ԽՍՀՄ «Ժողովուրդների բարեկամություն» շքանշանով։