Էջ:Armenia Encyclopedia.djvu/742

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարան

ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի հնատիպ գրքերի պահոցը ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանը (ՀԳԳ) ստեղծվել է 1935-ին՝ ԽՍՀՄ ԳԱ Հայաստանի մասնաճյուղին (ԱրմՖԱՆ) կից։ Նախապես կոչվել է Կենտրոնական գրադարան, 1943-ից ՀՀ ԳԱԱ նախագահության ենթակայության ինքնուրույն ակադեմ. հաստատություն է։ ՀԳԳ-և շուրջ 3 մլն գրադարանային միավորով (856 հազարը՝ օտարալեզու) ՀՀ գիտական խոշորագույն գրադարանն է, գիտական տեղեկատվության կենտրոնը, ղեկավարում և համակարգում է ԳԱԱ համակարգի գիտական հիմնարկների 29 ճյուղային մասնագիտական գրադարանների (շուրջ 1,2 մլն գրադարանային միավոր) գործունեությունը։ Գրադարանում պահպանվում են գիտության և մշակույթի մի շարք հայ գործիչների անձն․ գրադարանների հիման վրա ստեղծված 27 անհատ․ ֆոնդեր, որոնք հարուստ են հատկապես մասնագիտական գրակ-յամբ։

Գրադարանի 5 մասնագիտացված ընթերցասրահների ծառայություններից տարեկան օգտվում է ավելի քան 20 հզ. ընթերցող։ ՀԳԳ-ն ակտիվ գրափոխանակություն է կատարում արտերկրի և ԱՊՀ շուրջ 60 երկրների 355 հաստատությունների հետ, գործում է արտասահմ. գիտական նորագույն հոդվածների որոնման, պատվիրման և ստացման ծառայությունը։ Գրադարանում հաճախակի կազմակերպվում են նորույթների և թեմատիկ ցուցահանդեսներ, ՀԳԳ-ն մեծապես աջակցում է ՊՆ-ի զորամասերում, մարզային դպրոցներում գրադարանների ստեղծմանը՝ տրամադրելով նրանց անհրաժեշտ գրականություն։

2003-ից «Հայաստանյան գրադարանների ավտոմատացված ցանցի» շրջանակներում սկսվել է գրադարանի գրքային ֆոնդի մատենագիտական էլեկտրոնային գրառումների մուտքագրումը։ Նույն թվականից ՀԳԳ-ի նախաձեռնությամբ հիմնվել է Հայաստանի էլեկտրոնային գրադարանների ցանցը։

Գրադարանն ունի հազվագյուտ և հնատիպ գրքերի ֆոնդ՝ բաղկացած XVI-XVIII դդ-ի հայերեն և այլ լեզուներով մեծարժեք հրատ-ներից։ 2010-ին ՀԳԳ-ն Բրիտ. գրադարանի «Վտանգված արխիվներ» ծրագրով ավարտել է հայ հնատիպ գրքի թվայնացումը։ Ընթացքի մեջ է 1801-ից հետո տպագրված հայատառ գրքերի փուլ առ փուլ թվայնացումը։

Երևանի պետական համալսարանի գրադարան

Երևանի պետական համալսարանի գրադարանն ստեղծվել է 1920-ին՝ Երևանի նախկին ուսուցչ. սեմինարիայի գրադարանի գրքային ֆոնդի (10 հազար միավոր) հիման վրա։ Հետագայում հարստացել է Էջմիածնի Գևորգյան և Մոսկվայի Լազարյան ճեմարանների, Երևանի թեմական դպրոցի և արական գիմնազիայի, Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի և այլ հիմնարկների, ինչպես նաև առանձին անհատների հավաքածուներով։ Խորհրդային շրջանում գրադարանի ֆոնդը տարեկան համալրվել է 55-60 հազար միավոր գրակ-յամբ, ստացվել են ԽՍՀՄ-ում հրատարակվող գրակ-յան պարտադիր գրեթե բոլոր օրինակները։

ԵՊՀ գրադարանը ՀՀ բուհ․ գրադարանների մեթոդ․ կենտրոնն է։ Ներկայումս ունի շուրջ 2 մլն միավոր գիրք, որից 1,2 մլն-ը՝ գիտական։ 1997-ին կոչվել է Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան. նրանց որդու՝ Տիգրան Իզմիրլյանի բարերարությամբ ԵՊՀ կենտրոնական շենքին կից կառուցվել է գրադարանի նոր մասնաշենքը (բացվել է 1994-ին)։

ԵՊՀ գրադարանն ունի համալրման, հաշվառման, փոխանակման, նվիրատվության և պահեստային, գրացուցակավորման, դասակարգման և առարկայավորման, մամուլի մշակման, նոր գրակ-յան մուտքագրման բաժիններ, միջազգային