Էջ:Armenia Encyclopedia.djvu/743

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կազմակերպությունների գրատուն, 6 ընթերցասրահ, գիտական 2 կաբինետ։ Վերջին տարիներին գործում է էլեկտրոնային քարտարանը։

Գրադարանային ֆոնդը հարստացվում է բաժանորդագրության, գրափոխանակության և առևտրային գործարքների միջոցով, ինչպես նաև նվիրատվություններով և դրամ․ օժանդակությամբ։

Կարևոր նշանակություն ունեն Գալուստ Կյուլպենկյանի, Հելեն Թաքեսյանի, Անդրեյ Սախարովի անվան ֆոնդերը, որոնց շնորհիվ գրադարանը ձեռք է բերել բազմաթիվ արժեքավոր գրքեր, հիմնականում՝ օտարալեզու։ Գրադարանում գործում են ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի նյութերի պահոցներ, Հայաստանում Հունաստանի դեսպանատան կենտրոն-գրադարանը։

Երևանի Ավետիք Իսահակյանի անվան քաղաքային կենտրոնական գրադարան

Երևանի Ավետիք Իսահակյանի անվան քաղաքային կենտրոնական գրադարանն ստեղծվել է 1935-ին, 1955-ին կոչվել է Ա. Իսահակյանի անվան։ Երևանի առաջին հանրային գրադարանն է, գրքային ֆոնդը՝ 633 հազար միավոր։ Գործում են գրակ-յան համալրման ու մշակման, գրացուցակների կազմման, սպասարկման, մանկ., օտարալեզու գրակ-յան, մամուլի, միջգրադարանային աբոնեմենտի, մատենագիտական, մեթոդ․ աշխատանքների կազմակերպման, հասարակական կապերի ու միջոցառումների, Բրիտ. խորհրդի գրադարանի և «Ամերիկյան անկյուն» բաժինները։ Ունի մի քանի ընթերցասրահ, 7 մասնաճյուղ՝ Երևանի տարբեր թաղամասերում։

Երևանի Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարան

Երևանի Խնկո-Ապոր անվան ազգային մանկ․ գրադարանն ստեղծվել է 1933-ին՝ Հայաստանի ազգային գրադարանի մանկ․ գրակ-յան ֆոնդի հիման վրա։ 1935-ին կոչվել է մանկագիր Խնկո-Ապոր (Աթաբեկ Խնկոյան) անվան։ 1962-ից հանրապետության դպրոց․ և մանկ․ գրադարանների մեթոդ․ կենտրոնն է։ Ունի մոտ 0,5 մլն պահպանության միավորից բաղկացած հավաքածու՝ գրքեր, պարբ. մամուլ, տեսալսող. նյութեր, էլեկտրոնային տեղեկատվության միջոցներ՝ հայերեն և շուրջ 50 այլ լեզուներով, համալրվում է գնումների, բաժանորդագրությունների, նվիրատվությունների միջոցով։

Գործում են մշակման և համալրման, գրադարանային հավաքածուի կազմակերպման, օգտագործման և պահպանման, գիտամատենագիտական, գիտամեթոդական, գրադարանագիտության և տեղեկատու մատենագիտական աշխատանքների, ԳՀ և հրատարակչական աշխատանքների կազմակերպման, գրադարանային գործընթացների ավտոմատացման և էլեկտրոնային շտեմարանի սպասարկման, էլեկտրոնային տեղեկատվության սպասարկման, զանգվածային միջոցառումների կազմակերպման և վիճակագր. հետազոտությունների, օտարալեզու գրակ-յան, երաժշտ. նոտագիր գրակ-յան սպասարկման բաժինները և 9 ենթաբաժին։ Գրադարանն ունի 100 տեղով ընդհանուր, ինչպես նաև Իրանական և Գերմանական ընթերցասրահներ, որոնց ծառայությունից օգտվում են մինչև 18 տարեկան երեխաներ, բազմաթիվ մանկավարժներ։

Գրադարանը համագործակցում է ՀՀ-ի մանկապատանեկան կրթամշակութային բազմաթիվ կազմակերպությունների հետ, ունի խմբակներ և ստուդիաներ, հաճախակի կազմակերպվում են մանկապատանեկան տարբեր միջոցառումներ։