Հանրապետական գիտաբժշկ. գրադարանը հիմնադրվել է 1939-ին Երևանում։ ՀՀ-ում բժշկության ոլորտի մատենագիտական, գրադարանային, տեղեկատվ. ծառայությունների հիմն․ կենտրոնն է։ Հավաքածուն ներառում է ավելի քան 0,5 մլն միավոր, այդ թվում՝ տպագիր և էլեկտրոնային բժշկ. գրքեր, ամսագրեր, սեղմագրեր, լազերային սկավառակներ, տեսալսող. նյութեր և այլն։ 1951-ից համակարգում է բժշկ. գրադարանների ցանցը, որ ներառում է հանրապետության բժշկ. բարձրագույն ու միջին ուսումնական հաստատությունների, հիվանդանոցների և բժշկ. կազմակերպությունների գրադարանները։
Գործում են սպասարկման, էլեկտրոնային տեղեկատվության սպասարկման, համակարգչային, համալրման և մշակման բաժինները։ Գրադարանից օգտվում են հանրապետության մարզերի, Երևանի գրեթե բոլոր բժիշկներն ու բժշկագիտություն ուսումնասիրողները։
Գրադարանը 2001-ից հրատարակում է «Բժշկական սեղմագրերի հայկական հանդեսը», լույս է ընծայել «Հայ անվանի բժիշկներ» գրքի առաջին մասը (2001) և այլն։
Հանրապետական գիտատեխ. գրադարանը հիմնադրվել է 1957-ին Երևանում։ Ունի 22 մլն միավոր հավաքածու, որից 18,5 մլն-ն արտոնագրային միավոր է, իսկ 1,5 մլն-ը՝ գիտատեխ. ամսագրեր։ Գործում է նորմատիվ-տեխ. փաստաթղթերի ֆոնդը, որ ներառում է ավելի քան 700 հազար օրինակ փաստաթուղթ. 80 %-ը՝ միկրոժապավեններով։ Գրքային ֆոնդը 500 միավոր է՝ բաղկացած հիմնականում մասնագիտական տեխ. գրակ-ից։
Երաժշտագիտական գրադարանը հիմնադրվել է 1966-ին Երևանում և միակն է ԱՊՀ երկրներում։ Ունի շուրջ 220 հզ. երաժշտ. գրականություն, նոտաներ, այլ կրիչներ, խտասկավառակներ և թվային սկավառակներ (CD, DVD) և այլն։ Գրադարանում են պահվում նաև հայ և այլազգի երաժշտագետների, կոմպոզիտորների արխիվային զանազան նյութեր։
Կազմակերպվում են երաժշտ. ստեղծագործությունների ունկնդրումներ, քննարկումներ, հանդիպումներ անվանի երաժիշտների, կոմպոզիտորների և մշակույթի գործիչների հետ, ցուցահանդեսներ, հոբելյանական միջոցառումներ։
Հայաստանում գրադարանային կադրերի պատրաստման համակարգը 1920-ական թթ-ից դրվել է պետական հիմքերի վրա։ 1929-ին Երևանում կազմակերպվել է քաղլուստեխնիկում (գրադարանային բաժնով), որը հետագայում կոչվել է ակումբագրադարանային տեխնիկում։ Ակումբագրադարանային բաժին ունեցել է Ակսել Բակունցի անվան մանկավարժ․ ուսումնարանը, 1969-ին Էջմիածնում բացվել է ակումբագրադարանային ուսումնարան։ Բարձրագույն գրադարանային բաժին է գործել ԵՊՀ-ում (1949-55-ին՝ առկա, 1960-70-ին՝ հեռակա), Երևանի հեռակա մանկավարժ․ ինստ-ում (1954-60) և այլն։
ՀՀ-ում «Գրադարանագիտությունը»՝ որպես գիտական և ուսումնական առարկա, դասավանդվում է ՀՊՄՀ-ի մշակույթի ֆակ-ի գրադարանագիտության և մատենագիտության ամբիոնում (1970-ից)։ 2009-ից ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում բացվել է նոր դասընթաց՝ գրադարանային-տեղեկատվ. աղբյուրներ մասնագիտացմամբ։