Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/745

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ

Հայաստանում թանգարանների նախատիպերը եղել են դեռևս մ. թ. ա. IX-VI դդ-ում։ Արվ-ի կոթողներ էին ժողովված Տուշպա, Մուսասիր, Էրեբունի (Արինբերդ), Թեյշեբաինի (Կարմիր բլուր) քաղաք-ամրոցներում կառուցված տաճարներում։ Ինքնատիպ թանգարան-ավանդատներ էին հին հայկական հեթանոս․ տաճարներն ու արքայական պալատները, ամենանշանավորն Անահիտ աստվածուհու տաճարն էր Երզնկայում։ V դ-ից եկեղեցիները նույնպես յուրատեսակ գանձատներ էին։

Ժամանակակից թանգարանների նախատիպերն ստեղծվել են միջնադարում։ Պատմիչ Հովհաննես Դրասխանակերտցին հիշատակում է 3 տիպի թանգարաններ՝ արքունի, իշխան․ տների ու եկեղեց.։ Մեծ վանքերը՝ Սանահինը, Հաղպատը, Հավուց թառը, ունեին հատուկ գանձատներ, որոնք նույնպես թանգարաններ էին։

XIX-XX դդ-ում ստեղծվել են նոր թանգարաններ։ 1846-ին Խաչատուր Աբովյանը Երևանի գավառ․ դպրոցին կից հիմնել է հնությունների կաբինետ-թանգարան։

Թանգարաններ են ստեղծվել Վարագավանքում (1858, Վասպուրական), նաև Երուսաղեմի և Կ. Պոլսի պատրիարքարաններում, Վենետիկի Սբ Ղազար կղզում և այլուր։ XIX դ-ի վերջին և XX դ-ի սկզբին հիմնադրվել են Մայր տաճարի ավանդատուն թանգարանը (1869), «Հայրիկյան» (1896, երկուսն էլ՝ Էջմիածին), Ազգագր-հնագիտական (Թիֆլիս, 1922-ին տեղափոխվել է Երևան), Անիի (հնադարան, 1904-09) թանգարանները։

Նախախորհրդային շրջանում Հայաստանում և Կովկասի հայաբնակ վայրերում գոյություն են ունեցել նաև մասնավոր թանգարաններ, որոնք ստեղծել են անհատ հնասերները։ Հիշարժան է Ախալցխա քաղաքի մեծահարուստ Հարություն Բայբուրդյանի թանգարանը (ցուցադրվել են հին հայկական ձեռագրեր, հնագիտական և ազգագր. իրեր), հետագայում ձեռագրերի մի մասը տեղափոխվել է Մատենադարան։ Հակոբ Կարանյանցը նմանատիպ թանգարան է հիմնել Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի)։ Թանգարանի նմուշներից 42-ը հանձնվել են ՀՊԹ-ին, իսկ մյուս մասը դարձել է Շիրակի երկրագիտական թանգարանի հիմքը։

Խորհրդ․ շրջանում թանգարանային գործը զարգացել է նոր հունով։ Ի հաշիվ երկրագիտական, արգելոց-թանգարանների և հուշաթանգարանների՝ նկատելիորեն ընդլայնվել է պետական թանգարանների համակարգը, հատկապես կարևորվել են գեղարվեստական և թանգարանային արժեքների հավաքումը, պատմաճարտ. հուշարձանների պահպանումն ու հաշվառումը։

ՀՀ-ում գործում են Հայաստանի պատմության, Երկրաբանական, Հայաստանի բնության պետական, Եղիշե Չարենցի անվան գրակ-յան և արվ-ի, «Մայր Հայաստան» ռազմ., Ժամանակակից արվ-ի, Հայոց ազգագրության և ազատագր. պայքարի պատմության ազգային, Ժողովրդական արվ-ի, Ռուս. արվ-ի, Փայտարվ-ի (1977), Գեղագիտության ազգային կենտրոնի մանկ․ ստեղծագործության (1978), Հովհաննես Թումանյանի, Սերգեյ Փարաջանովի, Երվանդ Քոչարի (1984), ֆիդայական շարժման «Զորավար Անդրանիկ» (1995, վերբացվել է 2006-ին), Կարեն Դեմիրճյանի (2001), Կալենց (2010, բոլորը՝ Երևանում), Ասլամազյան քույրերի (1987, Գյումրի) և այլ թանգարաններ, նաև Հայաստանի ազգային պատկերասրահը, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը, Նորարար փորձառ. արվ-ի կենտրոնը, «Գաֆեսճյան» արվ-ի կենտրոնը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստ-ը, Ճարտ-յան ազգային թանգարան-ինստ-ը (1990), Ալեքսանդր Թամանյանի թանգարան-ինստ-ը (2002), Գանձատունը (Էջմիածնի Մայր տաճար), որտեղ հավաքված են հայ ժողովրդի պատմության ու մշակույթի բազմաթիվ ուշագրավ նմուշներ։

Թանգարանի ուրույն տեսակ են գիտության, արվ-ի և գրակ-յան անվանի գործիչների՝ Օրբելի եղբայրների, Միկոյան եղբայրների (Սանահին), Խաչատուր Աբովյանի, Ավետիք Իսահակյանի, Ալեքսանդր Սպենդիարյանի, Եղիշե Չարենցի, Մարտիրոս Սարյանի, Արամ Խաչատրյանի, Հակոբ Կոջոյանի (1973), Արա Սարգսյանի (1973), Ջիոտտոյի (Գևորգ Գրիգորյան, 1977), Սիլվա Կապուտիկյանի (2009, բոլորը՝ Երևան), Հովհաննես Թումանյանի (1939, Դսեղ), Ստեփան Զորյանի (1988, Վանաձոր), Հովհաննես Հովհաննիսյանի (1948, Էջմիածին), Պերճ Պռոշյանի (1948, Աշտարակ), Ակսել Բակունցի (1970, Գորիս), Մինաս Ավետիսյանի (1982, վերաբացվել է 2003-ին, Ջաջուռ), Պարույր Սևակի (1981, Զանգակատուն), Ավետիք Իսահակյանի (1975), Սերգեյ Մերկուրովի (1984, վերաբացվել է 2003-ին), Հովհաննես Շիրազի (2003), Մհեր Մկրտչյանի (2006, չորսն էլ՝ Գյումրի) և ուրիշներ տուն-թանգարանները, որտեղ պահվում են նրանց անձն․ իրերը, ձեռագրերն ու ստեղծագործությունները։

Կան նաև բացօթյա (պեղումների ժամանակ հայտնաբերված հնագույն բնակատեղիներ, օր.՝ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը), տարբեր բնակավայրերի պատմաճարտ. (արժեքավոր առանձին արգելավայր-հատվածներ, օր.՝ Գյումրիում ու Դիլիջանում) և այլ թանգարաններ։