Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/746

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
Հայաստանի պատմության թանգարան

Հայաստանի պատմության թանգարանը (ՀՊԹ) հիմնադրվել է 1919-ին՝ որպես ազգագր. մարդաբան․ թանգարան-գրադարան (վարիչ՝ մինչև 1927-ը, Երվանդ Լալայան)։ Բացվել է 1921-ին Երևանում (1922-31-ին՝ Կուլտուր-պատմական, 1931-1935-ին՝ Պատմական, 1936-2003-ին՝ պատմության պետական թագարան)։ Թանգարանի հիմքը ՀԽՍՀ կառավարության գնած մի քանի տասնյակ գեղարվեստական կտավներն էին, Հայոց ազգագր. ընկերության հնագիտազգագր. թանգարանի հավաքածուն և ազգագր-մարդաբան. ու կովկասագիտական գրադարանը, նաև Նոր Նախիջևանից բերված (Երվանդ Շահազիզի հավաքածուն), Մոսկվայի Լազարյան ճեմարանի, Անիի հնադարանի, Էջմիածնի վանքի թանգարանի հավաքածուները, Հնությունների պահպանության կոմիտեի հնագիտական նյութերը (ընդամենը՝ 15.289 առարկա)։

Հավաքածուն հետագայում համալրվել է տարբեր հաստատություններում և հիմնարկներում հավաքված նյութերով, հնագիտական պեղումների և ազգագր. արշավախմբերի գտածոներով, նաև նվիրատվություններով ու գնումներով։ 1935-ին թանգարանի բաժինների հիմքի վրա ստեղծվել են ինքնուրույն թանգարաններ՝ ՀԽՍՀ Կերպարվ-ի թանգարանը (այժմ՝ Հայաստանի ազգային պատկերասրահ), Գրական թանգարանը (այժմ՝ Ե. Չարենցի անվան գրակ-յան և արվ-ի թանգարան), 1478 ցուցանմուշ և 584 լուսանկար տրվել են 1978-ին ստեղծված Հայաստանի ազգագրության պետական թանգարանին (այժմ՝ Հայոց ազգագրության և ազատագր. պայքարի պատմության ազգային թանգարան)։

Թանգարանը ներկայացնում է Հայաստանի մշակույթի և պատմության ամբողջ. պատկերը նախապատմ. ժամանակներից (1 մլն տարի առաջ) մինչև մեր օրերը։ Բացառիկ են մ. թ. ա. III-II հազարամյակների բրոնզե նմուշները (գավաթներ, զարդեր, զենքեր, կառքեր և այլն), որոնք մտնում են համաշխ. գլուխգործոցների գանձարանը։ Փոխադրամիջոցների հնագույն պատմության վկայություններից են Լճաշենից պեղված (մ. թ. ա. XV-XIV դդ.) փայտե կառքերն ու նրանց բրոնզե մանրակերտները։ ՀՊԹ-ում պահպանվում և ցուցադրվում են հնագիտական, ազգագր. և պատմ. նշանակության 400 հազարից ավելի (շուրջ 8 հազարը՝ մշտ. ցուցադրությամբ) ցուցանմուշներ։

Հնագիտության բաժնում պահվում են Հայաստանի տարբեր վայրերում հայտնաբերված նյութեր, ուրարտ. սեպագիր արձանագրություններ, քարե կոթողներ (հիմնական հավաքածուի 35 %-ը)։

Դրամագիտական հավաքածուն (45 %) ներառում է մ. թ. ա. V դ-ից մինչև մեր օրերի մեդալներ, կնիքներ, տարբեր երկրների մետաղադրամներ ու թղթադրամներ։ Առավել ամբողջական են հայկական տարազների, ոսկերչ., արծաթագործ․ իրերի, գորգերի, կարպետների և ազգագր. այլ նյութերի հավաքածուները (8 %)։ Հարուստ է նաև վավերագրերի հավաքածուն (12 %)։ Թանգարանը ցուցահանդեսներ է կազմակերպում ՀՀ մարզերում, նաև եվրոպ. երկրներում։ 1948-ից թանգարանը հրատարակում է գիտական աշխատություններ, մատենաշարեր, ցուցահանդեսների ալբոմ-կատալոգներ, բուկլետներ և այլն։

Թանգարանի ճարտարապետության բաժինը ղեկավարել է Թորոս Թորամանյանը (1930-32), ազգագրությանը՝ Ստեփան Լիսիցյանը (1928-47)։ Տնօրեններ են եղել հնագետ Կարո Ղաֆադարյանը (1940-64), պատմաբան Մորուս Հասրաթյանը (1964-1975), Բորիս Ղարիբյանը (1975-83), հնագետ Տելեմաք Խաչատրյանը (1983-87) և ուրիշներ, 1997-ից Անելկա Գրիգորյանն է։