Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/748

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
Երկրաբանական թանգարան

Երկրբ. թանգարանը, հիմնադրվել է 1937-ին՝ պրոֆ. Հովհաննես Կարապետյանի նախաձեռնությամբ (1943-ին կոչվել է նրա անունով)։ Թանգարանն ունի շերտագրության և հնէաբանության, միներալոգիայի, քարագիտության (պետրոգրաֆիա), հրաբխականության, օգտակար հանածոների, հանք․ ջրերի և քարե գեղարվեստական իրերի բաժիններ։ Թանգարանում պահվում է 12 հազարից ավելի նմուշ, որից 3278-ը՝ մշտ. ցուցադրությամբ։ 1988-ին ամերիկահայ երկրաքիմիկոս Արա Դիլդիլյանը թանգարանին է նվիրել հանքաքարերի սեփական հավաքածուն (մոտ 1400 նմուշ)։ Հնէաբանության բաժնում ներկայացված են չորրորդական ժամանակաշրջանի (1,5-1,8 մլն տարի առաջ) կենդանիների և բույսերի բրածո մնացորդներ, նաև Գյումրիի նախկին «Կազաչի պոստ» զինվորական ավանի տարածքում 1927-28-ին հայտնաբերված նախապատմ. (տրոգոնթերյան) փղի վերականգնված կմախքը։ Այստեղ է պահվում ՀՀ-ում ամենախոր փորված անցքի (5000 մ, Արմավիր ք-ից 20 կմ հեռավորությամբ) հորատհանուկը։ Միներալոգիայի բաժնում ցուցադրված է թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի ավելի քան 1200 նմուշ՝ բերված աշխարհի տարբեր հանքավայրերից։ Թանգարանում ներկայացված են նաև Սևանա լճի ավազանի և Արարատ լեռան տարածքի երկրբ. մակետները։

2011-ից վարիչը Գայանե Գրիգորյանն է։


Խաչատուր Աբովյանի տուն-թանգարան

Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանը հիմնադրվել է 1938-ին Քանաքեռում (այժմ՝ Երևանի շրջագծում)՝ գրողի հայրական տանը։ 1978-ին կառուցվել է թանգարանի նոր շենքը, 2005-07-ին հիմնանորոգվել է, 2010-ին վերաբացվել է։ Ունի 7000 ցուցանմուշ (655-ը՝ հիմնական, 1437-ը՝ գիտաօժանդակ)։ Ներկայացված են գրողի գրականություն, մանկավարժ., գիտական, հաս-քաղաքական գործունեությանն ու կյանքին առնչվող նյութեր, նրա կազմած դասագրքերի ու ժողովրդական ընթերցանության համար նախատեսված ձեռագրերի ինքնագրեր (շուրջ՝ 1500), նաև նրան նվիրված արվ-ի գործեր։ Ցուցադրված են «Վերք Հայաստանի» վեպի (նաև թարգմանությունները), «Նախաշավիղ կրթության», «Պարապ վախտի խաղալիք» երկերի առաջին (1858, 1862, 1864) և հետագա հրատ-ները, կիրառ. արվ-ի, հնագիտական, ազգագր. և կենցաղի առարկաներ, նաև գրողի որդու՝ Վարդանի ջութակը։

Տուն-թանգարանի նորոգումից հետո նոր ցուցադրությունը (12 բաժին) ներկայացնում է գրողի ուսումնառությանը և մանկավարժ. գործունեությանը վերաբերող նյութեր, Աբովյանը և եվրոպ. գրակ-ը և այլն։

2003-ից տնօրենը Հովհաննես Զատիկյանն է։