Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/924

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սկզբին բնորոշ գեղարվեստական բարձր մակարդակը։ Մյուս գաղթավայրերի առաջատար դեմքերը, սերելով Պոլսից, զարգացրել են ոչ միայն իրենց նոր հանգրվանների գրական ձեռքբերումները, այլև յուրովի են հարստացրել պոլսահայ գեղարվեստական գրակ-յան զարգացման տրամաբանությունը։ Դա վերաբերում է և՛ Համաստեղին, և՛ Շահան Շահնուրին, որոնք սկզբնավորել են Կարոտի և Նահանջի գրական շարժումները։

ԱՍՆ-ում և Ֆրանսիայում սփյուռքահայ գրակ-յան վերելքի ուշագրավ շրջան էր 1920-40-ական թթ-ի ժամանակահատվածը։ Ամերիկահայ (նաև այլ գաղավայրերի) գրակ-յան համար առաջնային էր «հայեցի դրոշմը» կրող գյուղագրությունը, որը ծավալվում էր կորուսյալ հայրենիքի դեռևս թարմ հիշողություններում՝ իբրև նպատակ, իբրև հայապահպան միակ գործոն։ Այստեղից էլ՝ Վերհուշի կամ Կարոտի գրակ-յան որոշ գերակայությունը սփյուռքահայ գրակ-յան ձևավորման շրջանում։ Նյութը գերազանցապես արևմտահայ նախաեղեռնյան գյուղաշխարհն է, նրա մարդիկ, բնությունը, ագգ. մեծ երազանքով ապրող հայը։ Կարոտի գրակ-ը սփյուռքահայ գրակ-յան նշանակալի դրսևորումներից է. այն նպաստել է ոչ միայն գեղարվեստական խոսքի, այլև հայ ազգագրության ու բանահյուսության զարգացմանը։ Գրական այս շարժման առանձնահատկություններից են անցյալի, հայրենի եզերքի հովվերգ. պատկերումը, ազգ. ոգու բացառիկության միտումը, ցեղային հավաքական գերուժի նկատմամբ խոր հավատը։

Կարոտի գրական շարժման սկզբնավորողը Համաստեղն է («Գիւղը», 1924, «Անձրեւ», 1929, «Սպիտակ ձիաւոր», 1952, «Քաջն Նազար եւ 13 պատմուածքներ», 1955, «Աղօթարան», 1957, «Այծետօմար», 1960), որը պատկերել է ոչ միայն Խարբերդի Փերչենջ գյուղը, ազգային հոգեբանության բնորոշ տարրերը, այլև, որպես ազգային ճանաչողության եղանակ, բացահայտել է հայ մարդու և բնության անխախտ միասնությունը։

Համաստեղի նախանշած ռոմանտիկ խոր զգացական հունով են ընթացել նաև ամերիկահայ գրողներ Վահե Հայկը («Հայրենի ծխան», հ. Ա-Ե, 1930-70), Բենիամին Նուրիկյանը («Այգեկութք», 1937, «Պանդուխտ հոգիներ», 1958, «Կարօտ հայրենի», 1978), Անդրանիկ Անդրեասյանը («Սպիտակ արդարութիւն», 1938, «Վերջին կայան», 1956, «Տարագիր երկնքին տակ», 1967, «Անմարմին Սէրը», 1983), Արամ Հայկազը («Ցեղին ձայնը», հ. 1-2, 1949-54, «Չորս աշխարհ», 1962, «Կարօտ», 1971, «Երջանկութիւն», 1978), Հակոբ Ասատուրյանը («Յովակիմի թոռները», 1965, «Յովակիմի թոռնորդիները», 1982, «Տօ՛, լաճ տնաւեր», 1986), իրանահայ արձակագիրներ Էլլեն Բյուզանդը («Պահակ», 1944, «Նոր կինը», 1960, «Երկերի ժողովածու», 1961, «Կարսը եւ ախպեր Արշօն», 1962), Հակոբ Կարապենցը, որի ստեղծագործություններին բնորոշ են ազգային կեցության նորագույն մտահոգությունները, հայ և օտար քաղաքակրթությունների հարաբերությունները («Կարթագէնի դուստրը», 1972, «Նոր աշխարհի հին սերմնացանները», 1975, «Միջնարար», 1981, «Ադամի գիրքը», 1983, «Ամերիկեան շուրջպար», 1986, և այլն), Լուսիկ Մելիքյանը («Մի աղջիկ ու արեւ», 1982), Անդրանիկ Սարյանը («Պատմուածքներ», հ. Ա-Բ., 1986, «Հայկական վագրը», 1986, «Մեր պղնձեայ գայլը», 2000, «Անլոյս քառուղիներում», 2002, «Մեր օրերի մարգարեն», 2004), Խորեն Արամունին («Յետմահու հարսանիք», 1992, «Մահուան պար», 1996, «Մի բուռ առօրեայ», 1996, «Խրամատից դուրս», 2010)։

Կարոտի գրակ-յան սահմանները տարածվել են նաև Ֆրանսիայում, Լիբանանում և այլուր (Վազգեն Շուշանյան, «Սիրոյ Եւ արկածի տղաքը», 1928, «Ճերմակ Վարսէնիկ», 1934, Մուշեղ Իշխան, «Տուներուն երգը», 1936, «Կրակը», 1938, «Կեանք եւ երազ», 1949, «Հացի եւ լոյսի համար», 1951, «Հացի եւ սիրոյ համար», 1956, «Մեռնիլը որքան դժուար է», 1971, «Սպասում սիրոյ», 1977, «Արեւամար», 1986, «Կիլիկիոյ արքան», 1989, «Իրիկնալոյս ռումբերուն տակ», 1991, Ալեք Գլըճյան, «Երգեր ուրացման եւ զղջումի», 1937, «Երգեր հողի եւ հատուցման», 1985, «Թափառիկ խոհեր», 1998, Ժագ Հակոբյան, «Գաղտնի ճամբան», 1938, «Մեղրալուսին», 1943, Վահե-Վահյան, «Արեւ-անձրեւ», 1939, «Յարալէզներու հաշտութիւնը», 1952, Անդրանիկ Ծառուկյան, «Առագաստներ», 1939, «Մանկութիւն չունեցող մարդիկ», 1955, Զարեհ Մելքոնյան, «Ջրհեղեղէն յետոյ», 1947, «Ափերը մինչեւ անկարելիին»,