Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/95

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բնակավայրը, Այգեշատը, Թալինը, Լոռի բերդը և այլն։ Հնավայրերից հայտնաբերված երկաթի ձուլման հնոց-արհեստանոցները վկայում են տնտեսության ու արհեստների աննախադեպ զարգացման մասին։

Բրոնզի դարում Հայկական լեռնաշխարհի բնակչությունն ստեղծել է հարուստ հոգևոր մշակույթ, որն արտացոլվել է մասնավորապես պաշտամունքային արվ-ի և դամբարանային հուշարձաններում։ Այդ դարաշրջանի մարդկանց աշխարհայացքն արտացոլվել է նաև մեզ հասած գեղարվեստական ստեղծագործության մի քանի բնագավառների՝ մոնումենտալ արվեստի, մանր քանդակի, դեկորատիվ-կիրառ. արվ-ի հուշարձաններում, ինչպես նաև ժայռապատկերներում։ «Վիշապ» կոչվող քարե կոթողները կապված են եղել ջրի և արգասավորման պաշտամունքին։

Հայտնաբերվել են առանձնակի կամ այլ խոշոր առարկաների մաս կազմող ուշբրոնզեդարյան և վաղերկաթեդարյան արձանիկներ (Լճաշեն, Լոռի բերդ, Պառավաքար, Արթիկ, Շիրակավան, Տոլորս, Վերին Նավեր և այլն), որոնք պատկերում են մարտակառքեր, ցլեր, եղջերուներ, քարայծեր, առյուծներ, զինվորներ, աստվածություններ և այլն։

Հայկական լեռնաշխարհի բնակչությունը մ. թ. ա. III հազարամյակից պատկերացում է ունեցել նաև արեգակնային տարվա՝ օրացույցի մասին։

Տես նաև Կերպարվեստ, Կրոն, ճարտարապետություն։

ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀԻ ՎԱՂ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ

Հայկական լեռնաշխարհի առաջին պետական կազմավորումը շումեր, բնագրերում հիշատակվող Արատտան է (մ. թ. ա. XXVIII-XXVII դդ.), որը համարվում է Արարատի նախաձևը։ Արատտան աստվածապետական (թեոկրատ.) կարգերով երկիր էր, որի արքան միաժամանակ գերագույն քուրմն էր։ Հովանավոր աստվածը Հայկն էր՝ իմաստնության և տիեզ. ջրերի Հայ(ա) աստծու որդին։


Արատտացիները Շումերից ներմուծել են հացահատիկ և երկրագործ այլ ապրանքներ, արտահանել մետաղներ ու թանկարժեք քարեր, ինչպես նաև շին. հումք՝ «լեռնային քարեր»։ Ըստ շումեր, աղբյուրների՝ մեկ տարի պաշարելով Արատտայի համանուն պարսպապատ մայրաքաղաքը՝ շումերները չեն կարողացել գրավել այն։ Կարևոր է Արատտայում սեփական գրի գործածության փաստը, որն ապացուցվում է Հայաստանի տարածքից հայտնաբերված մ. թ. ա. III հազարամյակի՝ տակավին չվերծանված մեհենագիր հուշարձաններով։ լեռնաշխարհի այդ ժամանակաշրջանին վերաբերող մշակութային շերտը հնագիտական գրակյան մեջ կոչվում է Հայաստանի վաղբրոնզեդարյան մշակույթ։

Մ. թ. ա. III հազարամյակի պետական կազմավորումներից է Արման(ում)-ը, որի մասին վկայում են Միջագետքի Աքքադ պետության հիմնադիր Սարգոն Աքքադացին (մ. թ. ա. XXIV-XXIII դդ.) և նրա թոռը՝ Նարամսինը (Նարամ-Սուեն, մ. թ. ա. մոտ 2236-2200)։ Վերջինս հյուսիսում բախվել է Արմանում (Արմանի) երկրի թագավորին։

Փոքր Ասիայի արևելքում՝ Քանեշ քաղաքից հայտնաբերված սեպագիր արձանագրություններում հիշատակվում են մ. թ. ա. XX դ-ի հայկական շուրջ մեկ տասնյակ իշխանություններ՝ Ծուփանա (Ծոփք), Խախ(ում), Թեգարամա (Թորգոմա տուն, Թոգարմա) և այլն ։ Վերջինս հիշատակվում է նաև Աստվածաշնչում։ Հին Բաբելոնի թագավորության տիրակալ Համմուրապիի (մ. թ. ա. 1792-1750) անվան հետ կապված բնագրերում բազմիցս հիշատակվում են Հայկական լեռնաշխարհի պետականությունները, մասնավորապես Սուբուրտուն (Սուբուր-Արմանի), Կուտի(ում)ը և այլն։

Խեթ. սեպագրերում մ. թ. ա. XV-XIII դդ-ի իրադարձությունների կապակցությամբ հիշատակվում է Հայասա թագավորությունը։ Երկրանունը կազմված է «հայ» արմատից, որը հայ ժողովրդի ինքնանվանումն է, և խեթ. «ասա» վերջածանցից։ Տարածվել է Սև ծովի, Եփրատ գետի, Հայկական Տավրոս լեռնաշղթայի և Վանա լճի միջև։ Մ. թ. ա. XV դ-ի վերջին և XIV դ-ի սկզբին տարածաշրջանում զբաղեցրել է առաջնային դիրք։


Խեթ. Թուդխալիաս III արքան (մ. թ. ա. մոտ 1400-1380) արշավել է Հայասա, որի թագավորը Կարանին էր։ Թուդխալիաս