Մօլը յայտարարեց որ միևնոյն ժամանակ, որ Շուլցի նկարած քարտէզը տպագրել է տվել լիտօգրաֆիկայով Société Asiatique-ը, սակայն քարտէզը կհրատարակվի ճանապարհորդութեան նկարագրութեան հետ։ Իմ գիտցածով՝ այդ քարտէզն ու ճանապարհորդութեան նկարագրութիւնն երբէք լույս չտեսան։ Ֆրանսիացիների և գերմանացիների ընդհանուր պատվի պարտքը պէտք է լինի այդ հրատարակութեան իրականացումը։ Նոյն իսկ այն երկրների համար, որոնց յետոյ որրիշ ճանապարհորդներ այցելել ու հետազօտել են, Շուլցի տված տեղեկութիւներն էական նշանակութիւն կունենան և կընդարձական յետոյ տեղի ունեցած հետազօտութիւնները․ իսկ այն երկրների համար, որոնք այսօր էլ դեռ չեն հետազօտված, այդ տեղեկութիւնները հիմնական պէտք է համարել։
Ավելի ուշ՝ 1850 թ․ Հայաստան ճանապարհորդեց Հ․ Ա․ Լայարդը և Վանում Շուլցի գտած արձանագրութիւնների պատճէները նորից վերցրեց ու բավական թվով նոր արձանագրութիւններ էլ գտավ, սակայն նրա բերածների բնագիրներն էլ երբեք չհրատարակվեցին։
Բացի վերոյիշեալներից՝ այդ արձանագրութիւնների նիւթերը շատացել են տասնեակ տարիների ընթացքում պատահական և առանձնակի գիւտերով։ Առանձին ուշադրութեան արժանի են այն երկու արձանագրութիւնները, որոնք գտնվել են Հայաստանի արևմտեան ծայրում․ դրանցից մէկը գտան 1840 թ․ տաճկական ծառայութեան մէջ գտնվող Միւլբախ և Մօլտկէ սպաները Իզօլիի մօտերքը, որ գտնվում է Եփրատի՝ Մալաթիայի մօտ առաջացած ծոցից մի փոքր վերև․ միւսը գտավ Լայարդը մի փոքր հեռու դէպի արևելք։ Պալուի ամրոցում, Մուրադչայի—Եփրատի երկու ակունքներից հարավայինի— վրայ։ Սակայն այդ առանձնակի գիւտերի մեծ մասը տեղի է ունեցել բուն Հայաստանում։
Այդ արձանագրութիւնները կարդալու փորձերը կարող էին սկսվել միայն Նինվէի բևեռագիր արձանագրութիւնների հետազօտութիւնից յետոյ։ Վանի արձանագրութիւնների գրերն ամենամօտ, և լիակատար նոյնութիւնից միայն մի փոքր շեղվող, նմանութիւն ունեն Նինվէի արձանագրութիւնների գրերի հետ։ Սակայն Վանի արձանագրութիւնների լեզուն, ինչպես որ հաստատվեց մանավանդ Սէյսի և Գիւարդի աշխատութիւններով, ազգակից չէ ոչ սեմական— ասորականին, ոչ առհասարակ սեմական և ոչ էլ հնդեվրոպական լեզուներին։ Այդ լեզուն պատկանում է՝ նոր գիւտերի շնորհիվ մեզ համար