Ընդհանուր ավերակների բաժանումները հետևյալներն են.−
1. Զվարթնոց բոլորակ տաճարը։
2. Կաթուղիկոսական դահլիճը և կաթուղիկոսական բնակության հատուկ բաժանումների տաճարի հարավ արևմտյան կողմը։
3. Կաթուղիկոսական շքախումբի և միաբան հոգևորականների բնակարաններ տաճարի հարավային կողմը։
4. Անկախ մյուս մասերից մի քանի ուրիշ բաժանումներ տաճարի հարավակողան ավերակների արևելյան ծայրին։
Ահա այս չորրորդ մասն էլ որուն միմյանցից անկախ մի քանի բաժանումների փոքր ինչ տարօրինակությունը առիթ է տված պեղումները կատարող [Խաչիկ] վարդապետին մի կրակապաշտական տաճար գտած լինելու հավակնոտ և համառորեն շարունակող քարոզներին։ Չկա մի այցելու, մանավանդ երբ այցելուն օտարական է, որին առանձին ոգևորությամբ, իբրև թանկագին գյուտ չնկարագրի և բացատրե մեր «պատմաբան» վարդապետը։
Որպեսզի ընթերցողները կարողանան ինձ հետ համեմատություն կատարել և լիովին ըմբռնել այս առեղծվածային մասի հատկանիշը, հարկ անհրաժեշտ կհամարեմ կրակապաշտության ծագումեն մինչև մեր օրերը գոյություն ունեցող կրակապաշտական տաճարների ձևերը և կատարված ծիսական արարողությունները հավաքել գիտնականների ուսումնասիրություններից և ցույց տալ ընթերցողին, որպեսզի յուրաքանչյուր ոք ինքը վճռե թե, իբրև կրակապաշտական տաճար ցույց տրված մասը հեռավոր նմանություն իսկ չունի կրակապաշտական տաճարի։ Թեև տարօրինակ չէր լինի, որ Հայաստանում ևս պատահաբար գտնվեր կրակապաշտական տաճար կամ ատրուշան, քանի որ մեր հին պատմության մեջ գտնվում են հատ ու կոտոր տեղեկություններ, որ մեծամեծ անպտուղ ջանքեր և զոհողություններ եղել են սասանյան արքայից արքաների կողմե հայերին կրակապաշտ դարձնելու համար, սակայն հախուռն և առանց դրական փաստի վճռել և քարոզել, միանգամայն աններելի է։ Հիրավի, Հայաստանում պարբերաբար խիստ նեղ սահմանների մեջ և շատ կարճ տևողությամբ ոչ միայն սասանական կրակապաշտություն, այլ և Հայաստանը շրջապատող բոլոր մեծ ազգերու կրոնքներն իրենց դրոշմը դրեր են հայոց սեփական կրոնին վրա․ այդ խիստ բնական էր, իմ կարծիքով, բայց պետք է գիտենալ, թե այդ ազդեցությունը ինչ չափով եղել է, ինչքան ժամանակ տևել է և Հայաստանի ո՞ր երկրամասին վրա է եղած։
Հաստատված մի իրողություն է, որ քաղաքակրթական ամեն մի տարերք՝ գիտություն, արվեստներ, ի շարս որոնց գեղարվեստ և ճարտարապետություն, երկրե երկիր փոխանցվել են քաղաքական և տնտեսական շփումներու, պատերազմներու, գաղթականություններու և առևտրական հարաբերություններու միջոցավ։ Այսպես է պատահել նաև կրոնների և հավատալիքների փոխանցումը մեկ ազգեն մյուսը, մեկ երկրեն դեպի մյուսը։ Հաճախ պատահել է, որ պատերազմով հաղթական կամ կուլտուրապես բարձր մի ազգ, երբ քաղաքականապես նվաճեր կամ իր ազդեցությունը տարածեր է դրացի փոքր ազգերու վրա, տիրողին նշանաբանն է եղեր այդ փոքր ազգերը ձուլել իր մեջ կրոնքի միջոցավ, որպեսզի ապագային անջատողական խլրտումներ առաջ չգան և իր տիրապետությունը երկարատև լինի, այդ համաձուլման ամենեն ուժեղ միջոցը համարել են իրենց կրոնի վարդապետությունը տարածել նվաճված ազգի մեջ։ Անմիջապես կանգներ են կրոնական տաճարներ, կատարել են հանդիսավոր արարողություններ, եռանդուն կերպով անվերջ քարոզել են տիրողի կրոնի վարդապետությունները նոր կրոնին ընտելացնելու համար։ Շատ անգամ պատահել է, որ նույնիսկ բռնի միջոցների են դիմել կրոնական սկզբունքներ ընդունել տալու համար։ Այս բռնի միջոցները, պետք է ըսել որ, երբեմն օգներ են, սակայն ոչ միշտ։ Պատահել են դեպքեր, որ այդ բռնի միջոցները առաջ են բերել համայնական կատաղի ընդվզումներ, որով անփոխարինելի վնասների է ենթարկվել տիրապետելու ձգտողը։
Հայաստանը շատ կարճ ժամանակ միայն, պետական բացարձակ անկախություն է ունեցել, իսկ մնացյալ ժամանակներում, թե՛ քաղաքականապես և թե՛ կուլտուրապես, առավել կամ նվազ չափով ենթարկված է եղել շրջապատող մեծ ազգերի, բացի քաղաքական և կուլտուրական ազդեցությունից նաև որոշ չափով կրոնական հավատալիքների տեսակետով։ Այսօրվան գիտնականների մանրակրկիտ ուսումնասիրությունները ապացուցանում են, որ հին հայոց նախաքրիստոնեական կրոնը ենթարկված էր Հայաստանին