տիրող կամ Հայաստանի վրա գերիշխանության ունեցող մեծ պետությանց կրոններուն, ինչպես հունա-հռոմեական, ասորա-քաղդեական, պարթևական, պարսկական և այլն և այլն։ Միայն թե ոչ մի ազգի կրոն Հայաստանում նույնությամբ չէ ընդունված, այլ տեղական ճաշակի և դատողության համաձայն, ընտրանոք մասեր պատվաստել են իրենց սեփական հիմնական կրոնին, որով հետզհետե, դարերի ընթացքում, կազմվեր է գրեթե շրջապատից անկախ մի կրոն, ծիսական առանձնատեսակ կանոններով և մեհյանական առանձին ձևերով։
Որովհետև այստեղ մեզ զբաղեցնողը պիտի լինի առանձնապես կրակապաշտական կրոնը և անոր հատուկ տաճարների ձևերը, որոնք իբր թե երկար դարեր Հայաստանի մեջ պաշտաման առարկա եղան, պիտի սկսիմ համառոտակի արձանագրել կրակապաշտության ծագումը, հաջորդական փոխանցումները և անոր զարգացման շրջանները, Հայաստանը շրջապատող հին ազգերու մեջ, քաղելով գիտնականների կատարած ուսումնասիրություններեն և վերջնական եզրակացություններեն, որպեսզի կարողանանք քննել, համեմատել Հայաստանի մասին պատմական տվյալները և անոնց հետ կապ ունենալ կարծվող հայ հուշարձանների մնացորդները։
Աշխատությանս ընթացքում, բնականաբար, պիտի համեմատության դնեմ, բացի կրակապաշտական տաճարներից նաև Հայաստանից դուրս եղող ուրիշ ազգերի տաճարները, որոնց կապը ակներև է հեթանոս Հայաստանի տաճարների ձևերի հետ։ Կարծում եմ, որ այս աշխատության ընթացքում, ես պիտի կարողանամ ցույց տալ, թե Հայաստան, ո՞ր կրոնքներից, ի՞նչ չափերով օգտվել է հավատալիքների և դիցապաշտության տեսակետով և ո՞ր ազգերի կրոնական տաճարների ձևերը եղել են իրենց ճաշակին և դավանանքին հարմար և կանգներ են տաճարներ նույն իրենց ընդունած ձևերով։
բ. Կրակապաշտություն և կրակապաշտների տաաճարները: Ինչպես կերևի, կրակի պաշտամունքը չափազանց հին է, ավելի վաղ, քան ասորա-քաղդեական հզոր պետությանց կազմվիլը, ինչպես կըսե ճարտարապետության պատմաբան Դանիել Րամե իր ճարտարապետության ընդհանուր պատմության մեջ. թե «պատմական արշալույսին գոյություն ստացավ կրակի պաշտամունքը հին տոհմատիրական ցեղախմբերի ժամանակ։ Առանց կանխադատելու, վերլուծելով հունական ավանդությունները, և անջատելով անոնք հերոսական դիցաբանություններե, Ասիո մեջ պիտի գտնենք սկյութական ցեղերի մի տիրապետության և հավատալիքների հետքերը պատմական ժամանակի արշալույսին։ Այդ տիրապետությունը ապացուցված է մի մասնավոր կրոնի գոյությամբ, որ հավանորեն կկայանար երկնային մարմիններու և կրակի պաշտաման մեջ։ Այս կրոնը մարդկային մի ուրիշ ցեղի հաստատած կռապաշտության հակադիրն էր։
Մի հատուկ անուն Զորոաստբինը, մասնավորապես կապված էր այս կրոնին, անուն մը, որ հույներ թարգմանեցին «աստեղաց պաշտամունք» անունով։ Ամեն անգամ, որ պատմության մեջ կպատահի, սեմական կռապաշտութենե առաջ նախնական սկյութների կողմից հաստատված տարերաց պաշտաման վերաբերող անցք մը, այնտեղ ուղղակի մի նմանություն կտեսնենք նախնական Զրադաշտի վարդապետության հետ։ Այն շփոթությունը, որ Զրադաշտի դարաշրջանի մասին գերակշիռ եղավ հունաց մեջ, հավանաբար կրոնական գաղափարներու կրկնակի շրջանի գերակշռությամբ կբացատրվի, այսինքն՝ սեմական տիրապետության հիմնարկութենեն առաջ տարերաց մի պաշտաման գոյությամբ և այս պաշտաման կրկին վերանորոգմամբ, որ երևան եկավ աքեմենյանների օրով, սեմական վարդապետությունների տասն և յոթը դար տիրապետող լինելուց հետո»։ (Daniel Rimée. Hist. générale de l’Architecture, t. 1, p. 48-49)։
Այս տողերից հետո, հեղինակը զանազան հին մատենագիրներից և նոր գիտնականների տեսություններից վկայություններ կբերե, հաստատելու համար այն տեսությունը, թե Զորոաստրի պաշտամունքը շատ հին է և Զրադաշտի ձեռքով վերանորոգված է Աքեմենյաններու ժամանակ։
Այս ամենահին շրջանի կրակի պաշտամունքն է, որ հետո փոխանցվել է Ասորա-Քաղդեային։ Թե ե՞րբ և ինչպե՞ս է փոխանցվեր, այդ պարագաները մանրամասն գրել իմ նպատակես դուրս է, միայն թե ես այստեղ պիտի ընդգծեմ, նախքան Աքեմենյանները և Սասանյանները, կրակի պաշտման գոյությունը Ասորա-Քաղդեայի մեջ, հիմնվելով զանազան արժանահավատ վկայությանց վրա՝ համառոտակի կքաղեմ այն տեսությունները, որ այս մասին ունեցեր են մեր ժամանակի գիտնականները։
Նախապես պետք է գիտնալ, որ հին ժամանակներու բազմաստվածության մեջ, աստվածությունները երկու դասակարգի կբաժանվեին․ առաջինները բարձրագույն ստեղծող աստվածություններն էին, որոնք բովանդակ տիեզերքի կազմակերպության և կառավարության մեջ իրենց առանձին դերն ունեին, երկրորդները բարձրագույն աստվածներու ձեռքով ստեղծված էին և անոնց ստորադրյալ սրբություններ կամ ոգիներ էին, որոնք բարձրագույն աստվածներից լիազորված էին անկախ կերպով գործել բարձրագույն աստվածների կողմից՝ իրենց հանձնված որոշ պաշտոնը կատարելու համար։
Տիեզերքի կառավարության համար բարձրագույն աստվածների ձեռքով ստեղծված երկրորդական աստվածությունների կամ պաշտելի ոգիների շարքին մեջ էր կրակի աստվածությունը, որը պաշտաման առարկա էր և կհամարվեր երկնից արեգական ներկայացուցիչ՝ բովանդակ երկրի վրա։
Քաղդեական երկրորդական աստվածությունները բաժանված էին երկու դասակարգի, դասակարգերեն մեկը, իբրև օգնական և գործակատար մեծ աստվածների, բարի ոգիներ էին, իսկ մյուս դասակարգը՝ չար ոգիներ էին, որոնք ոչ միայն մարդկանց մոլորեցնելու և վնասելու համար անդադար կգործեին, այլ և այդ երկու դասակարգերը իրար դեմ անդադար կռվում էին։
Մեծ աստվածներ, չար ոգիներու պատճառելիք վնասները չեզոքացնելու համար, բարի ոգիներուն օգնության կկանչեին, որոնք անդադար կկռվեին չար ոգիների հետ և անոնց կհալածեին։ Բարի ոգիներեն մեկն