Jump to content

Էջ:Armenian architecture, Toros Toramanian.djvu/121

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

է և թե այս կրոնքին մեծ մոգպետին աթոռը այստեղ էր։ Գյաբրներ, որ կրակապաշտների մնացորդն են, այս կրակի տաճարին տեղը ցույց կուտան Շամախիեն երկու օրվան ճանապարհ հեռավորության վրա։ Որպես հաստատուն ճշմարտություն կհավատացնեն որ այդ նվիրական կրակը տակավին այնտեղ է և նման է մի ստորերկրյա հանքային կրակի, ով որ այնտեղ ուխտի կերթա, բոցի կերպարանքով կտեսնե այդ կրակը։ Ուրիշ մի հատկություն ևս կավելացնեն, որը բավականին ծիծաղելի է։ Ուխտավորներ այնտեղ գետնի վրա ծակ մը փորելով վրան սան մը (պտուկ) կդնեն․ ներքևի կրակը կեռացնեն և կեփեն սանին մեջի կերակուրը»։ (Chardin, vol. 2, p. 310-311).

Այս տողերեն հետո հեղինակը անցնում է Ազերպեյան անվան ծագման պատմության և ստուգաբանության և գտնում է որ Ազերպեյան անունը շատ հին է և կապ ունի Ասորական Ասսուր աստվածության հետ։ Շարդեն, կսե, Ասսուր կնշանակե կրակ. այս մասին վկայություններ է բերում թե հին կտակարանեն և թե ուրիշ հին ժամանակագիր պատմագիրներե (Chardin, vol. 2, p.311-312), բայց ինձ համար միևնույնն է կսե, ես կկարծեմ որ Assure անունը գալիս է as ur-ից այսինքն կրակից։

Ուրեմն Շարդեն իր ճանապարհորդության ժամանակ կրակի պաշտաման տաճարի չէ հանդիպած, երևի Բաքու ևս չէ մտած, միայն տեղեկություն է ստացել որ Շամախիեն երկու օր հեռավորության վրա կա մշտավառ կրակի տեղ, ուր կգտնվեր մեծ մոգպետի աթոռը։ Անշուշտ այստեղ Բաքուն էր և այն ժամանակ ինձ թվում է թե այժմյան աթաշկահը և շրջապատ շենքերը չկային, միայն ժողովրդին միտքին մեջ հիշողությունն էր մնացած։

* * *

Զվարթնոցի[1] հարավակողման շենքերու արևելյան ծայրին մասն է, որոնց հատկությունը առայժմ անորոշ է և այս անորոշությունն առիթ կուտա Խաչիկ վարդապետին, այլ ընդ այլո մեկնություններ տալ, այսինքն պարզապես այնտեղ տեսնել մի հին կրակապաշտական տաճար։ Ներկայիս իմ նյութս է այդ մասը, որ քմածին և դիտավորյալ մեկնությունների նյութ է դարձել։ Կուտամ այստեղ Խաչիկ վարդապետի բացատրությունները և հետո իմ տեսությունները այդ մասին վրա։

Եկեղեցին հայտնի է որ 5-րդ դարու գործ է կամ 5-6-րդ դարի մեջ, իսկ կրակատուն անվանվածն պարզ 7-րդ դարու, որ Հայաստանում ամենևին չէր եղած կրակապաշտություն։

Այս մասը բաղկացած է հինգ բաժանմունքներե՝ եթե հաշվի առնենք նաև արևելյան մասին վրա վերջին սենյակը, որուն մեծությունը անորոշ է քայքայման պատճառով։

Այս մասի հարավային արևելյան կողմը կա մի եկեղեցիի մնացորդ՝ արևելյան ծայրի խորան, որն անպայման գոյության ուներ ավելի վաղ քան Զվարթնոցի և հարակից շենքերու շինությունը։ Ինչպես կերևի, այդ եկեղեցին բազիլիկ ձև ուներ, այս եկեղեցին, Զվարթնոցի շինության ժամանակ, ավելորդ համարվելով պահել են միայն արևելյան խորանը և արևմտյան մասին վրա շինել են Գ․ մասը՝ միաբան հոգևորականներու բնակության համար սենյակներ՝ միանգամայն անկախ Դ. մասեն։ Նույնպես միմյանցից անկախ են հարակից շենքերի մեջ Բ և Գ մասերը, որոնք ցույց են տալիս որ յուրաքանչյուրն ուներ իր հատուկ նպատակը։

Կիմով չափ միայն մնացած խորանի հյուսիսային պատին կից կա մի ընդարձակ բաժանում, որուն մեջ կան մեկ գծի վրա հարավից հյուսիս շարված երեք հատ քառակուսի սյուներ (Դ․ 2) միջակ քարերով շինված, որոնց մեջ վարեն վեր շարված են թրծված կավե խողովակներ. խողովակների ստորին մասերը հաղորդակցում են ընդարձակ բաժանման հետ մի մի քառակուսի ծակով։ Ընդարձակ (Դ) բաժանման հյուսիսային կողմին կից են երկու փոքր նախագավթի նման բաժանումներ, որոնք հաղորդակցում են դռներով թե դրսի հետ և թե ընդարձակ (Դ) բաժանման հետ։ Նույնպես մեծ բաժանումը ունի մի դուռ դրսի հետ հաղորդակցող արևելյան կողմեն կիսատ եկեղեցվո հյուսիսային պատին կից։ Ընդարձակ (Դ) բաժանման հյուսիս արևելյան մասին կից կա մի բաժանում (4) որ ընդարձակ բաժանման հետ կհաղորդակցի ցածլիկ (չափը գրել) աղեղնակապ մի անցքով (6) որը, հայտնի է թե իբրև դուռ շինված չէ, այլ մի ուրիշ կարևոր նպատակի համար։ Սույն սենյակը, արևելյան կողմեն կհաղորդակցի մի ուրիշ սենյակի հետ որուն երկարության չափը (7) անհայտ է արևելյան պատին բոլորովին քանդված լինելու պատճառով։ Ընդարձակ բաժանման մեջի (2) սյուներու մեջ դրված թրծուն, կավե խողովակներու նման այս (4) սենյակի պատերուն մեջ և դրված են թրծուն կավե խողովակներ չորս հատ հարավային պատին մեջ, երկու հատ (7) բաժանումը մտնելու դռան երկու կողմերը, մի հատ հյուսիս արևմտյան անկյունը, այս խողովակներուն ևս ստորին մասերը կհաղորդակցին սենյակի հետ յուրաքանչյուրը մի քառակուսի ծակով այժմյան գետնեն….. բարձրության վրա։ Փոքր (4) բաժանման մեջ ցածլիկ աղեղնակապ անցքի (6) անմիջապես կողքին մի փոքրիկ մաս կա դեպի հարավ առաջացած և մի ծակով կհաղորդակցի դրսի հետ հարավային կողմից։ Փոքր առաջակարկառ մասին գետինը հատակված է անկիզելի որձաքարով, աղեղնակապ անցքը ևս ներառյալ, և շրջապատսղ պատերի ստորին մասերն ևս շինված են անկիզելի որձաքարերով։ Դրսի հետ ունեցած հաղորդակցության ծակը (8) և գետինները անկիզելի որձաքարով հատակված լինելը ապացույց է որ այստեղը ի հնումն մի վառարան էր և կվառվեր դեպի հարավ բացված ծակեն. այս է վառարանի դուռը։

Ահա այս խողովակները, որոնք հյուսված են պատի մեջ, վառարանի տեղը, աղեղնակապ անցքը, Խաչիկ վարդապետի տեղին վրա գոյություն ունեցող գլխավոր ապացույցներն են, որ այդտեղ ի հնումն եղել է կրակապաշտական տաճար, իսկ գրական ապացույցներն են Անանիա Նարեկացու ներբողյանեն մի հատված (Ժ դար) կաթուղիկեի մասին գրված և Փորթուգալ Միքայել փաշայի, Եղիշեի քննադատության մեջ, Հնդկաստանում գոյություն ունեցող կրակապաշտական

  1. Այս վերջին հատվածը լրացնում ենք կհեղինակի նույն հոդվածի սևագիր օրինակից, որն արտագրելու և խմբագրելու ժամանակ դուրս էր մնացել։ Այս հատվածը ձեռագրի սկիզբն էր, որ մենք հարմար դատեցինք դնել վերջում։ Կազմող