տաճարներու մասին Անքթելի նկարագրությունը։ Խաչիկ վարդապետ ինքը անշուշտ համոզված է իր ըսածների մասին, և բոլոր այցելուներուն աշխատում է համոզել իր այս չնաշխարհիկ գյուտի համար։ Սակայն ինչպե՞ս նա բերում կապում է Անանիա Նարեկացու ներբողյանի հատվածը այս մասին հետ, և ի՞նչ համեմատություն է դնում Հնդկաստանի կրակատուններու և այս բաժանումներու մեջ։[1]
Անին այցելողները անպայման կտեսնեն, պարիսպներեն դուրս մոտավորապես մեկ կիլոմետր հեռավորության վրա, տափարակ դաշտին մեջ, մեն մենակ ցցված, անգույն ու անկերպարանք զանգված մը, ոչինչ հրապույր չունի անցորդներու աչերը իր վրա ձգելու «էհ պատի մը կտոր, չարժե տեսնել» կսեն և անտարբեր կողքեն անցնելով կհեռանան առանց ակնարկ մը իսկ նետելու անոր վրա։ Ոմանք ալ անունը լսած են «Նախրճուն ժամն է» կըսեն, «ոչինչ հետաքրքիր չէ»։ Իհարկե ամեն ոք եկած են թագավորաշեններ տեսնելու, հպարտության ու փարթամության վրա հիանալու, թագի, ս․ գավազանի առջև խոնարհելու, ո՞վ է նախրճին, որ իրենց այցելության արժանանա։ Եվ ահա այդպիսով կրկնակի սուգի մեջ դարերե ի վեր անմխիթար կողբա գեղարվեստական թանկագին մարգարիտ մը, որը հավասարապես արժանի է մեր հարգանքին ու հոգածության՝ ինչպես Անիի մեջ ուրիշ մեծամեծ հիշատակարաններ։
Ոչ ոք թող չզարմանա, երբ այս խեղճ ու ողորմելի մնացորդը մեր հիացումը գրավող Մայր եկեղեցիի, Գագկաշեն մեծագործ ս․ Գրիգորի և մեզ ապշություն պատճառող վիթխարի պարիսպներու հավասար կդասեմ։
Բագրատունիներու դրոշակին տակ ապրող փոքրաթիվ հայ հասարակությունը, յուր բոլոր նյութական և բարոյական կարողությունների շտեմարան Անիի մեջ, բազմակողմանի արժանավորությանց անթիվ ապացույցներ թողեր է։ Բազմամիլիոն արժողությամբ իրագործված բրգաշար հսկա պարիսպներ խրոխտ Բյուզանդիոնի հպարտությունը կխորտակեն։ Գագկաշեն ս․ Գրիգորը այն հասարակության հանդուգն կողբա, Մայր եկեղեցին անոնց առաքինության և երկյուղած բարեպաշտության մշտնջենական ներբողն է։ Լուսավորիչներ, առաքելոցներ և այլ նույնանման բազմաթիվ նրբաքանդակ պճնազարդված հիշատակարաններ, անոնց փառասեր ու վայելչասեր հոգվույն արտացոլումներն են։ Ախուրյան գետի վրա երեսուն մետր տրամագծով միակամար եռահարկ հսկա կամուրջը, անոնց ճարտարագիտական ձեռներեց ու ամենակարող ոգույն դարավոր դրվատիքն է։ Անթիվ անհամար հասարակական մեծամեծ շինություններ, հազարավոր ընդարձակածավալ քարայրներ, ստորերկրյա կամարակապ անցքեր՝ անոնց մեղվաջան աշխատանքի վճիտ հայելին են։
Բայց այս ամենուն մեջ բան մը միայն կպակասեր անոնց բոլոր առավելությունները պսակելու, ահա այդ պսակը մեր ուշադրությունեն վրիպած և հաճախ արհամարված «Նախրճուն ժամն է»․ այդ փոքրիկ շինությունը անեցի ճարտարապետի պայծառ ու բեղմնավոր ուղեղի մարմնացումն է։ Հովվի եկեղեցին գեղարվեստական նուրբ ճաշակի և հանճարեղ ստեղծագործության գողտրիկ պտուղն է։ Առանց Հովվի եկեղեցիի Անիի շքեղության մեջ ստվեր մը և պաճուճանքին մեջ թերություն մը պիտի մնար։
Մի արհամարհեք անոր տգեղացած արտաքինը և մի խորշիք անոր այլանդակված երևույթեն, մենք անոր մեջ, պահ մը գլուխնիդ վեր բարձրացուցեք և ուշադրությամբ դիտեցեք, թե ինչպես վեց ամբողջ կիսաբոլորակ քարաշեն աղեղներու մեկ ծայրը հանգչած որմասյուննրու վրա, մյուս ծայրերը հավաքված դեպի կեդրոն, հրաշքով կախ եկած են ձեր գլխուն վերև։
Մի վախենաք, ութ-ինը հարյուր տարիե ի վեր անոնք կախված են այնտեղ, ոչ միայն վար չեն թափիր, այլև մի ժամանակ լուսաշող մեծ ջահն ալ կբռնեին, զիրենք ստեղծագործող հանճարեն քաջալերություն և խրախույս տվող վայելչասեր բարեպաշտի գերեզմանին վրա։
Այսուհետև պետք չկա անոր մեջ խունկին և աղոթքին, զինքը պահպանող, վերքերը դարմանող և վերջնական կործանումեն ազատող կարեկից ձեռքերու միայն կարոտ է։
Սմբատյան պարիսպներու վրայի ատամնաշարերից այժմ տեղին վրա, ներսի կողմի պատին, մնացած է Լուսավորչի մոտի փոքր դռան կից քառակուսի բուրգի վրա, հետևյալ կերպ․− Դվնո դռան ներսի ճակատին վրա՝ 2 հատ, դռան արևմտյան կողմեն կից բուրգին անմիջապես հաջորդող պատին (դեպի արևմուտք)՝ չորս ատամ, բայց ներսի քարերը պոկված են և միայն շաղախով պահված է անոնց ձևը։
Դվնա դռնեն դեպի արևմուտք բուրգին սյան անմիջապես կից ուղիղ պատին վրա մնացած են 5-6 ատամներ բավականի որոշ վիճակի մեջ։
Ավագ դռան արևելյան կողմեն անմիջապես կից բուրգին արևելյան կողմեն միացած ուղիղ պատերու վրա կան չորս ատամներու որոշ մնացորդ։