հետ և դարձյալ վերածվելով մեկ ձորի՝ կշարունակվի մինչև գետը։
Երկու ձորերու միացման կետին ճակատը, մոտ 8-10 մետր բարձրությամբ, քարակտուր բարձրություն մը կձևանա ճակատը դեպի հարավ և հարավ արևմուտք, այս (կարմիր քարե) քարակտուր բարձրության տակ շարված են զանազան քարեր և քարափոր եկեղեցիներ միշտ ճակատնին դեպի հարավ։
Այս քարակտուրին դեպի արևմուտք երկնցող ընդարձակության վրա, մի փոքր տարածության վրա կան աղքատիկ գերեզմանոցներ, որոնց տապանաքարերը կամ հասարակ անտաշ խոշոր քարեր են և կամ օրորոցաձև տաշված պարզ քարեր։
Հյուսիս արևելքեն առաջացող ձորին բերանը դեռ Գլիձորին չի խառնված, ուշագրավ է տեսնել կարմիր քարի մեջ միակտուր փորված միջակ մեծությամբ եկեղեցի ներքին կողմեն 7 մետր երկայն, 4½ մետր լայն, արևելյան և արևմտյան կողմեն կիսաբոլորակ թևեր ունի խոր, մոտավորապես երկու մետր, իսկ հյուսիսային և հարավային կողմերի թևերն անկյունավոր են։ Արևելյան կողմի սեղանի աբսիդն ունի 2,10 մ․ լայնություն, անկյունները ունին զույգ սյուներ, 1,50 մետր բարձրությամբ վրան կիսաբոլորակ աբսիդի ուղղությամբ պսակով մը, ասոր վրա կբոլորվի երեք աստիճան կամար, նույն ձևով երկաստիճան կամար քանդակված են չորս թևերու բերաններուն եղող սյուներու վրա։ Արևելյան սեղանին կիսաբոլորակին վրա կարգով քանդակված են կիսաբոլորակ կատարով վեց հատ խորշեր 50 սմ. լայնքով, 120 սմ. բարձրությամբ յուրաքանչյուր խորշ իրարմե կանջատին զույգ մը կոկիկ փորված փոքր սյուներով իրենց գնդաձև խոյակներով և աբագներով։ Սեղանը մի աստիճան բարձր փորված է, քան եկեղեցիի հատակը։ Արևելյան և արևմտյան աբսիդները փորված են կիսագմբեթ, իսկ միջին մասը ուղիղ կամարաձև հյուսիսեն հարավ թեթև կորությամբ։ Այս ամենը քանդակված են խիստ նրբությամբ և ճարտարությամբ, հակառակ ժամանակի պատճառած ավերումներուն և քարին վատ տեսակին, տակավին կմնան բոլոր գծերու ճարպիկությունները և շինողներու ճաշակի զարգացումը։
Հարավային թևին վրա, կբացվի եկեղեցվո մուտքը՝ մեկ մետր լայնքով և 1,60 բարձրությամբ, մուտքը արտաքուստ ունի ըստ անեցվոց ճաշակին զույգ սյուներ երկու կողմին վրա և երեք աստիճան վրայե վրա կամար, գուցե կային քանդակներ ևս, սակայն լիովին մաշված է։ Դռան բացվածքի վրա կամարին վերևը կա բոլորակ լուսամուտ մը։ Եկեղեցիին կհաջորդե գավիթը եկեղեցիեն քիչ ավելի լայն, իսկ անկից կարճ, գավիթի մուտքը ևս եղած է հարավային ճակատեն, որ այժմ փլված ու բացված է ամբողջ ճակատը։ Դռնեն ներս բնական քարե փորված են երկու գեղեցիկ սյուներ, մինը հյուսիսային պատին կցված որմասյունե, իսկ մյուսը հարավային պատին ավելի մոտիկ անջատ սյուն է, բուները ունին 55-են 60 սմ․ տրամագիծ, երկու սյուները կապված են իրարու. այս բոլորակներու մեջ կնշմարվին խաչեր, վարդեր և բոլորակներ կամարով, անջատ սյունին հարավային կողմին կամարը կպած է ուղիղ պատին, հարավ արևմտյան անկյունը ունի մի լուսամուտ, իսկ հարավ արևելյան անկյունը կա մի փոքր դուռ, ուրկից կմտնվի մի փոքր սենյակի մեջ, թերևս քահանային կամ պահապան ժամկոչին հատուկ։ Այս եկեղեցու առջև ալ փոքրիկ տարածություն մը կա, տափարակ և անցք կամ ճանապարհ, անոր անմիջապես առջևն է ձորին խորությունը մոտ 8-10 մետր։ Այս հյուսիս արևելքեն եկող ձորին երկու կողմն ալ, մինչև բարձրանալով հարթ դաշտին հասնելը, կան զանազան քարայրեր մեծ և փոքր։ Գաղտ դուռնեն հարավ սև ու դեղին քարերով շինված մի հիանալի բուրգի առջև արդեն ձորը, սկսած է սրագագաթ խորանալ, այստեղ բարձրությունը ձորի հատակեն մինչև պարիսպի հիմը մոտ 18-20 մետր է, մեկ կողմեն Անիի բարձրավանդակը բարձրանալով և մյուս կողմեն ձորը դեպի խորը գնալով, Լուսավորչի մոտ գտնվող բաղնիքի ուղղությամբ, ձորին խորությունը կհասնի գրեթե 60 մետրի։ Ձորի հատակը նեղ է, իսկ վրան երկու կողմեն թեք լանջեր հակվելով այս և այն կողմը, գրեթե 100-120 մետր բացվածք ունի։ Այս ձորին երկու կողմին վրա ևս կան բազմաթիվ քարայրեր, տեղ տեղ