Էջ:Armenian architecture, Toros Toramanian.djvu/208

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

փոփոխությունը այնքան խնամքով է կատարված, որ հայտնի հետք չէ մնացած։ Մեծ սյուներուն վրա եղած փոփոխությունները շատ պարզ են. անոնցմե դեպի պատերը ձգվող կամարները, որոնք պետք է հետնագույն շինության վերաբերին, առաջվան գոց պատերու և անանց տակ գտնված դռներու փոխարեն հավանաբար 9-10-րդ դարերու գործ կերևին իրենց ոճով և ճաշակով, ինչպես խոյակները և խարիսխները։ Իսկ այդ փոքր մասերուն վրայի ծածկերը, որոնք voûte d'arêtes-ով ծածկված են, անպայման 13-րդ դարեն առաջ չեն կարող ըլլալ։

Հին տաճարներեն գիտենք, որ արևելյան կողմը, գոնե երկու սենյակները անհրաժեշտ էին, մանավանդ այս եկեղեցիի նման մի մեծ եկեղեցի առանց այդ կողմնակի սենյակներուն չէր կարող մնալ, այս իսկ ցույց կուտա, որ այդ սյունամեջերը առանձին սենյակներ էին ներսեն և դրսեն տաճարին հետ հաղորդակցելու համար։ 10-րդ գարուն, երբ առհասարակ կողմնակի սենյակները խորանավոր մատուռներու փոխարկվելու ընդհանուր սովորությունը մտավ, այս սենյակները այնքան փոքր էին, որ չէր կարելի անոնց խորան ավելցնել, ուստի այս սենյակներուն առջև արևելյան կողմեն շիներ են երկու չափավոր մեծությամբ մատուռներ, որոնց դռներն այժմ արտաքին դուռ կարծվողներն են։

Գլխավոր կասկածը կմնա հիմա թե արդյոք այդ մատուռների շինելու ժամանա՞կ բացվեցան այդ դռները։

Մեծ սյուներուն խոյակներեն արևելյան կողմի երկուքը և անոնք արտաքին պատերուն կապող փոքր կամարներու հանգիստները 10-12-րդ դարերու ճաշակով շինված բաներ են, հավանաբար նախնական փոփոխության ժամանակ շինված, իսկ արևմտյան կողմի երկու սյուներուն խոյակները ամենայն հավանականությամբ 13-րդ դարու վերջին մի նորոգության գործ են և շատ անխնամ ու պարզ ձևով շինված։ Դռներու և պատուհաններու կամարները ամենն ալ առհասարակ are plein cintre են, միայն թե ոչ Տեկորի պես ներսեն և դրսեն հավասար չափով բացվածքով, այստեղ դռները խիստ քիչ լայն են ներսանց, սակայն պատուհանները անհամեմատ մեծ տարբերությամբ լայնացած և երկնցած են ներսեն։