Պատուհանները իրենց լայն բացվածքներով և զիրենք պսակող մուլյուրներով պարզապես ցույց կուտան, որ 7-րդ դարու գործ են, և այնպես ալ մնացած, առանց ոևէ փոփոխության, նույնպես սեղանը պահած էր իր 7-րդ դարու իսկական տիպը: Ոչ միայն երկու կողմեն բարձրանալու սանդուխներ ունի, այլև մեջտեղեն ալ ունի՝ ինչպես Զվարթնոցը, իբրև բացառություն վերջին դարերու եկեղեցիներեն (Մրենի սեղանը քայքայված է, հայտնի չէ, թե արդյոք նա ալ ունե՞ր մեջտեղեն վերելք)։
Տանիքը հաճախակի փոփոխությանց է ենթարկված, որոնց մեջ պարզ կտեսնվի, թե 7-րդ դարու եկեղեցիները ինչպես նաև Մրենը, Զվարթնոցը, կղմինդրով են ծածկված։ Վերջին ժամանակներ հայտնի չէ, թե երբ, կղմինդրներու վրայեն կրաշաղախ քաշած և ծեփած են։ Այժմ մեծ մասամբ կմնան ծեփին տակ:
Գմբեթը գրեթե բոլորովին փլած է, միայն արտաքուստ մնացած շրջապատեն կերևի, որ ավելի նման է եղեր Տեկորի գմբեթի արտաքինին, քան ուրիշներու, որովհետև տանիքներու ամենաբարձր կատարներեն վեր անգամ դեռ մեկ մետր բարձրությամբ ուղիղ քառակուսի պատեր կան փոխանակ անկյունավորի, ինչպես Մրենի եկեղեցին. սկսեց կեզրակացնեմ, որ թերևս Մրենի գմբեթին փոփոխությունն ալ հետնագույն է. և կամ գոնե եթե Տեկորի նման բոլորովին քառակուսի գմբեթով կազմված, գոնե բավականաչափ քառակուսի ձևով, իբրև գմբեթի պատվանդան, բարձրացվելեն հետո պատշաճ բարձրությամբ կազմված էր անկյունավոր գմբեթը:
Գմբեթը ներքուստ ալ պահած է իր նախնական տիպը, թեև քիչ մը ավելի մշակված ձևով, քան Տեկորի գմբեթին կազմությունը:
Նախապես ուղիղ քառակուսի բարձրանալեն հետո յուրաքանչյուր անկյուններեն շեղակի նետված են փոքր կամարներ, որոնցով ձևացեր է ներքուստ ութանկյունի մը: Եվ ձևացյալ ութանկյունին սուր մնացած անկյուներն ավելի ևս բթացնելու համար նախապես գոյացած ութանկյունիներուն վրա դարձյալ շեղակի ձգված են փոքրիկ կամարիկներ, որոնցմով արդեն ձևացեր են 16 հատ բութ անկյուններ և գրեթե բոլորակի ձև է ստացեր և անոր վրա հարմարցուցած է վեղարը։ Հավանականաբար վեղարն ալ պետք է, որ նման ըլլա Ալամանի եկեղեցիին, ավելի մշակված, քան Տեկորի գմբեթին վեղարի կազմը։
Գմբեթին վեղարը, ինչպես նաև կողմնակի չորս աբսիդներու ծածկերը եղած են կոնաձև։ Կաթողիկեին մասին խոսք չի կարող ըլլալ, սակայն աբսիդներուն ծածկերուն այժմյան մնացորդները թերևս ոմանց մեջ կասկած հարուցանեն անոնց սֆերիկ ըլլալուն։ Սակայն, այսօրվան մնացորդ սֆերիկ մասերը լոկ ներսանց կազմված գմբեթարդին մասերն են, և անոնց ոտքերը շատ հեռու կմնան արտաքին որմերեն. այդ