Jump to content

Էջ:Armenian architecture, Toros Toramanian.djvu/210

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սֆերները և մինչև արտաքին պատերուն մեջ եղած բաց միջոցը կարելի է միմիայն կոնաձև ծածկել, եթե սֆերիկ ծածկեին այն ատեն բարձրությունը շատ պիտի շատնար և ծածկեր անոնց կատարին վրա գտնված պատուհանները. բացի այդ պարագան, եթե սֆերիկ շինված ըլլար, այն ատեն հարկ չիկար, որ այդքան բաց տեղ թողելով փոքր գմբեթարդներ ցույց տրվեին արտաքուստ։

Եկեղեցիի շուրջը ամեն տեղերու պես գերեզմաններով ծածկված է, իսկ ուրիշ շինությանց մնացորդներ չկան, բացի հարավ արևմտյան կողմը 2-300 քայլ հեռու ուրիշ եկեղեցիի մը պատերեն, որը գյուղացիք հետզհետե քանդելով տանելու վրա են։

Մոտակա շրջակայքը կան շատ մը շինությանց հին հիմքեր, որոնք ցույց կուտան հին ժամանակ այդ տեղերու մեջ խիտ բնակչության գոյությունը, իսկ համեմատելով հիմերու անհամեմատ թանձրությունը և խիստ մեծամեծ քարերով շինված ըլլալը, հայտնի կդառնա, որ անոնք հասարակ բնակարաններ ըլլալու հիմեր չէին, մոտ երկու մետր լայնություն ունեցող հիմքեր կան կարծր որձաքարե և հսկա քարի կտորներով հյուսված, որոնց ամեն մեկը 10-20 մարդ հազիվ կարող է շարժել և թե երբեմն այդ պատերն այնքան երկար են շարունակված, որոնք չէին կարող հասարակ տուներ ըլլալ, եթե ոչ բերդի, գոնե ապարանքներու պատեր պետք էր որ ըլլային։ Այս հետքերը բազմաթիվ են եկեղեցիի հյուսիս-արևելյան կողմի բլրացած բարձրության վրա և անկեց վար դեպի գյուղը եկեղեցիեն անջատող ձորը։

Ես չպիտի վարանեմ այս ամրակուռ շինությանց հետքերը հեթանոսական շրջանի համարելու, որովհետև քրիստոնեական շրջանեն ոչ միայն սրբատաշ քարերով բերդեր և ապարանքներ կառուցանելու սովորությունը ընդհանուր էր, այլ և քննելով կտեսնենք, որ այդ վայրերը մի ժամանակ ծառայել են քրիստոնեից համար իբրև գերեզմանատուն, այդ գերեզմանները պատահեր են սենյակներու և սրահներու մեջ և անոնց պատերեն թափած մեծամեծ քարերը ծառայել են իբրև խաչարձան՝ առանց տեղերեն շարժվելու, պատեն ընկած կամ հիման մեջ նախապես դրած մեծ քարի մը առջև մեռելը թաղել են և նույն քարին վրա փորագրեր են խաչեր և հիշատակարաններ, ասոնց մեջ արձանագրություններ կան, որ մինչև 12-13-րդ դարերը կհասնին։

Գյուղացիներու պատմելով այս տեղերը հաճախ պատահած են հեթանոսական շրջանի հնություններ և գերեզմաններ։ Այժմ Միջին Գյուղ անվանված բարձրության վրա, նոր տներ շինելու համար հիմեր փորելու ժամանակ գտնվեր են հեթանոսական գերեզմաններ, քարե փոքրիկ կուռքերու արձաններ, սակայն դժբախտաբար փչացուցեր են։

Առաջին առթիվ մարդ երբ կմոտենա դաշտի եզերքին և դեպի Ախուրյանի ձորը կտեսնե Բագարանի ընդհանուր դիրքը, անմիջապես կըմբռնե, թե որչա՞փ զորավոր եղեր է մի ժամանակ թշնամու երկյուղը և այդ երկյուղի ազդեցության տակ մարդիկ ինչպիսի՞ տաժանելի կյանք անցնելու կպարտավորվին։

Դաշտավայրի եզերքին մոտենալով հանկարծ կպարզվի աչքի առջև մի ընդարձակ խոր փոս, որուն մեջ ոչ այլ ինչ կտեսնվի, բայց եթե ահագին ապառաժներու կույտեր, բարձրաբերձ ժայռեր, խորախոր փոսեր, նեղ ու ոլորուն կիրճեր, մինչև գետին եզերքը և այսպես կտևե հետիոտն ճանապարհորդի մը համար, գրեթե մի ժամ։ Երկյուղը և սարսափը պարզապես բերեր ահալի ժողովուրդը խցկեր է այս ապառաժուտ քարքարուտներուն մեջ գոյություն պահպանելու համար, և զարմանալին այն է, որ այդ գոյության պահպանության համար այդ քարերուն և ապաժաոներուն կյանք ու կենդանություն են տվեր։ Բացի գետին ջուրեն քարքարուտ լանջերուն մեջեն բխող առատ ջուրերը քաջալերություն և ուժ են ներշնչեր հալածական ժողովուրդին, մեկ կողմեն սկսեր են մաքրել այդ տեղերը ապառաժներեն և այգիներ ու պարտեզներ տնկել ընդարձակ տարածության վրա, այնպես որ Մրենեն հետո Բագարանն է, որ պիտի մրցի իբրև Անիի բազմամբոխ ժողովուրդին մրգեղեն մատակարարող։ Թեև այդ ջլապինդ ժողովուրդին անպարտելի ուժը չէ կարողացեր ձորը, կամ ավելի ճիշտ, այդ փոսն իր լեռնացած ապառաժի կույտերեն բոլորովին ազատել, դեռ ամենամեծ մասը կմնա, սակայն ինչ որ ալ ըրեր են, արդեն շատ մեծ փաստ է այդտեղ ապրող հին ժողովուրդին տոկուն ու չարքաշ կյանքին. երկրագործության և մշակության մեջ ունեցած հմտություններուն. ինչպես կըսեն ռամկորեն, քարեն հաց հանելու հատկություններուն։ Այսօր ներկա գյուղացիք հիներուն թողած պատրաստ հողերը միայն կմշակեն, այն ալ ամբողջովին մաքրել դեռ չեն կարողացած և շատ տեղեր կան ու կտեսնվին, որ ի հնումն այգիներու և պարտեզներու տեղեր են եղած։ Հայտնի են անոնց պատերն ու սահմանները, սակայն կմնան խոպան, որովհետև բնական ոևէ պատահարներով մեջը քարեր են թափեր, կամ ոևէ շինության քանդակը և բեկորները մեջը բլրացել են։

Բագարանի փոսը հյուսիսեն հարավ երկնցած է, իսկ արևելքեն արևմուտք մի քիչ նեղ չափ ունի։ Ստորոտեն կանցնի Ախուրյանը, սակայն առհասարակ ամեն տեղե դաշտավայրեն անտեսանելի է այս թագստարան փոսը մինչև եզերքին մոտենալը։ Հյուսիսային կողմը կգտնվի բերդը, իսկ հարավային ծայրը՝ բարձր տեղի մը վրա ս. Թեոդորոս եկեղեցին։

Բերդը ունեցած է ի հնումն մեծ տարածությամբ որձաքարե պարիսպ, որուն մեջ շրջափակված են երեք հատ զանազան բարձրությամբ բարձր քարաժայռեր, այս շրջափակին մեջ է եղած հին քաղաքը, որուն մեջ դեռ պարզ նշմարելի են բնակությանց անթիվ հիմունքներ պինդ որձաքարով չոր շարված, և խիստ հաստ պատերով մեծամեծ շինությանց մնացորդներ անթիվ են և այսօրվան քարքարուտներու մեծ մասը բոլորովին անբնակ կերպով այդ բազմաթիվ շինությանց փլատակներեն են առաջ եկած, այնպիսի խոշոր զանգվածներեն հյուսված պատերը, որ ներկա ժողովրդի համար դժվար է երևցած նույնիսկ անոր փլատակներեն գոյացած քարերն իսկ տեղեն շարժել։ Այս փլատակներն ալ հավանորեն հին հեթանոսական շրջանի մնացած հետքեր են. որովհետև անոնց վրա քրիստոնեական շրջանը իր որոշ դրոշմը դրած է իր սրբատաշ քարերով և կրաշաղախ շինված պատերով զանազան քանդակազարդերով։