Էջ:Armenian architecture, Toros Toramanian.djvu/219

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

երկու որմասյուներուն վրա միևնույն սյան կտորին հետ միակտուր քանդակած են, դուրս ցցված քանդակազարդ խաչեր, գավիթի և եկեղեցվո շուրջը ամբողջ հնագույն գերեզմանատներ են։ Արտաքուստ, թե՛ գավիթը, թե՛ եկեղեցին շատ պարզ են և ըստ սովորականի խաչաձևված տանիքով։

Անպայման հին, թերևս 5-րդեն 7-րդ դարու շինություն է եկեղեցվո հարավային պատին կից փոքր եկեղեցին կամ մատուռը (արդյոք այս չափերով և ձևերով շինած փոքր եկեղեցիները հնագույն վկայարաններ չե՞ն)․ որմասյուներ և անոնց խոյակ ու խարիսխներ ըստ ամենայնի կհիշեցնեն Տեկորի, Շիրվանճուկի և այլ հնագույն տիպի եկեղեցիներու մեջ գործածված moulure-ները, նույն ձևն ունեին նմանապես Մոլլաղասում գյուղի գերեզմանատան միջի փոքր մատուռի որմասյան խարիսխ ու խոյակները։

Այս փոքր մատուռը ունեցեր է երկու դուռ հյուսիս և հարավ կողմերեն, երկու արձանագրություն հարավային պատին վրա և մի արձանագրություն արևմտյան պատին վրա, այս արձանագրություններեն երկուքին հազիվ հետքերը մնացեր են, իսկ մեկը, որ լուսանկարված է, բավականին լավ պահված է, ուշ ժամանակի նորության կվերաբերի։

Այս փոքր եկեղեցուն հավելվածական ձևով կցած կա մի փոքրիկ խորան և մի սենյակ։ Փոքրիկ խորանը խորանակից է բուն եկեղեցիին, իսկ սենյակը՝ հարավ արևմտյան անկյունին կից է և դռնով կհաղորդակցի եկեղեցու հետ։ Հավանաբար հնագույն ձևի սպասուց պահարան էր այս փոքր եկեղեցվո համար։ Խորանների պատերեն դեպի հարավ եղած պատերը հետնագույն հավելվածքներ են։ Անեղծ մնացած արձանագրության վրա կա մի հետաքրքրական երևույթ փորագրելու ձևի նկատմամբ, ինչպես կերևի նախ կրաշաղախի բարակ շերտով մը ծեփեր են և վրայեն յուրաքանչյուր տողի և տողամիջի հատուկ չափով ուղիղ հորիզոնական գծեր քաշեր են ու անոնց մեջ փորել են։ Ըստ երևույթին արձանագրությունը պակաս է մնացած, որովհետև դատարկ մնացած է երկու տող և կվերջանա ԵԻ ՊՈՂ անիմաստ վանկերով։

Աստվածընկալ գյուղը կգտնվի ձորի մը մեջ Քասախ գետի ափին։ Շատ կհիշեցնե Գեղարդա վանքի դիրքը յուր սարալանջի ճանապարհով. մեկ կողմեն ապառաժոտ լանջեր և մյուս կողմեն ձորը, ձորի մեջ մի բարձր դիրքի վրա շինված է վանքը կամ եկեղեցին։

ԵՂՎԱՐԴ
1914 թ. հունիս 29

Ճանապարհվեցա Աստվածընկալեն դեպի Եղվարդ և հազար ու մեկ դժվարություններ կրելե հետո, հազիվ հազ հասանք Ղարապուլախ ըսված գյուղը։

Այս Ղարապուլախ գյուղի մեջ ալ մի հնագույն գերեզմանատուն կա, ուր կան կոտրտած գերեզմանախաչեր, քանդակազարդ տապանաքարեր, որոնք բավականին հնության կթվին (թերևս 13-14-րդ դ․ դ․ մնացած)։

Դ
ՆԱՄԱԿ ՊՐՈՖ. Ն. ՄԱՌԻՆ
ՄԵԾԱՐԳՈ ՏԵՐ[1]
(1913 թ. հուլիս 20—դեկտեմբերի 18)

Նախապես կուգամ հայտնել իմ խորին շնորհակալություններս այն դյուրության համար, որ ընծայեցիք ինձ, և ես ձեր երաշխավորության տակ, կատարեցի խիստ շահեկան ուղևորություն մը ճիշտ մեկ ամիս։ Թեև այս մեկ ամիսը շատ աննշան էր իմ նպատակի լիակատար իրագործման համար, սակայն գեթ կարողացա մի որոշ ծրագիր կազմել առաջիկա տարվան կատարելիք ուղևորություններուս համար։

Նկատելով, որ ձեզ համար այն կողմերը արդեն ծանոթ կլինեն, և գուցե այնքան ալ հետաքրքրական չեն լիներ իմ տված տեղեկություններս, այնուամենայնիվ երբեմն անցա այնպիսի տեղերե և պատահեցա այնպիսի նյութերու, որոնք իմ կարծիքով, հազիվ թե ավելորդ լինեն ձեզ տեղեկացնելս։ Ուստի անգամ մը ևս կխնդրեմ ձեր ներողամտությունը, եթե ավելորդ անգամ ձեզ ձանձրույթ կպատճառեմ։

Հուլիսի 20-րդ օրն էր, ճանապարհվեցա Հառիճ՝ Արագածի շրջանը այնտեղեն սկսելու համար։ Ճանապարհին Հառիճեն 7-8 վերստ մնալով մտա Մաջիթլու ըսված գյուղը, որտեղ կա մի հին եկեղեցի։ Այս եկեղեցին թեև բոլորովին նախնական վիճակի մեջ չէ մնացած, արևմտյան կողմն քանդվեր է և վրան հավելվածներ են արած, սակայն ըստ ինքյան մնացած մասերը ցույց կուտան, թե մինչև 7-րդ դար գոյություն ունեցող ոճին կպատկանի։ Թիվ 108 (էջ՝ 139) լուսանկարը Մաջիթլուի եկեղեցվո հյուսիս-արևելքը ցույց կուտա, ներքուստ և արտաքուստ խաչաձև է։ Հյուսիսային պատի վրա շատ արձանագրություններ կան, որոնց առանձին առանձին լուսանկարելը խիստ շահեկան կլիներ, սակայն ես հնար չունեի երկար մնալու, միայն առայժմ բավականացա լուսանկարելով։ Թիվ 205 պատկերը, որ կներկայացնե հյուսիսային պատի վրա գտնված արձանագրություններու խումբը։ Թիվ 206 պատկերն այդ արձանագրություններեն մեկն է, որ գեթ 10-11-րդ դարերուն անսովոր՝ ցից տառերով փորագրված է։ Կհուսամ, որ առաջիկա տարի բոլոր արձանագրությունները առանձին լուսանկարելով ձեզ ներկայացնելու հաճույքը կունենամ, եթե իհարկե պետք կտեսնեք՝ իմ այս փոքրիկ ծառայության։

Ճանապարհս շարունակելով հասա Հառիճ։ Այս վանքն ես առաջին անգամն է, որ կտեսնեի, բանակաբար

  1. Այս հատվածը մի զեկուցագիր է իր՝ Թորամանյանի 1913 թվականի երկրորդ կիսամյակում կատարած գիտական ճամփորդությունների մասին, որ նույն տարվա վերջերին ուղարկել է Պետերբուրգ Ն. Մառին։ Հատվածի հետ ուղարկել է նաև 67 համարակալված լուսանկարներ, որոնք հիշատակված են բնագրի մեջ, սակայն Թորամանյանի արխիվում եղած այս զեկուցագրի օրինակը (գրված հեղինակի ձեռքով), որից և տպագրում ենք այստեղ, լուսանկարներ չուներ, այդ պատճառով էլ, հնարավորության չափով, այդ բացը մասամբ լրացրինք մեր թանգարանի լուսանկարչական արխիվից, աշխատելով ընտրել բնագրում նշվածների նմանները։ Կազմող