Jump to content

Էջ:Armenian architecture, Toros Toramanian.djvu/245

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մնացորդներ ցույց են տալիս, որ քրիստոնեական նախնական շրջաններում միայն լքել են այս ամրոցը և քաղաքը։ Երկար ժամանակ բնակելի եղած լինելու պատճառն ինձ կթվի թե, տեղի բնական ամրության հետ միասին նաև ձեռագործ ամրությանը միանալն էր։ Երկու հսկայական քառակուսի բուրգերով ամրացված էր գլխավոր մուտքը, յոթ քառակուսի բուրգերով շրջապատված են հյուսիսային և հյուսիս-արևելյան պատերը։ Պարիսպի չորրորդ բուրգին կից կա մի փոքր դուռ (անշուշտ գաղտ դուռ), որը մինչև այսօր պահված է ամբողջությամբ. հյուսիսային կողմի բուրգերը, որ մի քիչ ավելի խիտ են և բուրգերը ավելի փոքր, երևակայության իսկ սարսափ ազդող մի կազմություն ունեն․ քառակուսի բուրգերի ամբողջ ճակատը և կողմերը միակտուր մի մի քարով են ծածկված, քարերի բարձրությունները իմ հասակիցս ավելի բարձր էին։ Թե ինչ ուժով և հնարով են կանգնեցրել այդ ահագին ծանր զանգվածները, առայժմ մեզ համար գաղտնիք է։

Պարիսպից դուրս եղած քաղաքատեղը մի կիլոմետրից ոչ նվազ տարածություն ունի, տներից շատերի ձևերը որոշ են և պատերը կիսով չափ կանգուն։ Պատերուն վրա տակավին կան մտից արտաքին դռները, որոնք մեզ զարմանք պատճառելու չափ նեղ են, այստեղ ևս վերնասյամերը միակտուր մեկ քարից են։

Ամրոցը շրջապատող ձորերին մեջ կան բազմաթիվ քարայրեր։

թ. ԲԵՐՍԻ
Օգոստոս 9

Գյավուր Ղալան հետազոտելուց հետո արշավախումբն իր ճանապարհը շարունակեց դեպի Բերսի գյուղը, վերահաս գիշերը այդ գյուղում անցնելու համար։ Երեկոյան մոտ դեռ գյուղը չհասած, ճանապարհի մոտ պատահեցին մեզ երկու խոշոր դոլմեններ, որոնցից մեկը խիստ ավերված էր և հնար չէր որևէ չափագրություն կատարել, իսկ երկրորդը՝ գրեթե արտաքուստ ամբողջական վիճակի մեջ էր, միայն ներքինը տեսնել անհնար էր՝ մուտքի առջևը թափված մեծամեծ քարերի պատճառով, որոնք մուտքը միանգամայն խափանել էին։ Դոլմենի կողքերն էլ հող ու քար լեցնելով բարձրացած էին։ Միայն հնար եղավ չափել վերևը ծածկված քարերը և արտաքուստ լայնությունն ու երկարությունը։

Երկրորդ դոլմենի արտաքուստ լայնությունը 2,20 մ․, երկարությունը՝ 6,25 մ., մուտքի լայնությանը ներսից 1,40 մ.։

Վերևը ծածկված էր չորս միակտուր մեծ քարերով, որոնց երկուքը խիստ մեծեր էին, այդ երկուքը չափեցի.

ա. քարի երկայնությունն էր՝ 1,61 մ․։

ա. քարի լայնությունը՝ 1,17 մ.։

բ. քարի երկարությանը՝ 1,61 մ.։

բ. քարի լայնությունը՝ 1,37 մ.։

Գյուղում ակնհայտնի մի հնություն չկար, հին տների մեջ միայն ուշագրավ առանձին քարեր կային։

Գյուղի հանդեպ 2-3 կիլոմետր հեռավորության վրա երևում է մի նախնադարյան բերդ՝ բարձր սարի վրա, սակայն մեզ հնար չեղավ տեսնել, հակառակ այդ բերդի մասին մեր առած զանազան հետաքրքրական տեղեկությունների։

ժ. ՏԻՔՄԱ ՏԱՇ (Ղոթուր գյուղի յայլայում)
Օգոստոսի 11

Փարպի եղած ժամանակնիս տեղեկություն ստացել էինք, որ Ղոթուր գյուղի յայլայում մի մեծ քար կա Տիքմա Տաշ անունով, որի անհեթեթ մեծությունը և ձևը ժողովրդական առասպելական մեկնությունների առիթ էր տվել։ Մեր օրվա հետաքրքրական առարկան այդ հսկա մեծությամբ քարն էր, որը լուսանկարեցինք և մանրամասնորեն նկարագրեցինք տեղում։ Այս հետաքրքրական հսկայական քարը ևս ազատ չէր մնացել մոտակա տգետ գյուղացիների քմահաճույքից, որոնք ուզեցել են կոտրելով տանել գյուղը մեռելի տապանաքար շինելու համար, որովհետև առանց կոտրելու տեղիցը շարժել անկարելի էր, իսկ եթե մեջտեղից կոտրել կարողանային պիտի լիներ երկու գերեզմանաքար, փորձել են երկու հավասար կտորի վերածել, սակայն չեն հաջողեր, ինչպես կերևի ակամա կոտրեր են միայն մեկ գլուխը։ Կարծր որձաքարից է շինված այս կռթողը, բոլորովին նախնական ձևով տաշված, թեև քարն անընդունակ է ավելի նուրբ տաշվելու։ Քարը տաշված է երկու գլուխները նեղ, իսկ մեջտեղը՝ լայն։

Քարի ամբողջ բարձրությունը նախքան մեկ գլխից կոտրվելը ունեցեր է երկու մետր իննսունութ սանտիմ բարձրություն։ Իսկ այժմ կոտրված վիճակին մեջ մեծ կտորին բարձրությունն է 2,60 մ., ստորին գլխի լայնությունն է 45,5 սմ., վերևը կոտրված տեղի լայնությունն է 53 սմ. և նույնքան էլ հաստություն։ Մեջտեղի լայնությունն է 63 սմ․, գլխից կոտրված կտորի բարձրությունը 38 սմ. և 60 սմ. հաստությամբ։ Մեկ ճակատի վրա փորագրված են նախնական պաշտամունքի խորհրդանշաններ, իսկ մյուս կողմին գագաթեն քիչ ցածր տեղի վրա փորագրված են փոքր բոլորակ փոսիկներ նույնպես պաշտամունքի խորհրդանշան, ինչպես որ ուրիշ հեթանոսական պաշտամունք հատուկ տեղեր ու մեջ ժայռերի կամ առանձին քարերի վրա։

ժա. ՄԵՆԱՔԱՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՕՐԻՆԱԿ
Օգոստոս 12

Ղոթուրի յայլան թողելով մեկնել էինք Արագածի բարձունքը և այնտեղ քրդական վրանի տակ գիշերելուց հետո ճանապարհվեցինք դեպի Անբերդ։ Հազիվ հեռացել էինք Ղարադաղի սալորուտին վրա գտնված մեր հյուրընկալ քրդական վրաններից, երբ ճանապարհից դուրս նկատեցինք մի անսովոր մեծությամբ քար, պառկած գետն ի վրա։ Քարին մոտ գնալով տեսանք, որ այս ևս երբեմն կանգուն մի մենաքար էր մոտավոր նմանությամբ Ղոթուրի մեջ եղող մենաքարին։ Սակայն միանգամայն պարզ էր, առանց քանդակի, նաև ստորին մասը լայն էր, միայն վերևի մասն էր նեղ, վերևի նեղ մասը կվերջանար բուրգի ձևով։ Քարի ամբողջ բարձրությունն էր ճիշտ երեք մետր քառասուն սմ., ստորին մասը՝