Jump to content

Էջ:Armenian architecture, Toros Toramanian.djvu/264

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կտեսնվի գրեթե ամբողջությամբ միջնաբերդի ընդարձակ տարածությունը, որուն երկայնությունը ավելի է քան 400 մետր, իսկ լայնությունը՝ քիչ պակաս։ Միջնաբերդի ընդարձակ տարածությունը ծածկված է վաղեմի բնակարանների հիմքերով. բոլոր հիմքերը դրված են ժամանակակից սովորության համաձայն, առանց շաղախի, սևագույն որձաքարով։ Ներքին տարածության գրեթե կեսին վրա երևում են մի մեծ շենքի հիմքերը՝ բազմաթիվ բաժանումներով, որուն տեսքը ցույց կուտա թե այս շենքը անպայման իշխանական կամ ցեղապետական մի բնակարան էր և մյուս շրջապատող շենքերից ավելի խնամքով շինված։ Այս շենքից քիչ հեռու դեպի արևմուտք կա մի ստորերկրյա շենք կամ քարայր, որուն մուտքը այժմ փլուզումներով խափանված է։ Այստեղ ընդհանուր առմամբ պարիսպներ և պատեր շինված են մի քիչ ավելի փոքր քարերով քան Հոռոմի և այլ տեղերի նախապատմական ամրոցների պատերը, և որոշ չափով լարաձիգ ուղղություն ունին և քարերի շարքերը կանոնավոր միմյանց վրա են։ Երևում է, որ այս բերդին վրա ուրարտական շրջանում մեծ չափով նորոգություններ և հավելումներ եղել են։

Բերդից հյուսիս արևելք կգտնվի մի մեծ արվեստական լիճ, որու շուրջը պատնեշավորված է մեծամեծ անտաշ քարերով և մինչև այսօր դեռ կմնա գրեթե անվնաս. թեև այժմ հոսող ջուր չկա, սակայն հավաստում են, որ երբեմն հորդ անձրևների ջրերը լեցվում են այս լճի մեջ և ջուրը երկար ժամանակ մնում է և օգտվում են ջրից սարում արածող անասունները։ Ավելի ցածը, գրեթե գյուղի ուղիղ արևելյան կողմը, կա մի ուրիշ արվեստական լիճ, որուն թե ջուրը գալիս է մի մասնավոր առվով և գրեթե ամբողջ տարին ջուր կա մեջը։ Այս արվեստական լճի ջրից օգտվում են այս գյուղի բոլոր նախիրները, և պետք է ասել որ գյուղացիք ևս հոգածու են միշտ այս լճի մասին, միշտ նորոգում և կարկատում են մշտնջենապես լճում ջուր պահելու և անասունները ջրելու համար։

ժ. ՀԱՃԻ ԽԱԼԻԼ
Սեպտեմբեր 18

Ղըրխ Դակիրման գյուղի հետախուզություններից հետո անցա մոտակա Հաճի Խալիլ գյուղը, այցելեցի երկրորդ անգամ նախնադարյան հնագույն մեծ ամրոցը, որուն մասին գրել եմ գիտական ինստիտուտի «Բանբեր»-ի մեջ, սակայն այստեղ ևս ավելորդ չեմ համարում մի քանի խոսք ասել և լրացուցիչ տեղեկություններ տալ։

Նախքան ամրոց բարձրանալը, ընդարձակ տարածության վրա կտեսնվին հասարակ ժողովրդի բնակարանների հիմերը և ամրոցը շինված բարձր սարի շուրջը։ Բացի բնակարանների հիմքերից նաև տեղ տեղ երևում են քաղաքի փողոցները։ Ուրիշ նախնադարյան ամրոցների նման, այս ամրոցը ևս սարի լանջին վրա շրջապատված է տեղ տեղ երեք և տեղ տեղ չորս շարք պարիսպներով։ Պարիսպները շինված են բոլորովին նախնական ձևով, այսինքն այն ժամանակ, երբ ոչ գործիք ունեին քարերը տաշելով փոքր ի շատն կանոնավոր ձև տալու համար և ոչ էլ գիտեին ուղիղ գծի վրա մի պատ կազմելու քարերը կանոնավոր շարքերով միմյանց վրա դնելու արհեստը։ Այստեղ ևս հսկայական ժայռերի կուտակումներով կազմված են պարիսպները, որոնք պարիսպ ըսվելե ավելի վերելքը խափանող արգելափակեր էին. ո՛չ հորիզոնական շարք ունին քարերը և ո՛չ լարաձիգ ուղղություն։ Ամրոց բարձրանալու ճանապարհը արևելյան կողմի վրա է, սարի ստորոտեն սկսելով ճանապարհը շեղակի կբարձրանա և կհասնի գագաթին մոտ հյուսիսային կողմը։ Դռան տեղը միանգամայն որոշ է, միայն քանդված են բարավորները։ Բերդի միջի տարածությունը թեև փոքր է, սակայն մեծ մասը շինություններով խտացած է երևում. միայն հարավային ծայրին վրա երևում է, որ դեռ բոլորովին չէ մաքրված ժայռերից և առանց շինության մնացել է այդ բերդամասը։ Հարավային կողմն էլ պարիսպի վրա երևում է մի տեղ, որ դռան նմանություն է բերում, այդ դռնից դուրս պարսպամեջի ուղղությունը տանում է դեպի արևմտյան լանջը, ուր քայքայումները շատ են և իսկական դրությունն անորոշ։ Ինչպես ուրիշ տեղերում, «Բանբեր»-ում կարծիք հայտնել եմ, թե Ղըրխ Դակիրմանի մեծ ամրոցը շինվելե հետո, այստեղ լքվեր է թե՛ ամրոցը և թե՛ շրջակա բնակավայրերը։ Այս անգամվա այցելությանս միջոցին ավելի հաստատվեց կարծիքս։ Երբ գյուղացիներից ոմանց առաջնորդությամբ բարձրացա մոտակա փոքր ամրոցներն այստեղի արվեստական լիճը տեսնելու, նկատեցի, որ խիստ մոտ է այստեղից դեպի Ղըրխ Դակիրման և մարդկային ձեռքի աշխատանքների մնացորդներ հաճախ պատահում է այդ ճանապարհի վրա։ Արվեստական լիճը, որ մինչև այժմ կա և ջրով լիքն է, ջրի առվի ուղղությունը գնում է դեպի Ղըրխ Դակիրմանից վերև Արագած սարի ստորոտները։ Մեծ ամրոցը կիսաբոլոր է և հեռվից շրջապատող բլուրների գագաթները ևս շրջապատված են նույնպես նախնական ձևով մի մի պարիսպով, վերևից շատ որոշակի երևում է, որ քաղաքը շրջապատված է եղել արևելքից և հարավից փոքր ամրոցներով։ Արևմտյան կողմից մի ձոր կա, որուն ծայրին է եղեր մի դուռ, նախապես քաղաք մտնելու համար պետք էր մտնվեր այդ դռնից և առաջանալ քաղաք և հետո քաղաքից անցնելով պիտի մոտենային մեծ ամրոցի վերելքին։ Ձորի դռնից մտնելուց և որոշ չափով առաջանալուց հետո, աջ կողմին վրա, կա մի պարսպապատ բլուր, որը ամենայն հավանականոթյամբ քաղաքի մուտքն էր պաշտպանում։

Հաճի Խալիլի հյուսիսային կողմի սարին ետևի կողմը չորս հատ քարայրեր կան, որոնք ուսումնասիրության կարոտ են. բնական քարայրեր են, սակայն մեջերը երևում է նաև մարդկային ձեռագործ աշխատանք. մի ժամանակ ապրել են մարդիկ այս քարայրերին մեջ. ներկայիս միանգամայն լքված է, միայն՝ երբեմն իբրև ոչխարների ապաստանարան է ծառայում։