Jump to content

Էջ:Armenian architecture, Toros Toramanian.djvu/289

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

1927 թվին գտնված դագաղը հանված էր նույն իսկ հեղեղատի աջ ափին։

Ենթադրությանս մեջ սխալված չէի, հեղեղատը ավազներից մաքրելու և խորացնելու աշխատանքի երկրորդ օրն իսկ, նախորդ տարվան գտնված գերեզմանի օրինակով, երևաց դագաղի վրա ծածկված մեծամեծ սալաքարերի շարքը։ Այլևս կասկած չկար, որ գտնված էր առաջին գերեզմանը, միայն հարկ էր զգուշությամբ մոտենալ և մանրամասն քննել գերեզմանի դիրքն ու կազմությունը։ Առանց մեծ սալաքարերը տեղից շարժելու, սկսեցի մաքրել տալ քարերի շուրջը և խորացնել լիովին համոզվելու համար, նախ իսկապես մի հնադարյան գերեզման լինելուն, հետո պարզել նրա ձևը և արևելադրությունը։ Այս գործողության շնորհիվ, շուտով հայտնի եղավ, որ իսկապես, հայտնագործվածը մի հնադարյան գերեզման էր հյուսիս արևելքից դեպի հարավ արևմուտք դրված և սալաքարերի ներքև երևում էր խեցեղեն դագաղի շրթունքի մի մասը և դագաղի խեցեղեն կափարիչներից մեկ հատին ծայրը։

Գերեզմանը ծածկող սալաքարերի շուրջը մաքրելուց հետո, վերցնել տվի քարերը և զգուշությամբ բանալ տվի դագաղը։

Դագաղը, հատկապես շինված խեցեղեն թրծված 2 սմ․ հաստությամբ տախտակներով ծածկվելուց հետո, մոտավորապես 15-20 սմ. հաստությամբ ավազախառն հող լեցվելուց հետո, վրան շարված էին անտաշ սալաքարեր։ Դագաղի վրա իբրև ծածկույթ դրված խեցեղեն թրծուն չորս տախտակների միայն երկու հատը կային, մյուս երկուքը անհայտացած էին։ Տեղում մնացած կափարիչներից մեկին մեկ եզերքն ընկած էր դագաղին մեջ, իսկ մյուսը, որ գլխի կողմն էր, հաստատուն և անվնաս մնացած էր տեղի վրա։

Դագաղի վրա ոչ մի նշանագիր գոյություն չուներ, իսկ կափարիչների վրա խազված էին Л այս նշանը, որոնք հավանորեն բրուտի նշաններն էին։ Միայն դագաղի շրթունքները շինված էին կոկիկ մուլյուրներով և եզերված էին կիսաբոլորակի նմանող մանր ցցուն վարդերով, որոնք հավանորեն դագաղը տակավին չթրծված, բրուտի մատերի եզերքի վրա սեղմումով ձևացած էին շուրջանակի։ Դագաղին մեջ դատարկելով տեսա, որ ոչ կմախք կար և ոչ ուրիշ առարկաներ, մինչև բերանը լեցված էր ավազախառն հողով։ Այս երևույթը կարծել տվեց ինձ, որ շատ վաղ ժամանակ, այս գերեզմանը փորված և գուցե կողոպտված էր։

Խեցեղեն դագաղի երկարությունն էր 1,75 մտ., գլխի կողմի լայնությունն էր՝ 47 սմ․, ոտների կողմը 35 սմ., իսկ խորությունը 28 սմ․, ոտների կողմը, հատակի մոտ դագաղն ուներ մի ծակ մեկ սանտիմետր տրամագծով:

Սույն առաջին գերեզմանը մաքրելուց հետո, աշխատեցի դագաղը անվնաս հանել, սակայն հնար չեղավ, թե՛ հնությունից և թև՛ հեղեղատից ծծած խոնավությունից այնքան խխմել էր, որ տեղից շարժելիս մի քանի կտորի բաժանվեց, այնուամենայնիվ կտորները զգուշությամբ կառքով փոխադրեցի Էջմիածնի հնագիտական թանգարանը։

Առաջին գերեզմանից փոքր ինչ հարավ արևմուտք, մոտ երկու մետր հեռավորության վրա, երևում էր մի ուրիշ գերեզմանի վրա ծածկված սալաքարի մի ծայրը. այս մասի վրա ևս շարունակեցի պեղումը, հողը մաքրելուց հետո ամբողջապես երևաց 2 գերեզմանը երեք անտաշ մեծ քարերով ծածկված, որուն ամբողջ երկարությունն էր 2,40 մետր։ Ուստի փորումները շարունակելով, քարերի շուրջ հողը մաքրելուց և մեծ քարերը հեռացնելուց հետո, որչափ որ խորացնել տվի, խեցեղեն դագաղի հետքը չերևաց։

Այս գերեզմանում թեև խեցեղեն դագաղ գոյություն չուներ, այնուամենայնիվ որոշվեց որ, մեռելը թաղված էր գրեթե արևելքից արևմուտք։ Գլխի կողմը մնացել էր գանգի մի մասը, որը բացվելուն պես փոշիացավ, ուրիշ կմախքների հետքեր գրեթե չերևացին, գտնվեցին միայն երեք հատ սեղանատամ և մի քանի ատամների փշրանքներ։ Թեև խեցեղեն դագաղ չերևաց, սակայն շատ հավանական նշաններ երևացին, որ մեռելը դրված էր փայտե դագաղի մեջ և դագաղը գամված էր երկաթի գամերով, որովհետև գերեզմանի եզերքների ամբողջ երկարությամբ գտնվեցին 25-26 հատ երկաթի գամերի նմանող կարճ և ժանգոտած փշրանքներ, որոնց վրա, ըստ երևույթին դեռ կպած կային փայտի փտած հետքերը։ Գերեզմանի հողը քիչ ավազախառն սև գույն ուներ ամբողջովին և նուրբ փոշիացած։

Այս № № 1 և 2 գերեզմանները, որոնք անակնկալ կերպով բացվեցին, 8,40 մետր երկարությամբ և 2 մտ. լայնությամբ հեղեղատի տակ արտաքին մակերևույթից 90-95 սմ. խորության մեջ էին. եթե ենթադրենք, որ նախապես հեղեղատի ջուրը քերած էր մոտավորապես 30-35 սմ. հաստությամբ մի հողի շերտ վերևից, ուրեմն այստեղ մեռելները թաղված ՛էին 1,20-1,30 մ. խորության մեջ։

Այս 8,40 մտ. երկարությամբ, 2 մտ. լայնությամբ երկար փոսը գրեթե մի մետր խորության վրա կազմում էր հետևյալ շերտերից։

Ավազի անմիջապես ներքև 18 սմ. հաստությամբ կավային հող։

Կավային հողի ներքև 20 սմ. հաստությամբ սևագույն բարակ ավազի շերտ։

Ավազի շերտի տակ անհավասար չափով մոտավորապես 28-ից մինչև 32 սմ․ հաստությամբ կավային բնական կարծր հող։

Բնական հոդի ներքև 15-20 սմ. հաստությամբ շիկագույն ավազի շերտ։

Ավազի շերտի տակ կավային կարծր հող, որուն մեջ գրված էին դագաղները։

Թերևս այս ավազուտ հեղեղատին մեջ կային նաև ուրիշ հետաքրքրական գերեզմաններ (ինչպես հետո հաստատվեց), սակայն, որպեսզի գործը չընդհատվի և շուտով հասնենք մեր ծրագրած հողամասին, սկսեցի փորել տալ դեպի հյուսիս սկսելով № 2 գերեզմանի կողմից։ Այստեղ աշխատավորներս երկու մասի բաժանելով, երկու կետի վրա առաջ էի տանում պեղումները։ Վերին շերտին վրա 30-40 սմ. խորության մեջ երևաց մի կարասի փշրված բերան։ Ամեն հնարավոր միջոց գործ դրի, որ գեթ այդ կարասը, եթե ոչ ամբողջ, գոնե վերակազմելու հնարավոր վիճակի մեջ հողից հանեմ, սակայն անկարելի եղավ, միջի հողը դատարկելիս արդեն