Էջ:Armenian architecture, Toros Toramanian.djvu/56

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

միայն ցանկալի կգտնեմ, որ ժամանակակից արվեստագետներ հետաքրքրվեին և սեփական ալքով տեսնեին այն ամենը, որ միջնադարյան հայ աշխատավոր արհեստավորը թողել է մեզ իբր ժառանգություն, որով մենք կարող ենք պարծենալ համաշխարհային արվեստագետների առջև։

Կարդալով այս գրքի առաջաբանը և առաջաբանի հեղինակի պատմական եզրակացությունները, թե ինչպես Արշակունիների ժամանակ արևմտյան քաղաքակրթությունը տիրապետող եղած էր Հայաստանի մեջ, և հետո որ 429 թվին տիրապետեցին Սասանյանները, գրեթե միանգամայն փոխվեց քաղաքակրթական պատկերը Հայաստանի մեջ, ձուլելով Սասանյանների քաղաքական և կրոնական սիստեմները հայոց ներքին կյանքի մեջ։ Ըստ իս, այս պարագան ավելի խորն ուսումնասիրության կարոտ է։ Գուցե քաղաքակրթական զանազան ճյուղերի մեջ առաջադիմություն կատարեց ըստ պատմագրական վկայությունների և ժամանակակից պատմաբանների ենթադրության, սակայն ճարտարապետական տեսակետով, կարծեմ համաձայնել դժվար պիտի լինի ինձ համար, քանի որ Հայաստանի մեջ ոևէ հուշարձան չէ գտնված փաստացի կերպով նախաքրիստոնեական վերջին դարերը հիշեցնող։ Այստեղ շատ կան նախապատմական ուրարտական կամ խալդական շենքերի հետաքրքրական կիկլոպյան ամրոցների և պարիսպների մնացորդներ, որոնք ճարտարապետության նախնական պատկերը միայն հիշեցնում են մեզ, բայց ոչ թե հունական կամ հռովմեական բարձր քաղաքակրթություն տիրապետող Հայաստանին։ Իսկ մնացորդներեն անմիջապես հետո, թողելով մի քանի դար անորոշ դատարկություն, 4-րդ դարուց սկսվում է քրիստոնեական շրջանի ճարտարապետությունը, որը դարե ի դար թե զարգանում է և թե նոր վերածնություններով կերպարանափոխվում է մինչև 15-րդ դար։ Սակայն եթե ուշի ուշով քննենք, գրեթե առանց բացառության, բոլոր դարաշրջաններում, հայոց ճարտարապետության մեջ կգտնենք ոչ միայն Աքեմինյան և Սասանյան, այլ և հեռավոր ասորա-քաղդեական ճարտարապետության տարերքներ։

Ինչպես վերև ասել եմ, եղել են դարաշրջաններ 5-րդ դարեն մինչև 12-րդ դար, որ արևմուտքը մասնակի ազդեցություն ունեցել է հայոց ճարտարապետության վրա, բայց երբեք ընդհանուր տիրապետող չէ եղած։ Հիրավի, Էջմիածնի, Տեկորի, Շիրվանճուքի, և այլն շենքերի վրա կան հունա-հռովմեական գծեր, սակայն անոնք շատ աննշան են և հազիվ ճանաչելի տեղ բռնած են, իսկ ամբողջ շինարարական ոճը և ճաշակը միանգամայն արևելյան է։ Այստեղ հարկ է որ կրկնեմ, թե Գառնիի մեջ Տրդատի հոյակապ հովանոց անվանված շենքը, իր հունա-հռովմեական ոճի արտակարգ ճոխությամբ հաճելի չէ եղած տեղական ճարտարապետներին և ժողովրդին ու բնավ հետևողներ չէ ունեցած։ Նույնիսկ Գառնիի մեջ 5-րդ դարուն կանգնված մի շենք, հռովմեական ճարտարապետությունը հիշեցնող մի գիծ իսկ չունի։ Ուստի իմ կարծիքով, կանխահաս եզրակացություն է Հայաստանի նախաքրիստոնեական ճարտարապետության մեջ հունական և հռովմեական ազդեցություն փնտրել։ Նախորդ թվածս ազդեցությունները ևս անվիճելի են այն պատճառով, որ Սիրիայի ճանապարհով եկած են, որովհետև փաստացի գիտենք, որ Սելեվկյանց տիրապետության ժամանակ շատ շենքեր կառուցվեցին Սիրիայում հռովմեական ոճով, որոնցմե փոխադրվեցան Հայաստան, քրիստոնեության միջոցով, խառն սիրիական ոճի հետ։

Գալով հեղինակ Բալդրուշայտիսի հայկական մանվածոների մեջ «Արաբական կամ իսլամական հանճար» տեսնելուն, կարծում եմ, որ այդ եզրակացությունը առաջ է գալիս ժամանակագրական մանրակրկիտ ուսումնասիրություն կատարած չլինելուն համար։ Այս հապճեպ հայտարարությունը, մի քանի գիտնական ճանապարհորդներ ևս արել են, որ իբր թե հայ ճարտարապետության մեջ տիրող դեր է կատարել արաբական ոճը։ Արաբները Հայաստանին մեծ մասամբ տեր դարձած օրից (7-րդ դար) պետք էր, որ իրենց ճաշակը դրոշմած լիներ եթե ոչ 7-րդ դարու, գեթ 10-ից 11-րդ դարու ճարտարապետության վրա։ Մինչև 13-րդ դար, այդ կարծեցյալ ճաշակը բնավ գոյություն չունենալեն զատ, անոնց տիրապետության շրջանում չենք գտնում մի շենք կանգնված։ Եթե նույնիսկ ուշադրություն չդարձնենք հայ մատենագիրների ողբերգություններին, Հայաստանի տառապանքների մասին, և սա ոչինչ համարենք, Վոգյուեի, Շուազիի և այլ եվրոպական գիտնականների, արաբների արշավանքը քաղաքակրթության պատուհաս համարելուն, գոնե իրենց տիրապետած սահմանին մեջ, չգտնվեցան հուշարձաններ, որոնք այս ընդհանրացած կարծիքների հակառակը ապացուցեն։

Արվեստը հանկարծական թափով երևան է գալիս Հայաստանի մեջ 13-րդ դարուն, թաթարական տիրապետության ժամանակամիջոցին, և երկիրը ծածկվում է թեև փոքր, բայց հաճոյատեսիլ շինանյութերով։ Ահա այս շրջանին է, որ հայկական մանվածոները, որոնք արդեն գոյություն ունեին 5-րդ—7-րդ և 10-րդ—11-րդ դարերուն մեջ, ստանում են միանգամայն նոր տեսք և նոր զուգախառնում։ Այս շրջանին է, որ տերևալից ոստերի մեջ խառն կենդանիների և թռչունների քանդակներով մանվածոներ երևում են, որոնք գրեթե օտարանում են հին մանվածոների ակնապարար երևույթին և մեր կարծիքով մոտենում են անկման, ինչպես որ այդ շրջանում է, որ սկսվում է հայ ճարտարապետության անկումը, որովհետև ոչ միայն մանվածոներն այդ դարուն նոր ձև ստացան, այլ և շենքերի ամբողջության մեջ ևս հեղաշրջում առաջ եկավ, հին ավանդությունները պահելով հանդերձ։ Թաթարական շրջանի մանվածոների և քանդակազարդերու այլասերված նմուշներն են Ջուղայի բազմաթիվ խաչքարերը, որոնք թեև նախնական հայացքով չափազանց շքեղ և զարդարուն երևույթ ունին, այնուամենայնիվ, նախկին մանվածոների ակնապարար և հաճոյալի երևույթը չունի։ Այստեղ արդեն նկատելի է ոչ միայն թաթարական ճաշակը, ինչպես Անիի հետին դարերու շինությանց մեջ, այլ և նոր պարսկական ճաշակը խառնված հին մանվածոների հետ, որոնք ցույց են տալիս նախորդ մեծ արվեստի անկման ենթարկումը։