Էջ:Artcakh history.pdf/104

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է

բռնազավթված իշխանությունը։ Գինարրբունքից հետո, գիշերային մի զբոսանքի ժամանակ Պարտավի իր պարտեզում Ջիվանշիրին դաշունահարեց Առանշահիկ մի իշխանազուն։ Ջիվանշիրին սպանողը Պարտավից փախչում է դեպի Արցախ։ Հևտապնդողները չկարողանալով բռնել նրան, կողոպտում են նրա հոր ունեցվածքը, հրդեհում տունը203։

Ջիվանշիրի սպանությունից հետո իշխանությունը անցնում է նրա եղբոր որդուն՝ Վարազ-Տրդատին։

Ջիվանշիրի սպանության վրեժն առնելու համար հոները նորից ասպատակում են երկիրը։ Երկիրը վերահաս աղետից փրկելու նպատակով Վարազ-Տրդատը Եղիազար կաթողիկոսի գլխավորու­թյամբ մի պատվիրակություն է ուղարկում հոների խարանի մոտ, խոստանալով հարկ վճարել վերջինիս։ Մյուս կողմից 705թ. Բյուզանդիայի Հուստինիանոս կայսրը փորձեց հարկատու դարձնել Հայոց Արևելից գավառների հայությանը։ Այդ նպատակով բանակցությունների­ պատրվակով Վարազ-Տրդատին և նրա երկու որդինե­րին՝ Գագիկին ու Վարդանին հրավիրեց Կ.Պոլիս և բանտարկեց։

Հինգ տարի բանտարկության մեջ մնալուց հետո Վարազ-Տրդատին հաջողվեց համոզել կայսրին և վերադառնալ հայրենիք։ Այլ ելք չգտնելով՝ Վարազ-Տրդատը հպատակություն հայտնեց արաբներին։

Հուստինիանոսը, լսելով Վարազ-Տրդատի այդ որոշումը, նրա երկու որդիներին փակում է միանգամայն անլույս մի բանտում204։

Հյուսիսային Կովկասի ցեղերի, բյուզանդացիների և արաբների անընդմեջ կրկնվող արշավանքների ու խարդավանքների հետևանքով 8-րդ դարում Միհրանյանների տոհմը թուլացավ։ Բնիկ իշխանական տան Առանշահիկների համար գործունեության ասպարեզ բացվեց. 9-րդ դարի սկզբին Միհրանյան վերջին արու իշխանազունին՝­ Ստեփանոսին սպանեցին Թարթառի հովտում, Դադիվանքի մոտ։ Մայրը կենդանի մնացած միակ դուստր Սպրամին փախցրեց Խաչենի բերդը, այնտեղ ամուսնացրեց Սահլ Սմբատյան մեծ իշխանի­ որդի Ատրներսեհի հետ։

Այսպիսով երկու տոհմերի միջև գոյություն ունեցած երկդարյա պայքարը ավարտվում է քաղաքակիրթ եղանակով։ Առանշահիկները նորից դարձան Արցախի և Ուտիքի լիիրավ տերերը։