Էջ:Artcakh history.pdf/16

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է


մանավանդ աշնանը հարթություններում ու նրանց շարունակու­թյունը կազմող դաշտաբերանային հովիտներում պարզկա երեկո­ներին երբեմն հաջորդում են մառախլապատ գիշերները։ Արևի ջերմության ու քամու ազդեցության տակ մառախուղը հորձանք է տալիս դեպի լեռները, բայց ընդհանրապես չի հասնում մեծ բարձրու­թյունների ու ցրվում է իր ընթացքում և անհետանում։ Տարվա տար­բեր եղանակներին, տաք և սառը հոսանքների գոյության պայմաններում, երկրամասի տարածքում նկատելի է տարբեր ուժգնության քամիների առկայությունը։ Հաճախ գարնան ամիսներին մեղմ քամիների հոսանքին փոխարինում են ուժեղ քամիները, որոնց հետևանքով պոկվում են նույնիսկ տների տանիքներ կամ առանձին թիթեղներ:

Արցախի հողերի տեսակները պայմանավորված են երկրամասի գոտիականությամբ և ենթարկվում են ուղղահայաց գոտիականության օրինաչափությանը։ Չնայած լեռնային հողագոյացման տարաբնույթ պայմանները նպաստում են հողային ծածկույթի բարդ կառուցվածքի և տրոհվածության ուժեղ արտահայտվածությանը, այնուհանդերձ, լեռնաստորոտներից դեպի լեռնագագաթները հաջորդաբար փոխվում են լանդշաֆտային պայմանները և դրանց համապատասխան հողերի ծագումնաբանական տիպերը։

Ցածրադիր վայրերում հողերը կիսաանապատային, անապատատափաստանային, գորշ, բաց և մուգ շագանակագույն են։ Նախալեռնային և լեռնային վայրերում զգալի տարածություններ են գրավում լեռնային սևահողերը, իսկ անտառային վայրերում՝ մուգ դարչնագույն, պոդզոլային հողատեսակները։ Գետահովտային ցածրադիր մասերում բավական հզոր շերտերով զգալի տարածու­թյուն են կազմում այլուվիալ հողերը, որոնք բնութագրվում են բարձր բերքատվությամբ։ Լեռնային գոտիների արևկող լանջերի վրա հիմնական տիպերին միջանկյալ պատահում են սակավաջուր, կմախ­քային հողատեսակներ։


ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԸ։ Արցախը անհնարին է պատկերաց­նել առանց նրա կուսական անտառների։ Երկրամասի լեռնային պայմաններում անտառի դերը շատ մեծ է։ Այն կլիմայի անփոխարինելի կարգավորիչ է, զգալի չափով բարձրացնում է օդի հարաբերական