Էջ:Artcakh history.pdf/195

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է

Աղա Մուհամմադ խանի հրոսակները վրեժխնդիր են լինում անզեն ժողովրդից։ Պարսից շահը առանձնակի դաժանություն էր ցուցաբերում գերի ընկած բերդապահ հայերի նկատմամբ։ Նա հրամայեց ձիերը պայտել այնպես, որ պայտերը լինեն սմբակների երեսին, իսկ մեխերը դուրս ցցված լինեն սմբակների տակից։ Ապա փռել տվեց գերիներին գետնի վրա և այդպես պայտած ձիերով կոխկրտել տվեց նրանց։ Սմբակներից դուրս ցցված մեխերը կատարելապես հոշոտեցին, մսի և արյան զանգված դարձրին այդ թշվառնե­րին379։

Չկարողանալով գրավել Շուշին, Աղա Մուհամմադ խանը, ասպատակելով Շուշիի շրջակայքում գտնվող հայկական բնակավայրերը, շարժվում է դեպի Թիֆլիս։ Քաղաքի բնակիչների մի մասը սրի է քաշվում, իսկ մնացածները տարվում են գերի։

Յոթ օր քաղաքը թալանելուց, ավերելուց հետո, շահի զորքերը՝ հարուստավարով և հազարավոր գերիներով ծանրաբեռնված շարժվում են Մուղանի դաշտ՝ այնտեղ ձմեռելու։ Մինչև այդ շահը փորձեց հնազանդեցնել Շամախու և Նուխու խաներին։ Բայց նրա զորքերը պարտություն կրեցին։ Կատաղած շահը իր թույնը թափեց Թիֆլիսից բերած գերիների վրա։ Ավելի բարբարոսական պատիժ շահը պատրաստել էր Արցախից բերված 52 հայ գյուղապետների համար, որոնք ձերբակալվել էին Շուշու պաշարման ժամանակ։ Նրա հրամանով շինվեց մի քարակիր պատ 52 նեղլիկ ծակերով, որոնց մեջ մտցրին գյուղապետների գլուխները։ Ապա պատի մյուս կողմից նրանց պարանոցներին անցկացրին հաստ պարաններ, որոնց ծայրերը կապեցին ամեհի ջորիների գավակներին ու հարված­ներով ստիպեցին անասուններին քաշել այդ պարանները և նրանք այնքան քաշեցին, որ թշվառների գլուխները պոկվեցին380։

Աղա Մուհամմադ շահի հաջողությունները Այսրկովկասում թու­լացրեց Ռուսաստանի հեղինակությունը տարածքաշրջանում։ Այն վերականգնելու համար ցարական իշխանությունները անհապաղ միջոցառումներ ձեռնարկեցին։ Սկզբում՝ ռուսական կառավարու­թյան որոշմամբ 1795թ. դեկտեմբերին Թիֆլիս է ժամանում 2000 հոգուց բաղկացած ռուսական մի ջոկատ՝ Վրաստանը Աղա Մուհամմադ շահի նոր ոտնձգություններից պաշտպանելու համար։