նվիրված ընդհանուր բնույթի ողբերը, որոնք հատուկ տեղ ունեն «Մաշտոց» կոչվող ժողովածուներում։ Նման ստեղծագործությունները պահպանվել են Արցախի վանքերում գրված ձեռագրերի մեջ։
V-XVIII դդ Հայոց Արևելից նահանգներում, չնայած տարափոխիկ հանգամանքներին, հայ պատմագիտական միտքը, վայրիվերումներով հանդերձ, մնաց պատշաճ աստիճանի։
Մովսես Կաղանկատվացին VII դարի հեղինակ է։ Լինելով Հայոց Արևելից նահանգների թագավորական տան պատմիչը, նա իր երկրամասի պատմության շարադրանքը սկսում է Առանից։ «Պատմություն Աղուանից աշխարհի» գիրքը կազմված է երեք հատորից։ Առաջինն ու երկրորդը շարադրվել են VIIդ. վերջին, Մովսես Կաղանկատվացու կողմից։ Xդ. երրորդ հատորը գրել է Մովսես Դասխուրանցին՝ ամբողջացնելով Արցախի և Ուտիքի (I-Xդդ.) մեկ հազարամյակի պատմությունը։ «Պատմության» մեջ հստակ ձևով ներկայացված է հայ Աղվանքի աշխարհագրական սահմանները։ Երկու հեղինակների շնորհիվ մեզ հաջողվում է պատկերացում կազմել օտար բռնավորների դեմ արցախահայության հերոսական պայքարի, Առանշահիկների թագավորական տան գործունեության մասին։ Ականատես պատմիչն ամենայն մանրամասնությամբ գրում է բոլոր այն փորձությունների մասին, որ ենթարկվեց իր հայրենիքը։ «Պատմության» շնորհիվ մեզ է հասել հայոց առաջին քնարական պոեմը՝ Դավթակ Քերթողի «Ողբը»։ Մովսես Կաղանկատվացուն ենք պարտական այն անգնահատելի տեղեկությունների մասին, որ տալիս է Աղվանքի, Վրաստանի և հատկապես խազարների մասին։
Մովսես Դասխուրանցուն պատկանում են պատմության այն հատվածները, որոնք ընդգրկում են արաբական տիրապետության շրջանը, Xդ. արցախահայության պետականության վերականգնումը։ Պատմության վերջում կցված է մի գլուխ՝ «Անունք հայրապետացն Աղուանից, ամք և գործը նոցին» վերնագրով, որը Աղվանից կաթողիկոսների շարքը սկզբից հասցնում է մինչև 998թ.։ Գրքում հանգամանորեն խոսվում է նաև Արցախի և Ուտիքի հայության հոգևոր արժեքների մասին։