Էջ:Artcakh history.pdf/222

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է

եղել, ինչպես այդ երևում է մեր ձեռքը հասած մի գրչագիր օրինակից, որը, դժբախտաբար, կիսով չափ փտած է։ Ցանկալի կլիներ, որ գտնվեր այդ աշխատության ամբողջը և դա առատ նյութ կտար մեր նոր պատմությանը»415։

Արցախում և Ուտիքում հայկական պետականության գոյության պայմաններում անհրաժեշտություն է դառնում ունենալ հասարակական կյանքի կանոնավորման իրավական նորմեր։ Այդ գործի առաջին նախաձեռնողը դարձավ Դավիթ Ալավկաորդին։ Ծնվել է Գանձակում, ապրել և ստեղծագործել է մինչև XII դ. կեսերը։ Դավիթ Ալավկաորդու «Կանոններ» օրենքների ժողովածուի մեջ ընդգրկված են 97 կանոններ416։

Դրանք կարգավորում էին ընտանեական և կենցաղային հարցերը։ Դավթի կանոնները կարևոր սկզնաղբյուր են հայ իրավունքի և հասարակական–քաղաքական մտքի պատմության համար։

Այս բնագավառում հաջորդ առաջընթաց քայլը կատարեց միջ­նադարյան հայ մշակույթի ամենահայտնի դեմքերից մեկը՝ Մխիթար Գոշը (Գոշը մականուն է, որը նշանակում է քոսակ, միրուքը նոսր մարդ)։ Նա ծնվել է 1120-ական թթ. Գանձակում։ Աշակերտում է Հովհաննես Տավուշեցուն և ստանում վարդապետի կոչում։ Չբավարարվելով ձեռք բերվածով, նա Քուրդ Արծրունի իշխանի հովանավորությամբ մեկնում է Կիլիկիա և Սև լեռան հոգևոր կենտրոնում հարուստ գիտելիքներ ամբարելուց հետո, նորից ստանում է վարդապետի կոչում։

Վերադառնալով հայրենիք նա սկզբում ապրում է Գանձակում, սակայն հալածվում է մահմեդական տերերից և կաթողիկոսի կող­մից։ Ստանալով Խաչենի տեր, հայ մշակույթի մեծ ջատագով Վախտանգի հովանավորությունը, հաստատվում է Հաթերքում, որ­տեղ էլ 1184թ. ստեղծում է «Դատարանագիրք»-ը։ Այստեղից էլ նա տեղափոխվում է Գետիկ վանքը։ Երկրաշարժից այդ վանքը ավեր­վելուց հետո Զաքարե և Իվանե Զաքարյանների հովանավորու­թյամբ, նախկինից ոչ հեռու՝ Տանձուտ ձորում, կառուցում է Նոր Գետիկի վանքը։ Կարճ ժամանակահատվածում Գոշի և նրա հիմնադրած դպրոցի հռչակն այնքան է տարածվում, որ Հայաստանի հե­ռավոր վայրերից գալիս են նրա մոտ ուսանելու։