բերդը դարձնում է անմատչելի։ Շուրջ 370 հա տարածություն զբաղեցնող բերդի արևմտյան, արևելյան և հարավային հատվածները շրջափակված են բնական պատվարներով, ինչպես դիպուկ բնութագրել է Հակոբ սարկավագ Շուշեցին «…յԱստուծոյ էր ամրացրել»։ Մնացած հյուսիսային մասը,- նշում է նա,-շրջապատված էր 5000 կանգուն(2,5 կմ) ընդհանուր երկարությամբ պարսպապատերով, որոնց մեջ կա 50 աշտարակ և 4 դարպաս»539։ Պարիսպները ունեն 7-8մ բարձրություն։ Բերդը ավելի է ամրացվել 19-րդ դարի առաջին քառորդում՝ ռուս-պարսկական պատերազմների ժամանակ։ Շուշիի պաշտպանական հնարավորությունները մեծացնելու համար 1788-89 թթ. Կարկառի հովտում կառուցվում է 1,5 կմ պարսպագծով Ասկերանի նշանավոր բերդը։
Արցախում շարունակում է վերելք ապրել կիրառական արվեստը։ Դրական տեղաշարժեր կատարվեցին գորգագործության բնագավառում։ Լայնորեն արտադրվում էին պատկերագորգեր, ուղեգորգեր, օձագորգեր և այլն։ Կատարման որակով և զարդանկարների բարդությամբ արցախյան գորգերը, իրենց մեջ ներառելով հայկական գորգերին հատուկ կողմերը, ունեն նաև առանձնահատկություններ։
Աղբյուրները վկայում են, որ հատկապես Շուշու գավառում բավական զարգացած է եղել գորգագործությունը։ «Թեև առանձին գործարաններ չկային, բայց շատ տներում գործում են գորգ, կարպետ, ձիու չուլ և ա յլն»540։
Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանի ազգագրության բաժնում ցուցադրված են 19-րդ դարի և 20-րդ դարի սկզբին պատկանող գորգեր, կարպետներ, խուրջիններ, մաֆրաշներ (անկողնապարկ), աղաման, ձիու չուլ, արցախցի կանանց ձեռքերով պատրաստած, գունային երանգների և զարդապատկերների բազմազանությամբ աչքի ընկնող ասեղնագործ իրեր։
Այսպիսով, փաստերն ու մեկնաբանությունները վկայում են, որ 19-րդ դարում և 20-րդ դարի սկզբներին արցախահայ մշակույթը առաջընթաց քայլ է կատարում՝ իր մեջ ներառելով ժամանակաշրջանի առաջնային գաղափարները, հիմքում ունենալով ազգայինը։