Էջ:Artcakh history.pdf/300

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բլուրները գրավելուց հետո մտավ Ավդալլար և նպատակ ուներ շարժվել դեպի Շուշի։ Սակայն դեկտեմբերի 1-ին Անդրանիկը Շուշու նախկին քաղաքագլուխ Գ.Մելիք-Շահնազարյանի անունով Բաքվից ստանում է հեռագիր Անդրկովկասում անգլիական զորքե­րի հրամանատար Թոմսոնի ստորագրությամբ, որով Անդրանիկից պահանջվում էր զորաշարժի անհապաղ դադարեցում։ Հաջորդ օրը՝ դեկտեմբերի 2-ին, Ավդալլար է ժամանում Անտանտի ռազմական միսիան և Անդրանիկին հանձնում Թոմսոնի նամակը, որում մասսամբ գրված է. «Ես ձեզ նախազգուշացնում եմ, որ եթե դուք չկատարեք ինձնից ստացված հրահանգերը, դուք անձամբ պատաս­խան կտաք ձեր գործողությունների հետևանքով առաջացած արյունահեղության համար։ Իմ հրահանգը կատարելուց ձեր ամեն տեսակ խուսանավումը անպայման լրջորեն կանդրադառնա հայ ժողովրդի հարցի վրա, երբ այն կդրվի խաղաղության կոնֆերանսում…»548։

Անդրանիկը ստիպված տեղի տվեց և վերադարձավ Գորիս։ Նենգ Ալբիոնը, մի կողմից հայտարարելով, որ վիճելի տարածքների ճակատագիրը կորոշվի Փարիզի Խաղաղության կոնֆերանսում, մյուս կողմից՝ 1919թ. հունվարի 15-ին Ղարաբաղում և Զանգեզուրում ստեղծեց գեներալ-նահանգապետություն և նահանգապետ նշանակեց հայտնի հայատյաց Խոսրով Բեկ Սուլթանովին։ Այդ առ­թիվ Թոմսոնին փոխարինած գնդապետ Շատելվորդի պաշտոնական հաղորդագրության մեջ ասված է. «…բժիշկ Սուլթանովը նշանակված է Շուշվա, Զանգեզուրի, Ջեբրայիլի և Ջիվանշիրի գավառ­ների գեներալ նահանգապետ և օգտվում է անգլիական հրամանատարության պաշտպանությունից․․․»549։

Ադրբեջանը, ոգևորվելով նման հովանավորությունից, նոր վերջնագիր ներկայացրեց Ղարաբաղի Հայոց Ազգային Խորհրդին։ Այդ նպատակով Սուլթանովը ստանում է նոր ուժեր և աքցանի մեջ առնում Արցախը։ Մուսավաթական Ադրբեջանի վերջնագիրը քննար­կելու համար 1919թ. փետրվարի 12-21-ին Շուշիի թեմական դպրո­ցում հրավիրվեց Ղարաբաղի հայության չորրորդ համագումարը։ «Հայկական Ղարաբաղը,− ասված է համագումարի որոշման մեջ, իրազեկ է պահել ամբողջ աշխարհին, որ նա իր տարածքում չի ընդունել