Էջ:Artcakh history.pdf/72

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է

կործանել կովկասյան լեռնականների և հոների ճանապարհները փակող ամրությունները և փոխօգնության դաշինք կնքում նրանց հետ։ Հենց այդ ժամանակ լուր է ստացվում Վասակի ուխտադրժու­թյան մասին։ Վիրավոր գուժկանի լուրը ցնցում է ինչպես Վարդանին, այնպես էլ իր զինակիցներին։ Նա շտապում է ետ դառնալ։ Վարդանի բանակը այդ ժամանակվա պայմաններում կատարում է մի անօրինակ արագ երթ՝ Ճորա Պահակից մինչև Հայաստանի կենտրոն՝ Այրարատ տարածությունն անցնելով մեկ ամսվա ընթաց­քում։

Վասակ Սյունին, հանկարծակի գալով, շուտափույթ ամրանում է իր հայրենի Սյունիքում, նախապես ավերելով Այրարատի ամրու­թյունները և ոչնչացնելով պարենամթերքը, որպեսզի Վարդանի զորքը չկարողանա այնտեղ ձմեռել։ Վասակ Սյունին և նրա կողմնակիցները ժողովրդին համոզում էին հրաժարվել ապստամբության մտքից, խոստանալով ամեն ինչ հարթել և խաղաղ ճանապարհով հասնել նախկին իրավիճակի վե­րականգնմանը։ Վարդանի կողմնակիցների միաբանությունը քանդելու նպատակով նա իր կողմնակիցներին ուղարկում է Հայոց աշ­խարհի ամուր կողմերը և հարևան երկրները՝ Տմորիք, Կորդովաց աշխարհ, Արցախ, Աղվանք, Վրաստան և Խաղտյաց աշխարհ, «պնդացնում էր, որ ոչ ոք նրանց հյուրընկալության արժանի չհամարի»136։

Այս օրերին պարսկական տերությունը ռազմաքաղաքական ծանր կացության մեջ էր։ Հազկերտ Բ-ն պարտություն է կրում հոնե­րից Միջին Ասիայում և անզոր էր ապստամբների հետ խոսել բռնության ու զենքի լեզվով։ Վասակ Սյունին, օգտագործելով այս հանգամանքը, համոզում է արքայից արքային, որպեսզի մեղմացնի իր քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ։ Հազկերտ Բ-ն «ներման» հրովարտակ է ուղարկում ապստամբներին։

Այս ամենի հետևանքով հայ հասարակությունը երկփեղկվում է։ Առաջ են գալիս իրարամերժ երկու հոսանքներ։ Վարդան Մամիկոնյանը և իր կողմնակիցները գտնում էին, որ երկիրը կարելի է ազատագրել միայն զենքի ուժով, իսկ Վասակ Սյունին իր համախոհներով փորձում էր Հայաստանը փրկել խաղաղ ճանապարհով՝ պարսիկների