Էջ:Artcakh history.pdf/77

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է

«Հայոց քաջ զորականներից մեկը, Բակի անունով, …բարձ­րանալով պարսպի վրան սկսեց նախատել անօրենին և հիշեցնում էր պարսից զորագլխի առաջ այն բոլոր չարիքները, որ նա հասցրել էր հայոց աշխարհին»147։

Բակ զորավարը նույն գիշերը 700 հոգով ճեղքում է պաշարման շղթան և հեռանում Արցախի անտառները։ Բերդում մնացածները՝ 213 զինվոր պարենի պակասության պատճառով գերի հանձնվե­ցին։ Անձնատուր եղածներին անմիջապես սպանեցին։ Ստեփանոս Օրբելյանի վկայությամբ Ավարայրից Արցախի անտառները նա­հանջող սյունեցի և արցախցի հայրենասեր ռազմիկները Անգեղաձորում, Ուտիքում, Արտաբույնքում, Ջաղացքարում լուրջ կորուստներ են կրում պարսից հետապնդող զորքերից։ Այս վայրերում էլ, ի պատիվ նահատակվածների, սյունեցիները կառուցում են վկայարաններ148։

Պարսկական զորքերը ասպատակում էին հայկական գյուղերն ու ավանները, տեղահան են անում ու գերեվարում խաղաղ բնակչու­թյանը, կրակի մատնում տները։ Ի պատասխան թշնամու վայրագությունների, Խաղտյաց լեռներում, Տմորիքի անմատչելի ամրոց­ներում, Արցախի խիտ անտառներում, Միջնաշխարհի և Կապույտ լեռան բերդերում ամրացված հայ ռազմիկները պաշտպանությու­նից անցնում են հարձակողական գործողությունների։

Արցախի հայությունն առանձնակի եռանդով ներքաշվեց պարտիզանական շարժման մեջ։ Արցախի մայրիներն ու լեռները դարձել էին պարտիզանական պայքարի թեժ օջախներ։ «Վարդանանց օրերում,–գրել է Ղևոնդ Ալիշանը,– փախստականներից շատերի համար ապավեն եղան նրանց լեռները, որտեղից խաբեությամբ իջեց­նելով՝ Վասակը նրանց տալիս էր պարսիկների ձեռքը, բայց կային և այնպիսիները, որոնք սուրբ զորավարի նահատակությունից հետո «տիրեցին Արցախի բազում ամրոցների» և դիմադրում էին պարսիկներին»149։

Այդ օրերին Արցախի խիտ անտառներում ամրացված ապստամբները բազմաթիվ անգամ պատգամավորություններ էին ու­ղարկում Հյուսիսային Կովկասի հոների մոտ և հիշեցնում, որ նրանք կատարեն հայերին օգնելու մասին նախկինում տված իրենց խոստումները: