Էջ:Artcakh history.pdf/78

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ի վերջո, հոների մի մեծ ջոկատ ներխուժում է Անդրկով­կաս, այնտեղից ասպատակում, ավերում պարսկական շատ գավառներ, գերեվարում բազմաթիվ մարդկանց։ Վերադարձին հոները հարձակվում են հյուսիսային Կովկասի այն ցեղերի վրա, որոնք օգնել էին պարսիկներին՝ ընդդեմ հայերի։

Չնայած ծանր փորձություններին, Արցախի հայությունը պահպանեց իր անկախությունը։ 451թ. հուժկու ապստամբությունից հետո, հատկապես Պարսկաստանում տեղի ունեցած խլրտումներից օգտվելով՝ Կուրի աջափնյա Արցախ և Ուտիք նահանգների Առանշահիկ հայ իշխանական տոհմը գլուխ է բարձրացնում, իրեն հայ­տարարում թագավորություն։ «Պատմութիւն Աղուանից աշխարհի» երկի մեջ կան հավաստի տվյալներ, որոնք հաստատում են, որ այս ժամանակից հետո Առանշահիկներին որոշ առումով հպատակ էին նույնիսկ անդրկուրյան Աղվանքի գավառները150։

Հենց Առանշահիկներն էլ կազմակերպեցին Արցախի հայության հակապարսկական ընդվզումները։ Այն գլխավորեց և առանձնակի ջանադրությամբ բորբոք պահեց Հայոց Արևելից կողմանց թագա­վոր Վաչե Առանշահիկը։ Նա Վարդան Մամիկոնյանի համախոհնե­րից էր։ Սպարապետի սպանությունից հետո, Արցախն ու Ուտիքը պարսիկների հնարավոր ասպատակություններից զերծ պահելու և ազատագրական պատերազմների հետևանքով երկրի վերքերը ամոքելու նպատակով, Վաչե Առանշահիկը կեղծ ուրացության ուղին բռնեց և նույնիսկ պսակադրվեց Հազկերտ Բ-ի քրոջ աղջկա հետ։ Նա մինչև անգամ հետագայում Պերոզի հրամանով 461թ. հիմնում է Պերոզապատ (հետագայում Պերոզապատը վերանվանվեց Պարտավի, իսկ այժմ՝ Բարդայի)։

457թ. մահանում է Հազկերտ Բ-ն։ Նրա երկու որդիների՝ Որմիզդի ու Պերոզի միջև սկսվեցին գահակալական կռիվներ։ Հանգամանքներից օգտվելով Վաչեն իրենից թոթափում է մոգությունը, դառնում է իր նախնյաց քրիստոնեական լուսավորչական կրոնին և ապստամբության դրոշ բարձրացնում պարսիկների դեմ։ Վաչեի քաջակորով մարտիկները սրընթաց հարվածներով կարճ ժամանակամիջոցում պարսիկներից ազատագրում են Արցախի և Ուտիքի բերդերը։ Շուտով Պարսկաստանում գահակալական կռիվներից