Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/160

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Լուսաբացին մի անգամ ձայն տալուց իսկույն վեր թռա և արագ հագնվեցի։ Բակում պապս հագցնում էր ձիու սանձը։ Քիչ հետո երկուսով նստեցինք ձին ու ճանապարհ ընկանք։

Երբ հեռացանք գյուղից, ամեն ինչ ինձ համար նոր էր և անծանոթ։ Իմ հարցերին վերջ չկար։ Ու դեռ մեկի պատասխանը չստացած, մյուսն էի տալիս, իսկ պապս դողդոջ ձայնով պատասխանում էր, երբեմն կանչում ձիու վրա ու սանձը ձգում, երբ ձին ոտքը դիպցնում էր քարին։

− Հրեն է՜, էն սպիտակ տունը, կտուրն էլ կարմիր,−ցույց տվավ պապս սարի գագաթից,− պրիստավն էնտեղ է նստում։

− Պապի, որ թագավորը գրած լինի, թե իրավունք եմ տալիս, քեռին քանի՞ օրում կգա։

− Մի աչքը ճպելում։ Թագավորի համար ինչ։ Ուզենա մի օրում հազար ոչխար մորթել կտա։

− Հազար ոչխա՜ր...

Քիչ հետո մենք սպիտակ շենքի մոտ էինք։ Ինչքա՜ն նորություն կար ինձ համար։ Այստեղ փողոցներն ավելի լայն էին, տներն ավելի գեղեցիկ։ Փողոցում շատ ժողովուրդ կար։ Խանութների առաջ մարդիկ խռնվել էին իրար՝ յուղ էին ծախում, կով, բուրդ, մեկը գովում էր իր ապրանքը, մյուսը բարձրաձայն սակարկում գնորդի հետ։ Մի քանի հոգի բարևեցին պապիս։ Այդ ինձ ուրախություն պատճառեց։

− Էս հեռու տեղը որտեղի՞ց են իմ պապիս ճանաչում,−մտածեցի ես։

Սպիտակ տան առաջ իջանք, ձին քաշեցինք բակի ստվերը։ Սանդուղքի վրա նստել էին գյուղացիներ՝ հայ, թուրք, ոմանք զրուցում էին իրար հետ, ոմանք պատի ստվերում պառկել էին, գլխատակին աղլուխի մեջ փաթաթած պաշարը։ Պապս մոտեցավ և խառնվեց նրանց։ Մի րոպե ես նրան իմ աչքից կորցրի. սիրտս ահ ընկավ և երբ տեսա նրա սև փափախը, կանչեցի.

− Պապի՜...

Ժպիտն երեսին մոտեցավ, պատվիրեց, որ ձիուն լավ նայեմ և չթողնեմ, որ մոտենա մյուս ձիերին։

− Քեզի քացի կտան, աչքդ վրան պահիր,−և հուսադրելու համար ասաց.−թե որ պատասխանը եկած լինի, քեզ համար խուրմա եմ առնելու...

Նրա խոսքը կիսատ մնաց, սանդուղքի գլխից մեկը կանչեց։

− Ադամով Արություն։

Ես տեսա, թե ինչպես պապս շտապեց արագ հասնելու սանդուղքին։