Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/191

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

− Փիսո՛․․․

Փիսոն մեջքը ուռցրեց, նրա ծովի գույնի մորթը, որ լույսի տակ ծխագույն էր, ալիքաձև շարժվեց, ուսերից մինչև պոչը։

Իսկ Լևոնը չշոյեց կատվի ուռուցիկ մեջքը։ Կատուն ցած թռավ թախտից և ծանր պոչը քարշ տալով դուրս եկավ սենյակից, իր կատվային դժգոհությունն արտահայտելով խռով քայլքով։

Լևոնը նստեց թախտի ծայրին։ Նա զգաց անտարբեր հոգնություն և ինչպես օտարական սկսեց դիտել իր բնակարանի իրերը։ Աչքն ընկավ կանաչ ծաղկամանին, որ կնոջ բազուկի ձև ուներ՝ բարակ մատները միացել էին իրար, կարծես նրանք կենդանի մատներ էին և բռնել էին դաշտային ծաղիկների փունջը։

Լևոնն ավելի խոր դիտեց ծաղկամանը։ Մինչ այդ՝ նա չէր նկատել, որ ծաղկամանը չի մերվում սենյակի մյուս իրերին,− կոշտ և չներկած սեղանին, երկաթյա մահճակալին, որի նման հազարները կան հիվանդանոցներում և զորանոցներում։ Իսկ գրքերի դարակին հենած հրացանն ուղղակի թշնամաբար էր թեքվել դեպի ծաղկամանը։ Փողի բերանը գազազած աչքի պես նայում էր կնոջ ապակյա մատներին։

Բոլոր իրերը իրենց կարճ և գորշ պատմությունն ունեին, բացի ծաղկամանը։ Եթե նրա սենյակի իրերն իրենց կյանքը պատմեին, մահճակալը պիտի ասեր, որ ինքը երկաթից է շինված, չորս տարի վրան պահել է վիրավոր զինվորների մարմինը։ Ապա նրա վրա պառկել է կուրսանտը, մի համագումարի պատգամավոր, հետո երեք ամիս ընկած է եղել ձյունի և անձրևի տակ, մինչև ընկեր Լևոնի գալը։ Թեթև նորոգումից հետո նա անխռով իր վրա պահում է Լևոնի չորս փութը։

Գրքերի դարակը կարճ կվերջացներ՝ «ուռի էի և դարձա դարակ»։ Սեղանը կգանգատվեր իր կոտրած ոտքից և մլեկներից, որոնք ձմեռը քնում էին նրա ճաքճքած տախտակների արանքում, որպեսզի ամառն անհանգստություն պատճառեն կենվորին։ Միայն մահճակալի տակ ընկած չեմոդանն ու կողովը կարող էին պատմել արկածներով լի ճանապարհորդությունների մասին։

Վերջապես պատից կախած մաշված գորգը կարող էր պարծենալ, որ իրեն գործել է Լևոնի մայրը, որ բարձր քարափների գլխին թառած գյուղում, արևի տակ իրեն փռում էին և հավերը կոխոտում էին, մի երեխա չորեքթաթ գնում էր հավերի հետևից, և երբ հավերը հեռանում էին, երեխան աշխատում էր բռնել արևի շողերի մի խուրձ, որ պսպղում էր գորգի վարդերի և նուռերի վրա։

Իսկ ծաղկամա՞նը...