Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/651

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կաշվի կտորներ։ Ներկարարները քացախած ներկերը թափում էին հենց արհեստանոցի առաջ և այդ գունավոր ջրերի գուբերից բարձրանում էր կծու գարշահոտ։ Նույնիսկ անտիրական շները, որոնք հարյուրներով էին վխտում մանավանդ ղասաբխանայում,− չէին մոտենում այդ աղտոտությանը և բաղնիսների տաք մոխրակույտը գերադասում էին բորբոսնած կաշվի դեզերից։

Հազարավոր արհեստավորների մեջ չէր կարելի տեսնել առողջակազմ և վարդերես մեկին։ Նրանք վտիտ էին, մեռելագույն և անկրակ աչքերով։ Միայն դարբիններն էին հաղթամարմին, բայց նրանք էլ կուզ էին. կայծերից այրված նրանց աչքերը ուռել էին ցավագար կարմրությամբ և ավելի ահարկու էին մրից սևացած երեսի վրա։ Ոմանք, ինչպես ներկարարները, համարյա ամբողջ օրը արևի երես չէին տեսնում, նրանք գետնի տակն էին, որտեղ թաղված էին ներկի խոր կարասները։ Մշտական խոնավության մեջ ներկերի թույնը հյուծել էր նրանց։ Նրանք ավելի նման էին վհուկների, որոնք գետնի խավարից երկար ձողերով դուրս էին քաշում վառ գույներով ներկած կերպասներ, կտավ և բրդե գործվածքներ։ Առավոտից մինչև մութը աշխատում էին, ոմանք՝ ինչպես կաշեգործները՝ մինչև ծնկները ջրի մեջ, ոմանք՝ գլուխը վեր չհանելով, ոմանք՝ թանձր ցեխի մեջ, ինչպես բրուտները։ Նրանք նման էին թիապարտների, որոնց անողոք կարիքը ցմահ շղթայել էր անուրախ և անհուսաշող կյանքին։ Շատ հազվադեպ էր հնչում երգը և եթե այնուամենայնիվ երգում էին, ապա կսկծում էին իրենց օրերի դառնությունը, երգում էին լացի և անել կյանքի երգը, սիրտ մաշող արևելյան մի երգ այն մասին, որ կյանքը փակ դուռ է, ուզում ես լաց եղիր, ուզում ես ծիծաղիր, միևնույն է, նա երբեք չի բացվի։ Եվ պատահում էր, որ մի ծեր դարբին ծանր մուրճին կռթնած լսում էր այդ երգը և կաշվե գոգնոցով սրբում կարմրած աչքերը։

Բայց միայն այդ չէր Երևանի հռչակավոր Չարսու բազարը։ Ավելի ճիշտ խլուրդի այդ բները ամենևին էլ բազար չէին համարում նրանք, որոնց կրպակները ծածկված շուկայում էին։ Նրանք ծաղրում էին այդ խեղճ արհեստավորներին և նրանց շուկան անվանում «Քյուլխանե», այսինքն մոխրանոց և կամ «Բիթ-բազար», այսինքն ոջլի բազար, որովհետև այդ արհեստավորները գործ ունեին չունևոր մուշտարիների հետ և բացի այդ, նրանց թաղումն էին գտնվում այն մանր սարաֆները, որոնք չնչին գնով գնում էին պարտքի տակ խեղդվող գյուղացիների վերջին թաղիքը, միթիլ վերմակը, չուխան։ Սակայն տարբերությունը միայն այն չէր, որ ծածկված չարսուի սովդաքյարները արհեստավորների շուկային անվանում էին «Բիթ-բազար», իսկ իրենցը՝ «Խան-բազար»։ Տարբերությունն