Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/127

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
Մ Ր Ո Ց

Մրոցը մի ուրույն աշխարհ է, և երբ ձորի ափով անցնում եք, մի անգամ էլ բարձրանում սարը և իջնում մի ուրիշ ձոր, այնպես է թվում, թե վերջին սարը ձեզ ծանոթ աշխարհի սահմանն էր, իսկ սարից դենը, դեպի ներքև, ընկած է անմարդաբնակ մի երկիր, որի անտառներում արջերը վայրի տանձ են հավաքում և լուսնյակ գիշերներին հաստաբուն կաղնիների մոտ գլորվում, կիսաչոր տերևների վրա արջապար խաղում։

Առաջին հանդիպած մարդն այն ձորում տարօրինակ է երևում, բայց շարունակեցեք կածանը, ձիու սանձը պինդ մի բռնեք, թողեք, որ հին կածանը 10 հոտոտելով ձեզ տանի Մրոց։

Եվ երբ անցնեք սրընթաց մի գետակ, նրա ափին այգիներ տեսնեք, անպատճառ շան հաչոցի ձայն պիտի լսեք, եթե օրը ցերեկով էլ լինի։ Մրոցի շներն զգաստ են, նրանց ժանիքները շատ անգամ են գայլի մաշկ քերծել։

Հաչոցի ձայնը լսում է ձին, ականջները խլշում, սմբակներն ավելի արագ են դոփում կածանի քարերին, ձին բնազդաբար պատկերացնում է ախոռը, մեջը լի գարի։

Ումից էլ հարցնեք, ոչ ոք ձեզ չի ասի, թե ինչու գյուղի անունը Մրոց է։ Գուցե տերտերը մի պատմություն անի այն մասին, թե ինչպես «անօրենների» հարձակման ժամանակ շատ դարեր առաջ իրենց պապերը փախել են մի ուրիշ 20 երկրից և պատսպարան գտել այդ հեռու ձորում,− գուցե տերտերը այդ փախուստի մասին պատմի, բայց այդ