Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/145

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Խոնարհ աղջիկը

Գարնանային առավոտը խոստանում էր պայծառ և արևոտ օր։ Կուշտ կերած մեր ձիերը արագ քայլերով բարձրանում էին քարոտ արահետը և ամեն քայլափոխին փնչում։ Քրտինքից խոնավացել էր ձիերի մուգ կապույտ վիզը։

Արահետն օձապտույտ ոլորվում էր։ Ինչքան հեռանում էինք գյուղից, այնքան ավելի խտանում էր անտառը, հանդիպում էինք հաստաբուն ծառերի, որոնց ճյուղերն իրար էին խառնվել և կախվել արահետի վրա։ Հաճախ էինք կռանում թամբից, գրկում ձիու վիզը, որպեսզի կախ ընկած ճյուղերը չքերծեին մեր դեմքը և փշերը չծակծկեին։

10 Լուռ էինք։ Ես մտրակի ծայրով զարկում էի ծառերի տերևներին, պոկում տերևները կամ թափահարում ծառի կախ ընկած ճյուղերը, և գիշերվա ցողը անձրևի նման թափվում էր ձիու վրա, ինձ վրա։

Ընկերս կամաց սուլում էր մի երգ և ձիու քայլերի համեմատ թամբի վրա օրորվում։

− Այս կածանով տասներկու տարի առաջ գնացի Ձորագյուղ,−ասաց ընկերս։ Թվում էր, թե ինքն իրեն էր խոսում։

Նայեցի նրան։ Ժպտում էր, կարծես միտն էր ընկել