Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/151

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Գյուղին չհասած, անտառի բացատում, չոր ճյուղերի կոտրատելու ձայն լսեցի։ Ինձ թվաց, թե պախրան եղջյուրներով ծառի ճյուղերը դեն է հրում, որպեսզի չոր տերևներ հանի ձյունի տակից։ Հետ նայեցի։

Ութ-տաս տարեկան մի տղա ցախ էր դարսում ձյունի վրա մեկնած պարանին։ Մի քիչ հեռու կանգնել էր մի աղջիկ՝ պարանի չափ բարակ ճյուղը ձեռքին։ Նրանք մեզ ավելի վաղ էին տեսել և կանգնած նայում էին։

Ահա այդ դեմքն է, որ մեխվել է հիշողությանս մեջ, թեև այն օրից անցել է տասներկու տարի և այն էլ ի՜նչ տարիներ։

Ընկերս լռեց, ես նրա դեմքին տեսա երանության նույն ժպիտը, ինչպես առաջին անգամ, երբ մենք դեռ բարձրանում էինք արահետով։ Ասես աչքի առաջ, ձյունոտ անտառում, տեսնում էր աղջկան, ձեռքին չոր ցախը։

— Տեսա ու կանգնեցի,— դանդաղ շարունակեց նա,— և թեպետ Անտոնն ասաց, թե ո՛ւմ աղջիկն է, ասաց, որ ցախի են եկել, բայց ես նրան չէի լսում։ Հիշում եմ, որ մի անգամ էլ, երբ բացուտն անցանք և իջնում էինք գյուղի կալերի վրա, հետ նայեցի։ Չգիտեմ աղջիկը ժպտաց, թե չէ, բայց ինձ այդպես թվաց։ Գլուխը խոնարհեց ու փշրեց ձեռքի բարակ ճյուղը։

Մեր տան պատշգամբից ես տեսա աղջկանը՝ ցախը շալակին։ Մեր հետքերով նրանք իջան կալերի վրա։ Մոխրագույն շորեր ուներ, գլխին՝ տանը գործած բրդե շալ։ Ես պատշգամբից նայում էի այն կողմը, իսկ Օհան ապերը ինձ հարցնում էր մոշահավի մասին, Աշոտը նրանց փետուրներն էր պոկում, ես կցկտուր պատասխան էի տալիս և աչքի տակով հետևում, թե ո՛ր տունը պիտի մտնի ցախով աղջիկը։

Որքան մեծ եղավ իմ ուրախությունը, երբ մյուս օրն իմացա, որ նրա փոքր քույրը սովորում է դպրոցում:

Հենց այդ օրից էլ գլխին կարմիր շոր կապած աղջիկը, որ մինչ այդ իմ քառասուն աշակերտներից մեկն էր,