Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/166

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Արևի առաջին շողերի հետ գոլորշի էր բարձրանում տերևների վրայից, ծաղիկների գունավոր թերթերից, արտերից ու այգիներից գիշերվա խոնավությունն էր գոլորշիանում։ Գլխահակ ծաղիկները բարձրացնում էին իրենց գլուխը, նայում արևին, որ կեսօրին, երբ արևը թեժանա, նորից խոնարհեն։

Լառ-Մարգարը գիշերվա ջրտուքից բեզարած պառկում էր բարդիների տակ, ոտ ու ձեռը փռում, լայն ու հանգիստ։ Բարդիների մոտ հերվա չորացած գերաններ կային, փչակով գերաններ։

Եվ երբ Լառ-Մարգարը պառկում է գերանների մոտ, բարդիների տակ, այնպես է թվում, թե ինքն էլ փչակով մի գերան է, չորացած բարդի։

Լինում էին օրեր, երբ Լառ-Մարգարը ջուրը տալիս էր հերթի համաձայն, ինքը չէր ջրում։

— Քեֆսըզ եմ,— կասեր և կպատվիրեր, որ հերթով ջրեն մինչև ինքը գար։

Առվի ափն ի վեր քայլում էր, մինչև մոտակա ձորակը, ուր ծիրանիներ կային։ Պառկում էր ծիրանու տակ կամ քնում ժայռի շվաքում, կամ էլ մեջքի վրա դառնում, ոտքերը ձգում, հսկա մկրատի պես։ Կարծես մեկը խաչել էր ծիրանու տակ։

Ծառի ճղների արանքից վեր էր նայում Լառ-Մարգարը երկնի կապույտին։ Մի ճերմակ ամպ, թափանցիկ ու անձև, հանդարտ լողում էր լազուրի մեջ։ Լառ-Մարգարին թվում էր, թե երկինքը մի հսկա տաշտ է, մեջը լի լեղակած ջուր և ամպը՝ լվացքի մոռացված կտոր տաշտի ջրի մեջ։ Լառ-Մարգարը նայում էր ամպի կտորին, ինչքա՜ն հանդարտ էր լողում, ձևը փոխում, մերթ պռունկը ձգում, մերթ ետ քաշում։

Եթե բարձրանար ամպի վրա, Լառ-Մարգարը հեռու սարերի ետև պահված իրենց գյուղը կտեսներ, կտուրները եղեգով ծածկած, գյուղի մոտ բարդիները, իր ծիրանուտը, տան դռնակը, որի մոտ կարասի կտոր կար, մեջը ջուր՝ հավերի համար։