Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/168

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Պապե՛, դհա կերթանք... Հո՜ ա՛ս ինչ երկեն գացինք, պապե...

Եվ երբ պապից պատասխան չէր ստանում, Թորոսիկը խռովկան էր դառնում, շրթունքը կախում, նայում սայլի վրայից գլխիվայր կախած հավերին։

Սայլը ճռնչաց շաբաթներ, փոշին ճամփի վրա անպակաս էր գիշեր-ցերեկ։ Ուրիշ ջրեր էին, ուրիշ երկրներ։ Մարգարը, ինչքան էլ խմում էր, ծարավը չէր հագենում։

Երբ շունչ առան մի ամայի ավազուտում, ոչ սայլ կար, ոչ զույգ եզները։ Փոքրիկ կապոցներ էին մնացել, Թորոսիկի երեսն արևն այրել, մաշկահան էր արել։

Պառավի մազերի վրա ճամփի փոշին նստել էր, մազերը դեղնել, աղոտ գույն էին ստացել։ Մարգարը տեսավ, որ աղետը կնոջ դեմքին նոր ակոսներ է ծրել։

...Լառ-Մարգարը երբ «քեֆսըզ եմ» կասեր և ծիրանուտի տակ պառկած՝ ցերեկվա շոգին ծիրանի ճղների արանքով կնայեր երկնքի կապույտին, ամպի սպիտակ քուլային, որ ճերմակ լաթի պես մեկ սուզվում էր, մեկ էլ պռունկները հանում, թռչուններին, որոնք բարձրում պտույտ էին անում և հազիվ երևում սև կետի չափ,— Լառ-Մարգարը մտաբերում էր հարավի ավազուտները, շարվեշար վրաններ, վրանների վրա գունավոր լաթեր, որ տարագիրները բերել էին հեռավոր գյուղերից։ Ավազուտի մեջ հատ ու կենտ ծառեր կային, որ Մարգարի աչքին մեծ ավելներ էին թվում՝ խրված ավազի մեջ։

— Քար պիլա չկա, մարդ, աս ո՞ւր բերին մեզ,— գանգատվում էր Մարգարի կինը, որ ամեն իրիկուն իր տան բանալիներին նայելիս ափսոսում էր հավերին, տանը թողած իրերը։

— Քար պիլա չկա, աս ու՞ր բերին մեզ,—գանգատվում էր Մարգարի կինը, որ ամեն իրիկուն իր տան բանալիներին նայելիս ափսոսում էր հավերին, տանը թողած իրերը։

− Գիտենայի նե, հետս կառնեի,—ասում էր։

Մի անգամ Մարգարը փորձեց որդու մասին խոսել, բայց պառավը փղձկաց, հեծկլտոցը կոկորդը սեղմեց, գոգնոցի ծայրով աչքերը սրբեց և պինդ, շատ պինդ գրկեց Թորոսիկին: Մարգարն էլ խոսք չասեց որդու մասին: