Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/198

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է

արևմուտք, ապա ձիերի գլուխը դարձրել են հյուսիս և բնակություն հաստատել այս բարձր լեռան վրա:

Իմ ծանոթը պատմում էր, որ ոմանք հին սերնդից հրաժարվում էին հերկել Ձյանբերդի հողերը, որովհետև նրա սահմաններում թաղված են և թուրքեր։ Որ դեռ երկար տարիներ նրանք իրենց մեռելները ուսերի վրա, լեռներից իջել են դաշտի գյուղերը, որպեսզի նրանց թաղեն հին վանքերի պատերի տակ։ Նա ասում էր, որ Ձյանբերդում ես կտեսնեմ շատ խաչեր՝ դռան ճակատին, եզների եղջյուրներից կախ, կավե կարասների վրա, թոնրի շրթունքներին, նույնիսկ այն խրտվիլակների կրծքին, որոնց ցցում են արտերում՝ ճնճղուկների դեմ։ Որ Ձյանբերդում ապրում է մունջ Սևդոն, որը հագնում է մազեղեն կոշիկ՝ «խարուկ», ինչպես Մոտկանա երկրում, որն «իր բերնին նալ է զարկել» և չի խոսում նրանց հետ, որոնք Մոտկանից չեն։

Ձյանբերդում միայն մի մարդ կա, որի առաջ խոնարհվում է համառ Սևդոն։ Այդ մարդը Հազրոն է, ինչպես անվանեց իմ ծանոթը՝ լեռան գյուղերի ամենալավ մարդը։

Բայց մեր զրույցը խանգարվեց, որովհետև լսվեց ոչխարների մայունի աղմուկը: Ազնոն տեղից թռավ, դուրս եկան և մյուսները, նրանց հետ՝ ես։

Լեռներից գյուղի վրա իջնում էին այծերի ու ոչխարների հոտերը։ Ի՜նչ աշխույժ աղմուկ էր, ի՜նչպիսի զվարթություն, կանչեր, շան կաղկանձ, պղնձե կովկիթների զրնգոց, բառաչ, մայուն և հովիվների սուլոցներ։ Կարծես ավար էին բերում գյուղը, և կին, աղջիկ, երեխա ու տղամարդ փողոցներից դեպի բակերն էին քշում այծ, ոչխար, հորթ։

Իմ ծանոթի բարձր կտուրից ես նայում էի Ձյանբերդին, Արարատյան դաշտին, որտեղ կանաչներով շրջապատված գյուղերը հետզհետե սուզվում էին երեկոյան մութի մեջ, և ավելի պայծառանում էին քաղաքների կրակները: