Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/203

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նոր թափով, որպեսզի վրիժառու լինեն ամոթի և պարտության համար։

Հազրոն նվագում էր իր ծիրանի փողը, նվագում էր նոր զվարթությամբ այն երգը, որ իբրև երիտասարդ ֆավն նվագել էր իր հայրենի քարանձավներում, այնտեղ, ուր ամպերը հյուղակներից ցածր են լողում և երբ զարկում է կայծակի լախտը, մի վայրկյան բռնկվում են ձորերը։

* * *

Նրանք գնացին։

Կտուրի վրա մնացինք Հազրոն և ես։ Տուն գնաց և այն փոքրիկ տղան, նրա թոռը։ Լուսնի տակ ես դիտում էի նրա կարմրավուն փողը։ Նա ծանր էր և կարծես ձուլված էր ծանր մետաղից։ Ես բռնում էի այդ փողը գիշերային զովի դիմաց, և փողը մեղմ քամուց մետաղի ձայն էր հանում։

Իսկ Հազրոն պատմում էր, որ իր կյանքում ամենածանր հարվածը եղել է կնոջ մահը։ Աղջիկն ամուսնացել է դաշտի գյուղում։ Պապի մոտ հաճախ է լինում այն փոքրիկ տղան, նրա աոաջին թոռը։

Աստղերի և լուսնի տակ փռվել էր Արարատյան դաշտը։ Մասիսների ձյունոտ գագաթների սպիտակ ցոլքը լույս էր գցում մինչև երկնքի խորքը։ Հեռվում, ուղտերի քարավանի նման ձգվել էին Հայկական պարի լեռները։

— Կտեսնե՞ս էն գուղ, կրակների ձախ կողմ։

Հովվական կրակների ձախ կողմը, դաշտի վրա երևում էր մի սև կետ։

— Հոնի զիմ նշանածն ա թաղուկ։

Երբեմն նա իջնում է լեռան գյուղից, վերցնում է չոր ցախ և կնոջ գերեզմանի գլխավերևը կրակ վառում։ Նա նստում է այնքան, մինչև հանգչում է կրակը, հետո տխուր նվագում է ծիրանի փողը և այն երգերը, որ նվագում էր իրենց հեռու երկրում, որտեղ ինքը հովիվ էր, կինը՝ գյուղական աղջիկ։ Հետո թեթև հոգով գնում է