Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/206

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ՆԱՄԱԿ ՌՈՒՍԱՑ ԹԱԳԱՎՈՐԻՆ

Իրիկնապահին՝ Արթին պապիս նստելու տեղը կամարակապ դարպասի նիշն էր, որի ներքևի մասը, գետնից մի մետրաչափ բարձր, կոկիկ տաշած էր, քարե աթոռի պես սարքած։

Կնստեր իր տեղը, կկռթներ հոնի կարմիր մակակին, գլուխը մի կողմի վրա կթեքեր և, եթե զրուցընկեր չունենար, ինքն իրեն կխոսեր ու քթի տակ կժպտար։ Երբ նա ժպտում էր, նրա կապույտ աչքերը փոքրանում էին, և աչքերի տակ շարվում էին բարակ կնճիռներ։

Դարպասի մոտ իրիկնապահին նստելը պապիս հին սովորությունն էր։ Կովերը արոտից էին տուն գալիս, վարից՝ հոգնած ու դանդաղ քայլերով եզները, պառավ ատամների տակ ծամելով ճամփի եզրից պոկած խոտը։ Ու նստած տեղից պապս մեզնից մեկին մի բան էր պատվիրում.

— Էգուց Ալա եզը վարի չտանեք,— կամ թե՝ — Մի տեսեք էն քուռակն ինչի՞ է կաղում։

Հետո պիտի վեր կենար, խոտը հոնի փայտով հավաքեր և մոտեցներ Ալա եզին կամ շոյեր քուռակի հիվանդ ոտքը։

Մութն ընկնելուց ժամի զանգերը ծլնգում էին։ Առաջին ծլնգոցին պապս փափախը կհաներ, կխաչակնքեր, թեկուզ այդ պահին կանգնած լիներ Ալա եզան մոտ։ Եվ խաչակնքելիս հոնի փայտը ձեռքից բաց չէր թողնում։