Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/207

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մենք բոլորս էլ գիտեինք, որ խաչակնքելուց հետո ձայն է տալու։

— Նազու աղջիկ, դռները բաց արա...

Նազու աղջիկը տատս էր, ծերությունից մի քիչ կռացած, ականջի մեկը խուլ։ Եվ Նազու աղջիկը դռնակը բաց էր անում, դռնակը ճռռում էր, ինչպես սայլի անիվը սառույցի վրա։

Դռան շեմքին նստելն ուներ և մի ուրիշ նպատակ։ Գյուղի մեծ փողոցը մեր տան առաջովն էր անցնում։ Ուրիշ գյուղից եկողը մեր տան կողքով պիտի գնար։ Հանդից տուն դարձողները՝ որը մի խուրձ խոտ շալակին, որը՝ լուծի կապերն ուսին ու բեզարած եզներն առաջն արած, որը՝ էշի վրա, ոտները գետնին քսելով,— մի խոսքով, իրիկնապահին ով անցներ փողոցով, պապիս պիտի ասեր «բարի իրիկուն»։ Պապս էլ նրանց պիտի հարցներ, թե վարը պրծա՞ն կամ թե այսինչ սարի խոտն ինչպե՞ս է։

Մի անծանոթ մարդ եթե անցներ փողոցով, պապս մեզանից մեկնումեկին շտապ կասեր.

— Հենց էր ղարիբ լիներ... Շուտ հասի կանչի, թող մեր տունը գա...

Վազում էինք և մինչև չիմանայինք, թե ո՞ւմ հյուրն է, նրան բաց չէինք թողնում։

— Պապի, էն ղարիբը Իսաջանենց ղոնաղն էր, նրանց տունը գնաց։

Եվ պապս պիտի միտք աներ, թե նորեկը Իսաջանենց որի՞ հյուրն է, ե՞րբ է եղել նրանց տանը, ի՞նչ ծանոթություն կար նրանց միջև։ Եթե կասկածեր, կնոջը պիտի հարցներ.

— Նազու աղջիկ, հերո՞ւ էր, թե մեկէլ տարին, էն որ Իսաջանենց Ադամի տղան սարուշենցի բրուտին կանչեց: Էն ղարիբը նմանեցնում էր բրուտին։

Տատս, եթե խուլ ականջն էր դարձրել նրա կողմը, պիտի գլուխը թեքեր, մի անգամ «հը՞» ասեր և ապա հայտներ իր կարծիքը սարուշենցի բրուտի մասին: