Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/238

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Իսկ Անդոն լուռ հավաքեց գրքերը։ Դասարանն սպասում էր։ Ուսուցիչը նորից պահանջեց, որ նա էլ միանա խմբին, որովհետև Անդոյի ձայնը զիլ է և քաղցր։

— Չե՛մ գա,— համառեց Անդոն։

Ուսուցիչը դասացուցակը ամբիոնին խփեց և գնաց ուսուցչանոց։ Որտեղ որ է կգա ավագ ուսուցիչը։

—Անդո՛․․․

— Ասացի չեմ գնա։

Մտնում է «ավագը»։ Նա նրան անվանեց կամակոր, համառ, պահանջեց, որ խմբին միանա։

— Դո՛ւրս կորիր այստեղից,— գոռաց «ավագը»։ Աղջիկներից մի քանիսը գունատվեցին։ Անդոն վերցրեց գրքերը և գլուխը բարձր բռնած անցավ նստարանների արանքով։

— Անպատկա՛ռ,— շպրտեց նրա հետևից «ավագը»։ Անդոն դասարանի դուռը պինդ փակեց։

...Մենք ուղեկցում ենք դագաղը։ Փոքրիկ փոս է։ Կարծես ծառ պիտի տնկեն։ Դագաղն իջեցնում են։ Հեռանում ենք. մնում են մայրը և հարևան կանայք։

Գերեզմանատանը շատ մանուշակներ են բուսել։ Մենք մոռանում ենք Նուշիկին և փնջեր ենք կապում։ Իբրև փոքրիկ գազան՝ պատի վրայից ներքև է թռչում Անդոն։ Աղջիկները նրանից փախչում են։

— Ես ուսումնարան էլ չեմ գնա՜,—տխուր կրկնում է իմ ընկերը։

  • * *

Քաղաքից խճուղին դուրս է գալիս, սլաքի նման ձգվում, կամուրջի մոտ կեռ տալիս, ապա ոլոր-մոլոր բարձրանում բարձր սարը։ Ու գնում է, գնում է խճուղին, ինչպես գետը, բազմաթիվ լեռնային արահետներ խառնվում են նրան, և ինչքան գնում է, այնքան շատ է ծեծված, այնքան հին է ճանապարհը, և բազմաթիվ բանակներ,