Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/241

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ձորի երկու ափին, այգիներ են՝ քարերի վրա, քարակույտերի մեջ։ Ձորը խոր է, ձորը տաք է… Մինչդեռ քաղաքի փողոցներում դեռ սևացած ձյուն կա, — ձորից տաք գոլորշի է բարձրանում և սառած օձերը պառկում են քարերի փափուկ մամուռի վրա։

Ձորն ահավոր է, ձորում ամայի տխրություն է։

Մի քանի քարափոր մարագներ կան, որոնց մեծ մասի դռները կանաչել են։ Նրանց տերերը վաղուց չկան, խոնավ քարայրները նրանց մահից հետո տաք հարդի շեղջակույտ չեն տեսել։ Մարագների առաջ հին թթենիներ են, դարձյալ անտիրական։ Ով սիրտ ունի, ոտքերի ջլերը պինդ են, իջնում է կեռմաններով, թափահարում թթենին, և քարերի վրա թափվում է սպիտակ, սև ու կարմիր թութը։

Այդտեղ են կարանները…

Բնական խոռոչներ են, որոնք խոր գնում են քաղաքի տակը։ Ո՞վ գիտե որտեղ է վերջը այդ մթին անցքերի։ Ամառվա շոգին այնտեղ սառն է, պատերը լպրծուն։ Բազմաթիվ ոսկորներ կան ներսը, ամբողջ կույտեր ժանիքների, ծնոտների, ողերի։ Դուք վառում եք կավե ճրագը և կռացած ներս մտնում, չոքեչոք գնում, քարերի վրայով մագլցում, կորչում քարի հետևը։ Դուք մեկնում եք ձեր ձեռքը մի դեղին կույտի, կարծում եք քար է, ձեր մատները խրվում են թաց ավազի մեջ, որ բարակ շերտով ծածկել է ոսկորների կույտը։ Եվ ճրագի լույսի տակ շողշողում է վարազի փայլուն ժանիքը ու սարսուռը քարայրի սառնության հետ թափանցում է ձեր ոսկորների մեջ։

Առաջներում քաղաքի տափարակը, մեր թաղերը, ամբողջ ձորը խիտ անտառ է եղել, մթին խոռոչներ ու թավուտներ։ Մարդուց առաշ ձորերում ապրել են գազանները, և քարայրները եղել են նրանց որջերը։

Արևը թեքվում է սարի հետևը։ Քաղաքում զարթնում է երեկոյան աղմուկը։ Զորանոցների կողմից լսվում է գիշերահավաքի փողի ձայնը… Բոլորովին մոտիկ կողպում