Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/252

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բառեր չկային և ինչի՞ էր պետք բառը, երբ այդ ձորում ամեն ինչ նրան ասում էր որդու մասին, նույնիսկ քարանձավի փակ դուռը, օջախի սևացած պատերը։ Մի՞թե բառը կարող էր անոթ դառնալ և պարփակել նրա հույզերը, որ խռնվել էին, ինչպես վերևում փոթորիկի հանդիպած կռունկների երամը:

***

Կարմիր բանակի 84-րդ բրիգադը վրան էր զարկել լեռնաշղթայի երկարությամբ: Հյուսիսից և արևելքից կարմիր գնդերը կիրճերով, ծերպերով առաջ էին գալիս, փշրելով սպարապետի զորամասերի հուսահատ դիմադրությունը: Արևմտյան ճակատում, ուր անխորտակելի պարսպի պես կանգնել էր 84֊րդ բրիգադը, առաջին թեթև ընդհարումներն էին։ Թնդանոթների երախները մունջ նայում էին քաղաքի կողմը։

Օղակված քաղաքը դարձել էր ռազմական ճամբար։ Ու թեև վխտում էին զինավառված խմբեր, գայլավաշտեր, սակայն նրանց բոլորի դեմքին խարանված էր անխուսափելի պարտությունը, ինչպես վախճանը՝ մահամերձի երեսին։ Մի կանաչ հիդրա ջղաձգությամբ շարժում էր ծանր մարմինը, կծկվում էր, ինչպես փախուստ փնտրող օձը։

Իսկ ռազմաճակատը մոտենում էր, ինչպես ամեհի ալիք:

— Գալիս են,— ասում էին իրար: Ոմանք ավելացնում էին «մերոնք», ոմանք՝ «նրանք», իսկ մնացածները միայն հաղորդում էին, որ գալիս են։

Գիշերը քաղաքում լույսեր չէին վառվում։ Լիալուսինն էր ցոլում պղնձյա լարերի վրա և պարտեզներում հոսող ջինջ առուների մեջ։

Ու մի օր, արևի հետ, թնդանոթի արկը թռավ քաղաքի վրայով և պայթեց զորանոցների մոտ։ Առաջին պայթյունը կարծես նրա համար էր, որ հաստատեր, թե գալիս են...