Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/276

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ու քայլում է, ձեռքերը գրպանը: Փայլում է և չի զգում, որ շաղ է նստում շինելի վրա, ցեխ է թռչում փեշերին։ Մի պատուհան բաց է… Լևոնը նայում է վերև։ Նրան դուր է գալիս, որ կենվորը գարնան այդ մշուշին բաց է արել պատուհանը, և մշուշը ներս է մտնում:

Ռադիոն երգում է բաց պատուհանից։

— Ուրեմն դեռ ուշ չէ,— մտածում է Լևոնը։ Մի քանի կանայք և տղամարդիկ ծիծաղելով անցնում են դեպի նոր տները։ Նրանք կինոյից են գալիս և ուրախ են, որ նոր տներում լուսավոր, ընդարձակ սենյակներ ունեն:

Լևոնը մեխվում է տեղը.

— Այ քեզ սատանա,— ասում է և շարունակում քայլերը:

Ռադիոյի աղջիկր երգում է.

Նռան կլեպ պռոշդ…
Նեյնիմ ամա՜ն - ամա՜ն…


Լևոնը դանդաղ է քայլում և ափսոսում է, որ այդ խոսքն ասաց: Նայում է աջ և ձախ։ Ո՞ւր է ծաղկած ծիրանիների փողոցը… Ձախ կողմն էլ բարձրացել են շենքեր, նույնիսկ բարձր տներ վարդագույն տուֆից, կապույտ բազալտից։ Ահա այն պայտաձև տունը… Տունը երկար-երկար պատշգամբներ ունի, հարյուրավոր պատուհաններ բացվում են փողոցի վրա։

Բայց ո՞ւր են ծիրանիները…

Կարծես երկար տարիների օտարությունից վերադարձել է և փնտրում է այն տունը, որտեղ անցել էր իր մանկությունը։ Փնտրում է և չկա, և որովհետև չկա, ավելի է բարձրանում նրա հուզմունքը, նրա կարոտը:

Մինչ այդ՝ նա երբեմն հիշում էր այդ փողոցը։ Այն միտքը, թե ծառերն ու կավե պատը և այն փոքրիկ պատշգամբը դեռ մնում են,— այդ ամենը հեշտ էին դարձնում մոռանալ Լուսիկի հետ կապված կյանքը։ Կուզենա՝ մի անգամ էլ կգա ծանոթ փողոցը: